Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն

Ականատեսների վկայությունները. Հետադարձ հայացք

Հունվար 13, 2010թ. 17:20

126338742896Բաքվի զանգվածային ջարդերից մազապուրծ ողջ մնացածների հիշողության մեջ միշտ թարմ կմնա այն զարհուրելի կոտորածը, որ խուժանի միջոցով իրականացրեց Ադրբեջանը Բաքվի հայության նկատմամբ:  Այդ օրերին իրենց տեսածն ու ապրածն են ներկայացնում Էդիտա Արուտյունովան և Էլյանորա Ավանեսովան:

«Մեր ընտանիքի գլխին այդ փորձանքը եկավ 1989-ի դեկտմբերի 25-26-ին, – պատմում է Էդիտա Արուտյունովան: Քանի որ մենք հնարավորություն չունեինք փախչելու, մնացինք մինչև վերջ: Ես կորցրեցի 16-ամյա եղբորս: Նրան դաժանորեն սպանեցին:

Տղաներին գողացան բակից:  2-ը կարողացան պրծնել նրանց ձեռքից` ներկայանալով որպես ադրբեջանցիներ, իսկ իմ եղբորը չհավատացին. բաց թողնելու համար փրկագին էին պահանջում, ժամառժամ գումարի չափն ավելանում էր` 15հզ դոլար, 20հզ դոլար:

Ոստիկանությունն էլ մեր տանը նստած էր, սպասում էինք զանգի, որպեսզի պայմանավորվեինք, տայինք փրկագինը: Հաջորդ օրը` առավոտյան, եղբորս դիակը գտանք մանկապարտեզի բակում: Նրան դանակի  7 հարված էին հասցրել, մարմնի տարբեր մասեր կոտրված էին: Եղբորս սպանության կսկիծից  հայրս մահացավ: Մնացինք մորս հետ միայնակ: Հունվարի 7-ին Բաքու-Երևան չվերթի վերջին ինքնաթիռով տեղափոխվեցինք Հայաստան: Դա զարհուրելի էր. միայն տեսնողները կհասկանան, թե ինչ էր դա:

Էլյանորա Ավանեսովան էլ իր պատմությունն ունի.

«Ես ժամանակին եմ դուրս եկել Բաքվից, 1988-ի նոյեմբերի վերջին: Տեղափոխվեցի Սպիտակ ու կրկնակի տուժեցի երկրաշարժից: Այնտեղ բարեկամներ ունեի: Ես մասնգիտությամբ մանկավարժ եմ: Այն դպրոցում, որտեղ պետք է աշխատեի, չհասցրեցի  աշխատել: Քանի որ ապրելու տեղ չունեի, վերադարձա Երևան: Սակայն նշեմ որ, դեռ 1988-ի փետրվարին Բաքվում արդեն զարհուրելի իրադարձություններ էին տեղի ունենում:

Այն ժամանակ աշխատում էի ակադեմիայում: 270 գիտական աշխատակիցների  մեջ միայն ես էի հայ: Ես այնտեղ աշխատել եմ, բայց մշտապես զգուշացել եմ. իմ հոդվածները հրապարկվում էին այլ ազգանունով: Այդ խմորումները եղել են շատ վաղուց: Բայց ոչ ոք չէր սպասում, որ Սումգայիթից հետո կարող է Բաքվում էլ նույնը կատարվել: Մտածում էինք` Սումգայիթը փոքր քաղաք է… Բայց  կես միլիոնանոց Բաքվում 200 հազար հայ էր ապրում: Երբ սկսվեցին հայերի խոշտանգումները, սպանությունները, վախենում էինք փողոց դուրս գալ: Իմ եղբայրը մինչև վերջ մնաց Բաքվում: 1990-ի հունվարին նա տանիքով է փախել` թողնելով ամեն ինչ: Պատմում էր, թե ինչպես էին մարդկանց ողջ-ողջ գցում խարույկի մեջ: Խոսքերով չես ներկայացնի: Նրանք ցուցակներով մտնում էին հայերի բնակարաններն ու  տանում նրանց: Ղարաբաղը առիթ էր, Բաքվի կոտորածն իրագործելու համար»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն