«Աշխարհի ճանապարհներն» անցնելու են Քաշաթաղի շրջանո՞վ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Եվրոպային է առաջարկել «Աշխարհի ճանապարհներ» վերամբարձ անվանումը կրող մի ծրագիր, որը թուրքական կողմը կոչում է դարի նախագիծ: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտնել է, որ Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջևանով և Թուրքիայով անցնող ճանապարհը Ադրբեջանն ու Հայաստանը կմիացնի Եվրոպային:
Սակայն, ըստ երևույթին, թուրք դիվանագետը մոռացել է այն փաստը, որ իր երկիրը Եվրոպայի մաս չի կազմում: Եվ դժվար թե մոտ ապագայում թուրքերի այդ երազանքն իրականություն դառնա: Բայց դա, այնուամենայնիվ, չի խանգարում Թուրքիայի ԱԳՆ-ին նման հավակնող ծրագրեր ներկայացնել Եվրոպային և Հայաստանին:
Մեկնաբանելով «Աշխարհի ճանապարհներ» նախագծին վերաբերող որոշ մանրամասներ` Դավուդօղլուն ասել է, որ «Թուրքիայի նպատակն է լիովին փոխել աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական իրավիճակը Կովկասի տարածաշրջանում»: Այստեղ Թուրքիայի արտգործնախարարն արդեն լիովին անկեղծ է: Իհարկե, թուրքական դիվանագիտությունը չի պատրաստվում բավարարվել այն դերով, որը նա ունի մեր տարածաշրջանում: Անկարայում վստահ են, որ Թուրքիան Հարավային Կովկասում շատ ավելի մեծ ազդեցություն ունենալու ներուժ ունի: Սակայն այդ գործում նրանց խանգարում է Հայաստանը` հայերի Ցեղասպանության ճանաչման իր պահանջներով: Այդ իսկ պատճառով թուրքական կողմը շարունակում է հանդես գալ այնպիսի կեղծ խաղաղասիրական ծրագրերով, ինչպիսին, օրինակ, «Աշխարհի ճանապարհներն» են: Սակայն, կասկածից վեր է, որ Թուրքիայի այս նոր նախագիծը կարժանանա նույն ճակատագրին, ինչ որ Կովկասում խաղաղության և համագործակցության պլատֆորմն էր:
armarlur.com
Թեգեր` Քաշաթաղ












