Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

ԱՄՆ-ն կարող է փոխել հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի տրամաբանությունը

Սեպտեմբեր 7, 2009թ. 13:56

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին շրջանի ակտիվացումը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան դիվանագիտական շրջանակում: ԱՄՆ պետքարտուղարությունը, որը բավական լուրջ ջանքեր է գործադրել Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման ուղղությամբ, լիովին գիտակցում է, որ արևմտյան դիվանագիտությունը մեծ հաջողություններ կունենա Հարավային Կովկասում, եթե Հայաստանին հնարավորություն տրվի բեռնափոխադրումներ իրականացնել նաև Թուրքիայի տարածքով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազեցմանը, ինչը, ամերիկացի դիվանագետների կարծիքով, կարող է հնարավոր դարձնել Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխումը դեպի Արևմուտք:

Սակայն վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունների նկատելի ջերմացումը լուրջ անհանգստություններ է առաջացրել Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում: Վաշինգթոնում զգում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է ընթանալ նաև ռուս-թուրքական որոշակի պայմանավորվածությունների շրջանակում: Այդ դեպքում Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը կբերի միայն Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության մեծացմանը, մի բան, որի դեմ բավական երկար ժամանակ պայքարել է արևմտյան քաղաքական միտքը` հստակորեն գիտակցելով, որ այդ դեպքում Արևմուտքի հլու կամակատար Թուրքիան կարող է վերաճել տարածաշրջանային լուրջ դերակատարի, որի շահերը հարկ կլինի արդեն հաշվի առնել:

Ելնելով վերոնշյալից` ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն այսօր հստակ խնդիր ունի մինչև վերջ հասկանալու տարածաշրջանային նոր քաղաքական զարգացումների էությունը: Այդ իսկ պատճառով, պետքարտուղարությունն ակտիվացրել է իր դիվանագիտական կազմի աշխատանքները Հարավային Կովկասի երկրներում և, մասնավորապես, Թուրքիայում: Սեպտեմբերի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը այցելել է Վրաստան, որտեղ նա հանդիպել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովի հետ: Մամուլում նշվում է, որ վրացի և ամերիկացի դիվանագետները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների ներկայիս փուլը: Սակայն այն փաստը, որ Վրաստանից անմիջապես հետո Մարի Յովանովիչը մեկնել է նաև Թուրքիա, կասկածի տեղիք չի տալիս, որ Թբիլիսիում նա վրացական կողմի հետ քննարկել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը: Իհարկե, այս միջնորդական գործով կարող էր զբաղվել և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը: Սակայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օգոստոսյան պատերազմից հետո նրա հարաբերությունները սրվել են Վրաստանի ղեկավարության հետ, ինչի հետևանքով Թեֆթը կարող է հեռանալ տարածաշրջանից (շրջանառվում է դիվանագիտական գործունեությունը Ուկրաինայում շարունակելու տարբերակը), ապա հասկանալի է դառնում, թե ինչու է հենց Յովանովիչը հանդիպել Վրաստանի փոխարտգործնախարարի հետ:
Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Մարի Յովանովիչին նախապատրաստում է տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ստանձնելուն:

Ինչպես արդեն ասացինք, սեպտեմբերի 5-ին Մարի Յովանովիչը մեկնել է Թուրքիա: Նույն օրը Անկարա են ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարության երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Ուիլյամ Բեռնսը և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քայդանովը, ով բոլորովին վերջերս այդ պաշտոնում փոխարինեց Մեթյու Բրայզային: Անկարայում դիվանագետները քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը:

Ակնհայտ է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը Անկարա է ժամանել երկու նպատակով. նախ, որպեսզի տեղեկացնի իր վերադասներին Հայաստանում և Վրաստանում տիրող տրամադրվածություններին` կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի հետ: Եվ երկրորդ, որպեսզի այդ գործընթացի աոնչությամբ հստակ ցուցումներ ստանա ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ:

Ամերիկյան դիվանագիտական դեսանտի հայտնությունը Թուրքիայում վկայում է միայն այն մասին, որ պետքարտուղարությունը տարածաշրջանային զարգացումները վերահսկելու լուրջ նպատակներ է հետապնդում: Կախված թուրք-ամերիկյան բանակցությունների ոգուց` հնարավոր է ԱՄՆ-ն փորձի շտկումները մտցնել ինչպես Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմանի հարաբերություններ հաստատելու գործընթացում, այնպես էլ ընդհանրապես, տարածաշրջանային քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ:

Մի բան պարզորոշ է. պաշտոնական Վաշինգտոնը, որն արդեն 15 տարի է, ինչ ակտիվ մասնակցություն ունի Հարավային Կովկասում ընթացող գրեթե բոլոր քաղաքական գործընթացներին, չի կարող թույլատրել, որ հարավկովկասյան տարածաշրջանային հարցերը հանգուցալուծվեն առանց իր մասնակցության: Ի թիվս այլ խնդիրների, դա վերաբերում է նաև հայ-թուրքական և ադրբեջանա-արցախյան հակամարտություններին: Ուստի, համոզված ենք, որ շուտով ԱՄՆ-ն իր դիրքորոշումը կներկայացնի հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների շուրջ: Ամենևին բացառված չէ, որ այդ դիրքորոշումը կարող է ամբողջությամբ փոխել հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս տրամաբանությունը:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`