Գլխավոր » Լրահոս

Հայերը շրջանցեցին ճգնաժամը ու վերադարձան

Հունվար 13, 2010թ. 16:02

Ամեն տարվա պես` 2009թ. դեկտեմբերի վերջին օրերին հայերս, կարծես մի անհայտ ուժի հրահանգով, դատարկեցինք մեծ ու փոքր խանութները, ներողություն, մինի և սուպերմարկետները: Թե քանի հազար տոննա մթերք իրացվեց` հայտնի չէ, սակայն անցնող տարվա վերջին օրը կրկին արձանագրվեց, որ ամանորյա սեղանների ոտքերը մի կերպ դիմացան բազմատեսակ կերակուրների ծանրությանը: Համաշխարհային ճգնաժամն ու  գործազրկությունը հերթական անգամ ոչ մի նշանակություն չունեցան:

Արտերկրից Հայաստան ժամանած հյուրերն այս անգամ էլ շփոթահար եղան հայաստանաբնակներիս առատաձեռնությունից: Կասկած չկա, որ նրանք, վերադառնալով, իրենց հայրենակիցներին կհավատացնեն, որ  Հայաստանն է աշխարհի այն միակ երկիրը, որտեղ ճգնաժամը չի ներխուժել:

«Հրաշագործները» ամեն գնով հայթայթեցին ամանորյա սեղանի համար պահանջվող գումարը: Շատերը նույնիսկ վարկ վերցրեցին, պարտք արեցին,  խանութում «նիսյա» ապրանք վերցնողների շարքում հայտնվեցին, որ հարևան-բարեկամից հանկարծ հետ չմնան:

Չնայած  հայ սպառողների  «փող ճարելու» ջանքերին, խանութպանները, միևնույնն է, դժգոհ էին առևտրից: Պարզեցինք, որ Երևանի մի շարք խանութներ պարտքով ապրանք են տվել, որպեսզի հաճախորդ պահեն ու դիմանան, այսպես կոչված, սուպերմարկետների հետ մրցակցությանը:

Այսպիսի խանութների տերերը, հասկանալի է, աչքի առաջ որոշակի վտանգ տեսնում են, սակայն կյանքի պարտադրանքը դա է:

2009թ. վերջին տասնօրյակը շատ-շատերն ապառիկով տնտեսական ապրանքներ էլ ձեռք բերեցին: Այս իմաստով նույնպես աննախադեպ հաջող վաճառք գրանցեցին վաճառականները: Գովազդն ու զեղչերը գայթակղեցին մարդկանց:

Անցան տոնական օրերը, եկավ սթափ դատելու, խրախճանքներում վատնածը փոխհատուցելու դաժան ժամանակաշրջանը: Շատ ընտանիքներ կկանգնեն օրվա հացը հայթայթելու խնդրի առաջ: Եթե նկատի ունենանք, որ 2010թ. Հայաստանում տնտեսական փոքր-ինչ բարելավման հնարավորությունը հավասար է 0-ի, ապա պարզ կդառնա, որ այդ խնդիրը լուծելու 3 եղանակ կա. արտերկրի հարազատների օգնությունը, ծայրահեղ խնայողությունը կամ էլ որևէ թանկարժեք բան ջրի գնով վաճառելը:

Իսկ ընդհանրապես, դեռ ձմռան կեսին չհասած` նախորդ տարվա կուտակածի գերակշիռ մասն սպառելը հակաբնական է: Ձմեռը գոյատևելու ամենադաժան շրջանն է, նույնիսկ «քաղաքակիրթ» մարդու պարագայում, և ցանկացած շռայլություն պետք է դիտել որպես անմտություն:

Բնությունը քնած է, սպասում է գարնան շնչին, և ամեն անգամվա պես այդ հանդիպումը կլինի գեղեցիկ ու ներդաշնակ: Մարդու գործն այլ է. ձմռան սկզբում հրավառություններ արած, եղած-չեղածը վայելած ու արդեն սնանկացած, հոգնած է դիմավորելու Զարթոնքը:

Հոգնած  մարդը` գործատեր ու բանվոր, նախարար ու վարչության պետ, հողագործ, գարունը դիմավորելու է այն համոզումով, որ կրկին կուտակելու է, իր նմանին «քցելու» է, որպեսզի կազմ ու պատրաստ դիմավորի գալիք Նոր տարին:

Լիլիթ Պողոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն