Արտակարգ իրավիճակների նախարարը` գեներալի սպանության պատվիրատո՞ւ
Հունվարի 11-ին Ադրբեջանի ծանր հանցագործությունների գծով դատարանում սկսվել է գիտությունների ակադեմիայի նախկին աշխատակից Միրսեյֆեդդին Մամեդովի դատավարությունը: Նա մեղադրվում է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ Ռաիլ Ռզաևի սպանության (2009թ. փետրվարի 11-ին) գործով սուտ տեղեկություններ հայտնելու համար:
Musavat.com-ի համաձայն` Մ. Մամեդովը մեղադրվում է ոճրագործությանը 100-ից ավելի անմեղ մարդկանց մասնակից դարձնելու և թմրանյութերի վաճառքով զբաղվելու մասին իր հարևանների հասցեին սուտ տեղեկություններ հայտնելու մեջ:
Մի շարք փորձագետ-քննիչներ չեն բացառում, որ դեպքից անմիջապես հետո շահագրգիռ ուժերը Մ. Մամեդովին հարկադրել են ինքնակամ ցուցմունքներ տալ` դրանով հետաքննությունը հիմնական ուղուց շեղելու համար:
Թերթը չի բացառել նաև, որ գեներալը սպանվել է արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի հետ վիճելու պատճառով:
«Սպանությունից որոշ ժամանակ առաջ գեներալ Ռ. Ռզաևը հրամայել էր իջեցնել օդային տարածքը խախտած այն ուղղաթիռը, որը տեղափոխում էր Հեյդարովին և նրա մերձավորներին: Բացի դրանից, Ռ. Ռզաևը շինարարական բիզնեսում մասնաբաժին է ունեցել և հաշվետվություն չի ներկայացրել այդ բիզնեսը մենաշնորհած արտակարգ իրավիճակների նախարարին: Ուշագրավ է, որ Մ. Մամեդովի վերջին աշխատատեղը եղել է հենց այդ նախարարությունը, ինչն էլ վկայում է, որ գեներալի սպանության հետքերը տանում են արտակարգ իրավիճակների նախարարություն»,-գրել է musavat.com-ը:












