Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հաղթենք` առանց իրար ոչնչացնելու

Հունվար 14, 2010թ. 13:30

erevan. docԱվիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Եթե ապագայի պատմաբանները անդրադառնան Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման հիմնահարցերին, ժամանակի պարզաջրում հստակ արտացոլանքով տեսնեն ու գնահատեն մերօրյա իրադարձությունները, դեպքերն ու դեմքերը, վերլուծեն պատմական-քաղաքական  պատճառներից մինչև պատմական- քաղաքական հետևանքներ բարդ ու հակասական ճանապարհը, անպայման արձանագրելու  են հասարակության քաղաքացիական դիրքորոշման և համազգային հոգեբանության միջև եղած կապի խզումը: Ցավալի մի երևույթ, որ մեր պատմության ընթացքում դրսևորվել է վտանգավոր հաճախականությամբ` վնասելով, իսկ երբեմն նաև կործանելով մեր պետականությունը:

Ժամանակի գնահատումը մշտապես  վերապահված է ապագային, ինչը պայմանավորում է պատմագիտական հայացքի «սառնությունը» և սթափությունը, հնարավոր դարձնում պատմական օրինաչափությունների  վերհանումը: Սակայն ժամանակի բուն ոգուն հասու են միայն  տվյալ ժամանակում  ապրողները, որոնք եթե  նույնազգային ամբողջականության մեջ են, ուրեմն և գտնվում են անցյալի դասերի և սերնդեսերունդ գոյության` ժառանգած պարտադրանքի  շրջանակներում: Պարտադրանք, որ իրականանալի է միայն համազգային հոգեբանության  և հասարակության  քաղաքացիական  դիրքորոշման  համապատասխանության  ու փոխկապվածության դեպքում:

Վերլուծելով անցյալը, գնահատելով և  հնարավորության  սահմաններում խորանալով  պատմական  իրադարձությունների «հերթափոխի» մեջ` հայերս հաճախ ենք կանգնում մեզ համար  ցավալիորեն  անխուսափելի հարցականների առջև` «մի՞թե այս բանը չի գիտակցվել»,  «մի՞թե այս վտանգը չի նկատվել», «մի՞թե հնարավոր չի եղել ելք գտնել», մի՞թե…Եվ ամենացավալին ու գրեթե միշտ` «մի՞թե հնարավոր չի եղել միասնական լինել, ինչո՞ւ են այրվել կամ այրել միասնության ու համախմբման բոլոր կամուրջները»: Եվ չենք հասկանում, չենք կարողանում հասկանալ, թե այդ ինչպես է եղել, որ խամրել կամ չի գիտակցվել Հայրենիքի շահը, չի ընկալվել ու միասնության չի մղել համազգային նպատակը: Դատում ու գնահատում ենք միայն տեղի ունեցած իրադարձություններով` ուղենիշ ունենալով միայն եղածն ու հետո եկածը, պատճառն ու հետևանքը, քանի որ հասու չենք կարող լինել ժամանակի բուն հոգեբանությանը, ոսկորների կույտը մարդ դարձնող միս ու արյունին, հասարակությանը  հասարակություն պահող և ապագա  ապահովող ազգային հոգեբանության` տվյալ ժամանակին բնորոշ  դրսևորումներին:

Բայց վստահ ենք ու հաստատ համոզված մի բանում` բոլորը` պաշտոնյա թե անպաշտոն, աշխարհիկ թե հոգևորական, ծեր թե ջահել, պարտավոր էին միասնական լինել, պարտավոր էին ամեն ինչ անել Հայրենիքի ամբողջական լինելիության, ապահով գոյության համար:

Այստեղից  էլ սրբացումը Վարդանանց, ծնրադիր աղոթքը և պաշտամունքը Հայրենիքի համար իրենց ու ոչինչ չխնայած բոլոր հերոսների հանդեպ: Մինչև մեր օրերը, մինչև Ազատամարտ և Ազատամարտիկ: Այստեղից էլ դավաճանի և խանգարիչի պիտակը բոլոր նրանց , ովքեր չեն գիտակցել կամ «յուրովի» են գիտակցել Հայրենիքի կռիվը` այն համարելով ուրիշինը, իսկ իրենցը` ժամանակի դափնիները, անձնական բարեկեցությունը:

Բայց այդ  սթափ ու ճշմարիտ  հայացքը, որով գնահատում ու վերջնական  որակումներ ենք տալիս  անցյալ իրադարձություններին ու դեմքերին, պիտի կարողանանք  ուղղել նաև մեզ, բոլորիս  անխտիր, որպեսզի հետագա սերունդները այսօրը գնահատելիս  չկրկնեն անցյալին ուղղած մեր հարցը` «մի՞թե հնարավոր չէր…»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն