Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Առաջին քննությունը՞, թե՞ հերթական նախազգուշացումը

Հունվար 14, 2010թ. 14:50

qami2010 թվականը բավական լուրջ փորձությամբ մեկնարկեց: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերվա ուժեղ քամին հանկարծակիի բերեց շատերին: Շատերին, բայց ոչ Փրկարար ծառայությանը: Որ ուժեղ քամիներ են սպասվում, այստեղ արդեն գիտեին մոտ մեկ օր առաջ: Առանց ուշացնելու` ծառայության ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հրահանգները:

«Մեզ նախօրոք զգուշացրել էին: Մեր արագ արձագանքման խմբերը պատրաստության բարձր մակարդակի էին բերվել»,- մանրամասնում է Շուշիի հրշեջ փրկարար մասի պետ Արմեն Հարությունյանը:

Նախորդ քամու դասերն այստեղ չեն  մոռացել: Փրկարար խմբերն այդ ողջ ընթացքում շրջել են քամուց տուժած բնակավայրերում: Հունվարի 3-ին`վաղ առավոտյան,Շուշիում էր նաեւ հանրապետության վարչապետը: Կառավարության ղեկավարի հանձնարարականով ստեղծվեց հանձնախումբ` քամու պատճառած վնասները հաշվարկելու եւ դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»:

Հանրապետության տարածքում քամու ուղեգիծը բավական որոշակի է գծագրվել: «Տուժել է Շուշիի շրջանը, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանը, Կարմիր Շուկան, Տողն ու Տումին»,- նշեց ԼՂՀ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը:

Քամու հասցրած վնասները զգալի էին: Տարբեր աստիճանի վնասներ են կրել 286 անհատական բնակելի տներ եւ 21 հասարակական եւ վարչական շենքեր: Նախնական տվյալներով, վնասը կազմում է 115.7 մլն դրամ:

Բնության այս հերթական քմահաճույքը ծանր հետևանքներ է ունեցել Շուշիի շրջանի համար: Ինչպես նախորդ, այս անգամ եւս քամին չէր խնայել հինավուրց բերդաքաղաքը:

Ասենք, հետտոնական օրերին մայրաքաղաքը եւս զգալի խնդիրներ ունեցավ: Քամու պոռթկումներից չխուսափեց անգամ մայրաքաղաքի գլխավոր տոնածառը: Բայց հոգսը միայն դա չէր:      Ստեփանակերտում եւս մեծ թվով առանձնատներ էին տուժել քամուց: Իսկ ամենից ավելի տուժել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքը:

Քամու հետեւանքների վերացումն անհրաժեշտ էր սկսել առանց հետաձգելու: Բարեբախտաբար, եղանակը լրացուցիչ դժվարություններ չստեղծեց:

Շուշիում վերանորոգման աշխատանքներն արդեն  մոտենում են ավարտին: Շուշիի քաղաքապետի խոսքերով, արդեն ավարտվել է աշխատանքների 70-80տոկոսը:

Իրավիճակը հուսադրող է նաեւ մայրաքաղաքում: Այստեղ էլ աշխատանքներն ավարտվում են` վստահեցնում է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Ավագյանը:

Հանրապետության գյուղական բնակավայրերից ամենաշատը  Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղն է տուժել:

Իսկ Շուշիի շրջանում քամուց տուժած գյուղերի ցանկը Քարինտակն է գլխավորում:

Տուժած առանձնատների խնդիրն այլ կերպ կկարգավորվի. վերանորոգման աշխատանքները կիրականացվեն սեփականատերերի ուժերով, իսկ պետությունը կաջակցի շինանյութով:

Իսկ թե ինչպես խուսափել նմանօրինակ հետագա անակնկալներից` երկրորդ կարծիք չկա: Պատասխանը, տարիների փորձն այդ է հուշում: «Պարզապես պետք է վերանորոգման աշխատանքներն այնպիսի որակով իրականացնել,  որ հաջորդ անգամ ավելի պատրաստ լինենք նման փորձությանը»- գտնում է Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը:

Ինչեւէ, քամու պատճառած վնասները վերացվում են: Դրանից ծնված մտահոգությունները, սակայն, չեն նվազում: Փաստը, որ այս անգամ «ավելի էժան պրծանք», մեծ մասամբ նաեւ նրանով էր պայմանավորված, որ հունվարյան քամին իր ուժով զգալի չափով զիջում էր նախորդին:

Տարեսկզբին քամու նոր պոռթկումները մի անգամ եւս ստիպեցին մտածել` ինչ է փոխվել այս ընթացքում, եւ որքանով ենք ավելի պատրաստ նման իրավիճակներին:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն