Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Մշակույթ

ՀՀ Մշակույթի նախարար. «Թուրք նախարարը նման հայտարարություն չպետք է աներ»

Հունվար 13, 2010թ. 19:38

hasmik poghosyan«Այս փուլում, երբ ամեն ինչ արվում է, որ հարաբերությունները բնականոն իրենց հունով զարգանան, այդ կարգի հայտարարությունները չեն կարող օգուտ բերել: Ես չեմ կարծում, որ այս փուլում կարելի է նման հայտարարություններ անել»,- այսօր «Արմենպրես» գործակալության հետ զրույցում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսպես է արձագանքել օրերս թուրքական լրավտամիջոցների տարածած այն տեղեկատվության առթիվ, ըստ որի` Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին չի վերաբացվելու ժամերգությունների համար ու գմբեթին խաչ չի տեղադրվելու:

Աղբյուրի հաղորդմամբ, նախարարն ափսոսանք է հայտնել թուրք գործընկերոջ հայտարարության առթիվ, և նշել, որ երբ դիվանագիտական հարաբերություններ չկան, հայկական կողմը որևէ ձևով ազդել չի կարող այդ որոշման վրա, բայց այն հակասում է ընդհանուր գործընթացին և այն խնդիրներին, որոնց միտված է երկու երկրների քաղաքակունությունը: «Եթե նման որոշում է կայացվել, մնում է միայն ափսոսալ: Մշակույթն իր ճանապարհը միշտ գտնում է, հասարակական մակարդակով հարաբերությունները զարգանում են, բայց պետական մակարդակով կարելի է միջպետական կարևորագույն խնդիրներ լուծել, որը դեռևս իրականություն չի դառնում, թեև տարբեր ճանապարհներով, հասարակական դաշտի միջոցով փորձ է արվում այդ հարթության վրա համագործակցությունը պահել»,- ասել է Հասմիկ Պողոսյանը` միևնույն ժամանկ նշելով, որ իր ձեռքի տակ որևէ փաստաթուղթ չկա, որը կհաստատի Թուրքիայի իր պաշտոնակցի հայտարարությունը:

Թուրքական «Միլիեթ» թերթի էլեկտրոնային կայքի հաղորդմամբ` Թուրքիայի  նախարարն այդ հայտարարությունն արել է ի պատասխան «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Վանից ընտրված պատգամավոր Օզդալ Ուչերի այն հարցադրման, թե ինչ աշխատանքներ են տարվում Սուրբ Խաչի գմբեթին խաչ տեղադրելու և եկեղեցին վերաբացելու ուղղությամբ: Թուրքական թերթի հաղորդմամբ, Է.Գյունայը նշել է, որ եկեղեցին համարվում է նախարարությանը կից թանգարան և շարունակելու է գործել բացառապես զբոսաշրջային այցելությունների նպատակով: Իսկ ավելի վաղ Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն հավաստիացնում էր, թե 2010 թվականին սեպտեմբերի 12-ին Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար: Նա ընդգծում էր, որ Մշակույթի նախարարության հետ անհրաժեշտ թղթաբանությունն այդ կապակցությամբ արդեն արված է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն