Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն

Հայության պառակտումն անթույլատրելի է

Հունվար 14, 2010թ. 11:30

Դավիթ Ջամալյան

հոգեբանական գիտ. թեկնածու

Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները հայության շրջանում բուռն արձագանք ստացան: Ծավալվել և ծավալվում է հուզականորեն հագեցած քննարկում` հայության համար ցավոտ մի շարք խնդիրների, այդ թվում` ցեղասպանության վերաբերյալ:

Հարկավոր է հաշվի առնել, որ ցեղասպանության տրավման հայության հոգեկերտվածքի մի մասն է, հավաքական հոգեկան տրավմա, որն ակտիվացել է այս քննարկումների հետևանքով: Դրանով է պայմանավորված նաև սույն քննարկումներում բուռն հուզականության անխուսափելիությունը:

Հոգեբանական գիտությունը հոգեկան տրավման կամ խեղումը մեկնաբանում է իբրև մի տպավորություն, որը բուռն բացասական հուզականություն է առաջացնում ամեն անգամ, երբ մարդն այն վերհիշում և վերապրում է: Ցեղասպանությունը հայության համար լոկ պատմական իրադարձություն չէ, այն հոգեկան տրավմա է, հոգեխոցիչ տպավորություն, որն իր մեջ կրում է յուրաքանչյուր հայ` անկախ այն բանից, թե որ սերնդին է պատկանում: Հատկապես նշենք. ցեղասպանության տրավման չի վերաբերում միայն ողբերգության ականատեսներին: Այն առկա է և ցավոք դեռ առկա է լինելու հայության թե ներկա, թե ապագա սերունդների մոտ: Այդպիսին է խմբային հոգեկան տրավմայի դաժան օրինաչափությունը:

Որպես հուզականորեն հագեցած հոգեկան կազմավորում` ցեղասպանության տրավման ակտիվանալու և ծանր ապրումների տեղիք կտա ամեն անգամ, երբ ստեղծվի ցեղասպանության եղելության վիճարկման անգամ չնչին փորձ: Ավելին. հոգեխոցիչ իրադարձությունները վերհիշելը, դրանք նորովի վերապրելը ավելի է խորացնում Ցեղասպանության խմբային տրավման: Ասվածը վերաբերում է ողջ հայությանը` թե Սփյուռքում, թե Հայաստանում: Բայցևայնպես, օտարության մեջ լինելու բերումով սա ավելի ակնբախ է սփյուռքի մեր հայրենակիցների մոտ: Հայրենազրկման զգացողությունը մեր ազգի այս հատվածի հոգեկանում շատ ավելի վառ է արտահայտված, քանի որ, որքան էլ սփյուռքահայը ինտեգրված լինի իր բնակության երկրի հասարակությանը, միևնույն է հայրենիքի կորստյան զգացողությունը նրա ներաշխարհում մշտապես ներկա է: Ընդ որում, խոսքը այս կամ այն չափով վերաբերում է սփյուռքահայերի բոլոր սերունդներին, իսկ ապրումների սրությունը կախված է յուրաքանչյուր անհատի էթնիկական ինքնանույնացման աստիճանից: Որքան էլ որ այս ապրումները ցավագին են, այնուամենայնիվ, դրանք ինչպես Հայաստանում, այնպես էլ, առավել ևս` Սփյուռքում էթնոպաշտպան ֆունկցիա են կատարում` զգալիորեն դիմադրելով ուծացման վտանգին:

Ահա այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ այսօր մեզանում նկատվող խիստ վտանգավոր որոշ զարգացումների, որոնք սպառնում են հայության միասնությանը:

Վերջին շրջանի իր ելույթներում նախագահ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ ստորագրված արձանագրությունները բնավ չպետք է ընկալել իբրև ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դրա հետևանքների վերացմանը ուղղված գործընթացը կասեցնող գործոն, և որ ընդհակառակը հարկավոր է բազմապատկել այդ ուղղությամբ հայության ջանքերը: Ակնհայտ է, որ ներկայիս աշխարհաքաղաքական` գնալով ավելի ու ավելի բարդացող պայմաններում, դրա իրականացման գրավականը սփյուռքի և հայատանաբնակ հայության միասնությունն է: Հետևաբար, հարկավոր է կանխել հայության պառակտումը և հակահարված տալ դրան ուղղված ցանկացած փորձիՄինչդեռ այսօր հայության ներուժի ջլատման վտանգը ցավոք միանգամայն իրատեսական է: Այն, որ Հայաստան-Սփյուռք միասնության ներուժից թուրքական կառավարող վերնախավը վտանգ է զգում և ապագայում էլ զգալու է` ակնհայտ է: Ակնհայտ է նաև ՀայաստանՍփյուռք պառակտման ուղղությամբ տարվող թուրք ղեկավարության հետևողականության ջանքերը:

Ահա այդպիսի մի հոգեբանական դիվերսիա է Հայաստանի գործերին սփյուռքի հայության «չխառնվելու» մասին թուրքական ղեկավարության «հորդորները»: Սակայն շատ ավելի ցավալի և վտանգավոր է այն, որ մեզանում ոմանք միանգամից կուլ են տալիս այդ խայծը` տրվելով ներկա զարգացումներում Սփյուռքի դերը երկրորդական համարելու թուրքական բավականին դիպուկ սադրանքին: Հայության պառակտմանն ուղղված թուրքական հոգեբանական դիվերսիան հստակորեն հաշվարկված է: Այն նպատակ ունի սոցիալական խնդիրներ ունեցող հայաստանաբնակ հայերին հակադրել սփյուռքի սոցիալապես ավելի ապահով հայությանը, իսկ հեռահար ազգային խնդիրները հակասության մեջ դնել ներկա սոցիալական խնդիրների հետ: Թուրքական դիվերսիայի հիմքում հետևյալ հաշվարկն է. իր բարձրաստիճան ղեկավարության շուրթերով շրջանառության մեջ դնել «Սփյուռքի` Հայաստանի խաղաղ, կայուն զարգացման խոչընդոտ լինելու» դիրքորոշումը, որն արդեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող հայաստանյան հանրույթի շրջանում կտարածվի ռեզոնանսի եղանակով, աստիճանաբար թափ հավաքելով ու վերածվելով կայուն խմբային դիրքորոշման:

Թուրքական հոգեբանական այս դիվերսիայի հեղինակները գիտակցում են, որ Հայաստանում անպայման կգտնվեն այնպիսիք, ում այդ դիրքորոշումները ճիշտ կթվան, և որոնք էլ կվերածվեն այդ գաղափարները կրողների ու քարոզողների: Թուրքական հոգեբանական դիվերսիան հիմնվում է հայաստանյան հանրույթին հատուկ որոշ իրողությունների վրա: Այսպես. տարբեր մշակութային միջավայրերում ձևավորված մեր հայրենակիցների միջև առկա են որոշակի լեզվամշակութային տարբերություններ, որոնք փոխադարձ ընկալման ընթացքում երբեմն առաջացնում են խորթության որոշակի զգացում: Բացի այդ, հայաստանաբնակ հայերի մոտ որոշ իռացիոնալ դժգոհություն է առաջացնում սփյուռքահայերի ավելի բարձր կենսամակարդակի փաստը: Դրան գումարվում է այն մտայնությունը, որ թեև սփյուռքահայերը չեն կրել նորանկախ Հայաստանի առաջին տարիների զրկանքները, բայցևայնպես հավակնում են հայրենիքի ճակատագրի հետ կապված հարցերում լիիրավ մասնակից լինել: Այդ իռացիոնալ դժգոհությունը ամբողջանում է մեզանում սփյուռքահայի կերպարի մասին մի շարք կարծրատիպերում, որոնք որոշակի անբարյացակամություն են ստեղծում սփյուռքահայերի հանդեպ: Այս նրբերանգները, բնականաբար, չեն վրիպում թուրքերի ուշադրությունից: Շեշտենք. թուրքական հոգեբանական այս դիվերսիան կառուցված է այդ կարծրատիպերը Հայաստանի հանրույթի գիտակցության մեջ ակտիվացնելու, ուժգնացնելու և որպես հետևանք` սփյուռքահայության հանդեպ անհանդուրժողականություն սերմանելու հաշվարկի վրա:

Եթե թշնամու այդ հոգեբանական դիվերսիան, թեկուզ փոքր չափով, հաջողություն արձանագրի, ապա մեզանում սփյուռքն օտարելուն միտված հռետորաբանությունը կդառնա շոշափելի ու կտա իր պտուղները: Հասկանալի է, որ դա կջլատի հայության ուժերը:  Հետևապես, նախագահին սատարել ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ դա հակասում է ցեղասպանության ճանաչման գործում ջանքերի բազմապատկման նախագահի դիրքորոշմանը, ինչը ենթադրում է  հայության ուժերի մոբիլիզացիա: Մինչդեռ` «Սփյուռքի գործը չէ» նմանատիպ դատողությունները հանգեցնում են ճիշտ հակառակին, խորացնում են սփյուռքի մեր հայրենակիցների մոտ ցեղասպանության տրավման և վտանգում նախագահ Սարգսյանի նախաձեռնությունների հաջողությունը:

Նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում երկրի ղեկավարությունը գնում է մեծ ռիսկի` ակնկալելով լուրջ օգուտներ Հայաստանի համար: Նման պայմաններում հայության միասնությունը դառնում է օդ ու ջրի պես անհրաժեշտ: Հայթուրքական երկխոսության ողջ ընթացքում երկրի ղեկավարությունը կարիք է զգալու հայության հնարավորինս մեծ հատվածի աջակցությունը` առավել վստահ ու սկզբունքային դիրք որդեգրելու համար: Ստորագրված արձանագրություններում առկա են լուրջ մտավախություններ և ռիսկեր: Եվ որպեսզի դրանք հետագայում չդառնան իրականություն` հարկավոր է ապահովել երկրի ղեկավարությանը հետագա շփումներում վստահ ներկայանալու, անթույլատրելի զիջումների չգնալու համար անհրաժեշտ հոգեբանական մթնոլորտ:

Կրկնում ենք. թուրքերը շատ լավ են հասկանում, թե Հայաստանի ղեկավարության համար ինչ մեծ նշանակություն ունի համայն հայության միասնական կամքին դեմ չգնալու փաստարկը հետագա բանակցություններում զիջումների չգնալու համար: Նրանք հրաշալի գիտեն, որ  դիվանագիտական հարաբերություններում դա լուրջ ու ծանրակշիռ կռվան է ու այդ պատճառով հենց այսօրվանից քայլեր են ձեռնարկում հայկական կողմին այդ կռվանից զրկելու համար:  Այս տեսակետից թե Հայաստանում, թե Սփյուռքում ժողովրդական բողոքի ալիքը միայն կարող է օգնել գործին:

Թշնամու հետ հարաբերվելը հեշտ չէ, բայց անհրաժեշտ է: Այս կապակցությամբ արժե հիշել հայտնի ճշմարտությունը. մի արա այն, ինչ ցանկանում է թշնամին այն պարզ պատճառով, որ նա այդ ցանկանում է:

Հատուկ ArmAr.am-ի համար


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն