ՌԴ ԱԳ նախարար. «Լեռնային Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը չի կարող հաշվի չառնվել»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Էդվարդ Նալբանդյանի հետ մեկուկես ժամ տևած բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում ասել է. « Ռուսաստանը որևէ կապ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կայունացման գործընթացի և ղարաբաղյան հակամարտության միջև: Փորձել արհեստականորեն իրար կապել այս երկու հարցերը, կարծում եմ, կոռեկտ չէ։ Մենք ընդունում ենք, որ երկու գործընթացներն էլ արժանի են աջակցության, սակայն արհեստական նախապայմաններ առաջ քաշելը սխալ է»:
Ռուսաստանի արտգործնախարարը վստահեցրեց, որ իր այցը Երեւան նախօրոք ծրագրված էր եւ որեւէ կերպ կապված չէ Թուրքիայի վարչապետ Էրդողանի Մոսկվա կատարած այցի հետ։
Սերգեյ Լավրովի խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը երկու երկրների գործն է, սակայն որքան արագ կարգավորվեն հարաբերությունները, այնքան լավ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մոսկվան պատրաստ է աջակցել գործընթացին` տարբեր ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու միջոցով, որոնցում շահագրգռված են Հայաստանը և Թուրքիան։
«Դա կարող է լինել ե՛ւ էլեկտրաէներգիայի մատակարարում Հայաստանից Թուրքիա, ե՛ւ երկաթուղային հաղորդակցության վերականգնում։ Այնպես որ, եթե կողմերը պատրաստ լինեն, Ռուսաստանը ուրախ կլինի գործընթացին իր ներդրումը բերել», – ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը՝ Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը որեւէ շահ չի հետապնդում, բացի «խաղաղ պայմանագրի՝ երկուստեք ընդունելի սկզբունքներ մշակելուն աջակցելուց»:
«Մենք ելնում ենք նրանից, որ պայմանագրի մշակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը չի կարող հաշվի չառնվել», – հավելեց Լավրովը:
ArmAr.am












