Հայոց Ցեղասպանության բանաձևի աջակից Ջորջ Ռադանովիչը որոշել է հեռանալ Կոնգրեսից
Ներկայացուցիչների տան անդամ, հանրապետական Ջորջ Ռադանովիչը, ով միշտ նեցուկ է կանգնել Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևերին և ով գործուն աջակցություն է ցուցաբերել հայության խնդիրների լուծման աշխատանքներին, տարեվերջին հայտարարել է, որ իր պաշտոնավարության այս շրջանի ավարտին հեռանալու է Կոնգրեսից:
Այս առթիվ, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը մի հաղորդագրություն է հրապարակել, ուր անդրադարձել է Ռադանովիչի հայանպաստ գործունեությանը, գնահատել այդ ուղղությամբ նրա հարուստ վաստակը և հաջողություն է մաղթել նրան:
Ռադանովիչն իր որոշումը կայացրել է, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ տրամադրել քաղցկեղից տառապող իր կնոջը խնամելու համար:
2000 թվականին Հայոց Ցեղասպանության բանաձևի Կոնգրեսի կողմից հաստատման աշխատանքի գլխավոր շարժիչ ուժերից մեկը հանդիսացող Ռադանովիչն իրեն փոխարինելու համար պայքարող թեկնածուներից որպես հարմար թեկնածու նկատի ունի Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Ջեֆ Դենհեմին, ում հայտնել է իր զորակցությունը:
Ի դեպ, թուրքական կայքերը մեծ ուրախությամբ են ազդարարում Ռադանովիչի պաշտոնավարության սպասվող ավարտի մասին …
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












