Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

FREEDOM HOUSE. «Ադրբեջանը շարունակում է մնալ ոչ ազատ երկիր»

Հունվար 13, 2010թ. 17:30

Freedom HouseFreedom House միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան հաշվետվությունը ժողովրդավարության և քաղաքական իրավունքների բնագավառում աշխարհում տիրող իրավիճակի մասին:

Կազմակերպությունը գտնում է, որ ազատությունների հետ կապված իրավիճակն աշխարհում վատթարացել է, և անցնող տարին համարվում է այդ ոլորտում անկման ամենաերկարատև ժամանակաշրջանը: Անկում է արձանագրվել, առաջին հերթին Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և ԱՊՀ երկրներում:

Ըստ Freedom House-ի, դասակարգման194 երկրներ բաժանվել են երեք խմբի՝ ազատ, մասնակի ազատ և ոչ ազատ: Վերլուծությունը ցույց է տվել, որ անցյալ տարվա համեմատ ոչ ազատ երկրների թիվն ավելացել է 5-ով՝ 47 երկիր, իսկ ազատ երկրների թիվը նույնն է՝ 89 երկիր:

Ադրբեջանական լրատվամիջոցները ցավով նշում են, որ սույն հաշվետվությունում Հայաստանն ու Վրաստանը դիտվում են որպես մասնակի ազատ երկրներ, իսկ Ադրբեջանը՝ ոչ ազատ, որտեղ  «մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը տարեցտարի վատանում է»:  Ընդ որում, առանձին նշվել է Լեռնային Ղարաբաղի մասին, որը դիտվում է որպես մասնակի ազատ տարածք: Աբխազիան նույնպես համարվել է մասնակի ազատ, իսկ Հարավային Օսեթիան՝ ոչ ազատ:

Ադրբեջանական կայքերից մեկն իր ընթերցողներին հիշեցրել է Freedom House-ի «սկանդալային» քարտեզի մասին, (խոսքը վերաբերում է Հայաստան-Ղարաբաղ միասնական քարտեզին) որի առնչությամբ պաշտոնական Բաքուն մեծ աղմուկ (վայնասուն- Ռ.Ա.) էր բարձրացրել, և գոհունակությամբ նշել, որ այսօր Freedom House-ի կայքում այն ներկայացված է որպես Ադրբեջանի տարածք՝ մոռանալով, որ անգամ դրանից հետո միջազգային կազմակերպությանը  առանձին նշել է Լեռնային Ղարաբաղի մասին, որն ի տարբերություն Ադրբեջանի՝ մասնակի ազատ է համարվում:

Ոչ ազատ երկրների շարքը գլխավորում են Բիրման, Հյուսիսային Կորեան, Տիբեթը, Լիբիան, Սուդանը և Սոմալին: «Ազատությունն աշխարհում» հաշվետվության մեջ Ուզբեկստանն ու Թուրքմենիան գրավում են ամենավերջին հորիզոնականը:

Հաշվետվությունում Թուրքիայի մասին  նշված է, որ Սահմանադրական դատարանի կողմից «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակումը բացասաբար անդրադարձավ այդ երկրի ազատության վրա:

Ռուզաննա Ավագյան


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն