Ուրարտական ամրոցը օգնություն է խնդրում
Կարմի բլուրը թաղված է շինարարական աղբի մեջ
Կարմիր բլուրի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, նախ ձեռքը տարավ դեպի սիրտը, ապա գլուխն ու ասաց. «Ուրարտուի պատմության շուրջ հարկ է ոչ միայն սրտոք, այլև մտոք դատել»:
Մի շարք երիտասարդական կազմակերպություններ «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ հանդիպում էին կազմակերպել Աշոտ Փիլիպոսյանի հետ, ով պատմեց նախ ամրոցի, ապա ներկա վիճակի մասին:
Երևան քաղաքի հարավարևմտյան կողմում` Հրազդանի ձախ ափին է գտնվում ուրարտական երբեմնի վսեմաշուք Թեյշեբայինի աստծուն նվիրված ամրոցը` այսօրվա Կարմիր բլուրը, որն ուներ 40 հա տարածք և շուրջ 20.000 բնակիչ: Այն կառուցվել է Ք. ա. 650-640 թթ. Ռուսա երկրորդի օրոք, երբ ուրարտական պետությունը վերելք էր ապրում: Այդ ընթացքում Էրեբունիից Թեյշեբայինի ամրոց են տեղափոխվում Էրեբունու գանձերը:
Ք. ա. 6-րդ դարի սկզբին սկյութական և մարական զորաբանակները, փորձելով հիմնահատակ կործանել Վանի թագավորությունը, պաշարել են ամրոցը և չկարողանալով գրավել` հրկիզել են այն, որի արդյունքում քաղաքը «նստել» է` պահպանելով իր տեսքն ամբողջությամբ: Պեղումների ժամանակ անգամ մեկ սենյակից մինչև 1036 ամբողջական սափոր է գտնվել, իսկ մնացած կահ-կարասիից դատելով կարելի է նկարագրել այդ օրերի կենցաղը:
Կարմիր բլուր հնավայրը հայտնաբերվել է միայն 1930-ականներին այն բանից հետո, երբ տարածքում գտնվել է սեպագիր արձանագրության մի հատված և ուղարկվել Լենինգրադ` փորձաքննության: Հնավայրի 1/3-ը պեղվել է 1930-1971 թթ.-ին Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանի տնօրեն Բորիս Պյատրովսկու ղեկավարած հնագիտական արշավախմբի կողմից, իսկ մնացած մասը թողել են հետագա սերունդների համար:
Այսօր ամրոցի վսեմության և տարածաշրջանում գերակայող դիրքի մասին կարելի է դատել դեռևս տասնամյակներ առաջ արված պեղումների հետևանքով տեսանելի դարձած կառույցների միջոցով, իսկ հուշարձանի գրեթե ողջ տարածքով թափված աղբն այսօրվա իրականության արտացոլումն է:
Շուրջ 30 տարի այնտեղ շինարարական աղբ է կուտակվում, իսկ 90-ականներից աղբի թիվն աննախադեպ չափով մեծացել է: Այսօր հուշարձանի տարածքում շուրջ 1.000 բեռնատար մեքենա աղբ է կուտակվել, որը մաքրելու համար 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է պետք:
Պարզվում է, որ տարիներ շարունակ կուտակված աղբը կարելի է օգտագործել որպես հիմք նորակառույց շենքերի համար, սակայն դա երկարաժամկետ ծրագիր է, իսկ աղբից ազատվելու առավել արագ այլ տարբերակ ևս կա: Ա. Փլիպոսյանն առաջարկում է տեխնիկայով աղբը հրել հնավայրի տարածքից դուրս, ծածկել սևահողով և բուսականությամբ պատել: Երիտասարդներն առաջակեցին անգամ սեփական ուժերով աղբահանություն իրականացնել, սակայն Ա. Փիլիպոսյանն անհանգստացած էր հուշարձանի նկատմամբ ոմանց անտարբեր վերաբերմունքով:
Ամեն օր այնտեղ աղբ է թափվում, բայց ոչ մի օր այն դուրս չի բերվում: Չի բացառվում, որ նման ընթացքի դեպքում ուրարտական հնավայրից այն վերածվի Նուբարաշենի աղբավայրի, եթե մենք շարունակնեք նույն անտարբերությամբ գործել:
Սակայն աղբի գոյությունը Կարմիր բլուրին սպառնացող երեք վտանգներից միայն մեկն է: Երկրորդ վտանգը հանգուցյալներն են: Այսօր Կարմիր բլուր ասելով շատերը պատկերացնում են ոչ թե ուրարտական ամրոցը, այլ ամրոցի հարևանությամբ, որոշ տեղերում անգամ ամրոցի հողերը գրաված գերեզմանատունը: Տարիներ շարունակ` 1996-2007թթ.-ի ընթացքում, հուշարձանի տարածքից զավթվել է շուրջ 1.2 հա տարածք և վաճառվել հանգուցյալների բարեկամներին: Միջին հաշվարկով գերեզմանոցի սեփականատերը հուշարձանի հաշվին ստացել է 3-5 միլիոն դոլարի շահույթ: Սակայն 2007 թ.-ին Էրեբունի թանգարանի Կարմիր բլուրի տնօրինության կողմից նշագրվել են բոլոր առկա գերեզմանաքարերը և կանխվել է գերեզմանատան հետագա մեծացումը հուշարձանի հաշվին:
Հուշարձանին սպառնացող երրորդ վտանգը ապագայում պլանավորվող Արգավանդը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի ֆեդերացիային կապող ճանապարհի հիմնումն է: Քննարկվել են ճանապարհի անցկացման բազմաթիվ տարբերակներ, և համաձայնություն է ձեռք բերվել սյուների վրա ճանապարհ հիմնելու շուրջ: Չնայած այն բավական թանկ կարժենա, սակայն հակառակ դեպքում վճարվելիքն առավել շատ կլինի: Սակայն դա չի նշանակում, թե սյուները լինելու են պատահական վայրերում: Նախապես պեղվելու է տարածքը, և եթե այդ վարերում հայտնաբերվեն գերեզմաններ, որոնք հնարավոր է ուսումնասիրել և փակել, ապա ճանապարհը կկառուցվի, իսկ եթե այդ հատվածում շինություն լինի, ապա ամեն կերպ Ա. Փիլիպոսյանը և նրան աջակցող երիտասարդները պատրաստ են խոչընդոտել ճանապարհի կառուցմանը:
Ճանապարհը հիմնելու դեպքում հուշարձանն առավել լավ կերևա վերևից, իսկ օրինակ զբոսաշրջիկները տարածքը տեսնելու համար կօգտվեն <<օդային>> ճանապարհից:
Աղբաթափումն ու գերեզմանոցի մեծացումը որոշ չափով հանարվոր կլինի կանխել, եթե հուշարձանը պաշտպանվի պարսպով: Սակայն այս դեպքում չի բացառվում, որ աղբը թափվի անգամ 1.5 մետր բարձրությամբ պարսպից ներս և վերջինիս գոյությունը գրեթե զրոյանա: Դրա համար նախ պետք է գիտակցել, թե ինչ ունենք մենք և թե ինչի են պատրաստ մեր պատմությունը յուրացնելու փորձ ունեցող օտարները` սեփական տարածքում նման հուշարձան ունենալու համար: Ա. Փիլիպոսյանը ցավով նշեց, որ Թուրքիայում ուրարտական հուշարձանների պաշտպանությանը շատ մեծ ուշադրություն է դարձվում: Նրանք ունեն ուրարտագիտական կենտրոն և հմուտ մասնագետներ:
Հետ չմնալու և ունեցածը ըստ արժանվույն ներկայացնելու և պաշտպանելու համար Ա. Փիլիպոսյանը կարևորում է ՀՀ-ում ուրարտագիտական կենտրոնի գոյությունը, որի համար շուրջ մեկ միլիոն դոլար է հարկավոր: Ուրարտագիտական կենտրոնը լինելու է երկու հարկանի`շուրջ 1400 քմ մակերեսով, ունենալու է ուրարտական սեպագրերի ուսումնասիրման, հնամարդաբանության, ուրարտական նյութերի վերականգնման, առասպելաբանության և հնագիտության բաժիններ:
Դրանք դեռևս ծրագրեր են, իսկ այսօր ունենք այն, ինչը դեռ հնարավոր է փրկել և պետք է փրկել:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ












