Ղարաբաղյան գործընթացքում դրական դինամիկա կա
«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ տարվող գործընթացում լճացում չկա, հակառակը` կա դրական առաջընթաց», – այսօր
հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացել է 9-ը հանդիպում, որոնցից 6-ը` երկկողմանի, իսկ երեքը եռակողմ` ռուսական կողմի նախաձեռնությամբ:
«Այդ հանդիպումների քանակը արդեն իսկ խոսում է այն մասին, որ գործընթացքում դրական դինամիկա կա»,- նշեց նախարար Նալբանդյանը, և հավելեց, որ, եթե նախորդ տարվա դրական դինամիկան պահպանվի, ապա «դա կօգնի կողմերին հասնել հակամարտության կարգավորմանը»:
Նալբանդյանը հիշեցրեց, որ կան ընդունված շատ հայտարարություններ, որոնց համաձայն հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով` հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը փաստեց, որ այդ հայտարարությունների տակ դրված է եթե ոչ Ադրբեջանի ստորագրությունը, ապա այդ երկրի անունը:
«Հայաստանը միշտ էլ կողմ է եղել խաղաղ կարգավորմանը: Եվ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք, խոսում ենք ու երբեք էլ հանդես չենք եկել պատերազմ սկսելու, ուժ կիրառելու սպառնալիքներով»,- հավելեց նախարարը:
ArmAr.am












