Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ

Սամվել Մարտիրոսյան. «Բաքուն մի քաղաք է, որտեղ մեկ անգամ չէ, որ հայկական ջարդեր են կազմակերպվել»

Հունվար 15, 2010թ. 10:33

samvel martirosyan

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ

-Բաքվի ջարդերը հայաթափության գագաթնակետն են համարվում: Չպետք է  մոռանալ, որ Բաքվի ջարդերը Սումգայիթի շարունակությունն էին: Արցախյան ողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն էր`  իրականացնել էթնիկ զտումներ։ Անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին, Ադրբեջանի բոլոր ղեկավարները Ղարաբաղյան հակամարտության լուծումը համարել են հայաթափությունը, և այն գլուխ բերելու համար դիմել են բոլոր հնարավոր միջոցներին`  տեղահանությունից մինչև ֆիզիկական բնաջնջում։ Ուսումնասիրելով ղարաբաղյան հակամարտության պատմությունը համոզվում ես, որ ադրբեջանական իշխանությունների նպատակը եղել է հայկական բնակչության ոչինչացումը։ Եվ ուր մտնում էր ադրբեջանական բանակը՝  դաժանաբար ոչնչացնում էր հայկական բնակչությանը:

Հետևապես,  Բաքվի ջարդերը ևս մեկ քայլ էին հայկական հարցն Ադրբեջանում վերջնականապես լուծելու համար:  Սումգայիթի ու Կիրավաբադի իրադարձություններից հետո Բաքվի դեպքերը ինչ-որ չափով  կանխատեսվում էին` թե’ հայերի, թե’  ռուսների ու հրեաների կողմից, ովքեր նույնպես ընկան այդ հարվածի տակ։

– Ժամանակին Մոսկվան  չտվեց կատարվածի գնահատականը, հասկանալի է` դա Կենտրոնին ձեռնտու չէր: Գնահատական տալու իմաստով` ժամանակը բաց չե՞նք թողել:  Այդ իրադարձությունները դիտարկելով ՄԱԿ-ի` 1948 թ. Ցեղասպանության մասին Կոնվենցիայի լույսի ներքո, համոզվում ես, որ դրանք լիովին համապատասխանում են  Կոնվենցիայի դրույթներին, հետևապես, Բաքվում տեղի ունեցածը ցեղասպանություն էր։

-Ժամանակ չենք կորցրել այն առումով, որ նմանատիպ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Անկասկած` այդ իրադարձություններն ամբողջովին համապատասխանում են ՄԱԿ-ի վերոնշյալ  Կոնվենցիային: Մի քանի օր շարունակ  Բաքուն վերածվել էր ջարդերի «բեմահարթակի»։ Այո, Բաքվում ցեղասպանություն է իրականացվել։ Պարզ է, որ ադրբեջանական նորօրյա պատմիչներն ի~նչ ասես չեն հորինում, և փորձում ուշադրությունը շեղել դրան հաջորդող իրադարձությունների վրա, մասնավորապես, խոսում  ԽՍՀՄ բանակի` Բաքու մուտք գործելու մասին: Իհարկե, այդ բանակը ինչպես միշտ, այս անգամ էլ հայտնվեց խիստ ուշացումով…      Սովետական բանակը միշտ գործում էր պոստ- ֆակտում սկզբունքով,  և երբ արդեն հարցը լուծված էր, հայտնվում էր ու պատժում մյուս կողմին։ Նույնը եղավ Բաքվում. ռուսական զորքը մտավ Բաքու և հանդիպեց Ադրբեջանի ազգային ճակատի  դիմադրությանն ու գործի դրեց կոշտ մեթոդներ։ Ի դեպ, այս օրերին Ադրբեջանը հերթական անգամ կսկսի նաև հակառուսական հիստերիայի ալիք բարձրացնել։

– Այսինքն, այս անգամ ադրբեջանական հակահայկական հիստերիան փոխարնվելու է  հակառուսականո՞վ։

– Հակառուսականին զուգահեռ հակահայկականն անպայման լինելու է։ Դա նրանց քաղաքականությունն է:  Տարօրինակն այն, որ չնայած Բաքվում ադրբեջանցիները  կոտորել են հայերին, բայց միևնույն է, նրանք դարձյալ հակահայկական ալիք են բարձրացնում։ Իհարկե, տարեց-տարի տրամադրությունները փոխվում են` պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ. նայած թե այդ պահին պաշտոնական Բաքուն ինչ հարաբերությունների մեջ է Մոսկվայի հետ, ըստ այդմ էլ հակառուսական ալիքն ավելի մեղմ է լինում կամ` հակառակը։ Ընդորում, համաձայն այդ փոփոխությունների կարելի է նաև գուշակել, թե Իհլամ Ալիևի թիմում  քաղաքական ինչ տրամադրություններ են տիրում:

Դուք ասացիք, որ Բաքվի ջարդերին գնահատական տալը երբեք ուշ չէ, իսկ մենք կարողացե՞լ ենք բավարար չափով կատարվածը ներկայացնել միջազգային հանրությանը:

-Այս հարցը մի քանի շերտեր ունի։ Խնդիրը նաև տեղեկատվական է, այսինքն` կարողանալ աշխարհին հնարավորինս շատ իրազեկել: Այդ ուղղությամբ աշխատանքներ արվել են ու շարունակում են կատարվել։ Խնդրի մյուս կողմը քաղաքական է. այստեղ անելիք ունի  պաշտոնական Երևանը:  Անհրաժեշտ է որակապես փոխել նեկայիս դիրքորոշումը. ոչ միայն պետք է մեղադրել Ադրբեջանին, այլ նրա դեմ ավելի կոշտ միջոցներ կիրառել: Շատ լավ կլինի, որ այս գործընթացին ներգրավվեն նաև սփյուռքահայ կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունը հիմնականում կենտրոնացրել են միայն Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա։ Սակայն, վերջերս Ամերիկայի հայկական համագումարը գործունեության նոր փուլ նախաձեռնեց, սկսեց  վկայություններ  հավաքել ադրբեջանահայ  փախստականներից։ Դա, իհարկե, լուրջ քայլ է, շատ արդյունավետ կլինի, եթե սփյուռքի հայկական կազմակերպությունները ներգրավվեն հակաադրբեջանական քարոզչության մեջ։ Առավել ճիշտ կլիներ, որ տվյալ պահին սփյուռքահայ կազմակերպություններն ավելի ակտիվ գործեին նաև այս ուղղությամբ:

-Ի վերջո,  Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությունը Հայ դատի բաղկացուցիչ մասն է, ու պետք չէ այն տարանջատել:

-Բնականաբար, առավել ևս, որ Բաքուն մի քաղաք է, որտեղ մեկ անգամ չէ, որ հայկական ջարդեր են կազմակերպվել: Ընդ որում, Թուրքիան էլ է անցած դարասկզբին այդ  ջարդերին ներգրավված եղել։

-Փաստորեն, Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցածը Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանության  շարունակությունն է:

– Այո, նույն քաղաքականությունն է: Թուրքիան եղել է մի կայսրություն, որը ցեղասպանությունն օգտագործել է որպես միջոց` իր  քաղաքականությունն իրականացնելու համար։  Այսինքն՝ շատ  հարցեր Թուրքիայում լուծվել, և առ այսօր  էլ լուծվում են  ցեղասպանության ճանապարհով: Այն, ինչ արեցին  քրիստոնյա ազգերի՝ ասորիների, հույների ու հայերի հետ, այսօր նույնը թուրքերը  շարունակում են  քրդերի նկատմամբ։ Դա թուրքական քաղաքականության յուրօրինակ ոճն.  Շատ չեն այն երկրները, որոնք առաջնորդվել ու առաջնորդվում են այդ ոճով։ Այդ քչերից է նաև  Ադրբեջանը, որը, պարզապես, լավ կրկնօրինակում է այդ «ոճը» և կարելի է ասել, որ այսօր էլ չի հրաժարվել այդ մեթոդներից. ադրբեջանական քաղաքական և հասարակական գործիչների, նույնիսկ մշակույթի ներկայացուցիչների հայտարարությունները կրում են ցեղասպանական բնույթ։

1988թ.-ից մինչ Արցախյան պատերազմի ավարտը Ադրբեջանն իրականացրել է  նպատակային գործողությունների մի մեծ ծրագիր` ոչնչացնելով բազմաթիվ հայկական  բնակավայրեր։

-Իսկ ի՞նչ քայլեր է անում հայկական կողմը` մինչ օրս չհրապարակված փաստերը հրապարակելու ուղղութամբ:

-Այս առումով, բավական ակտիվացել են մեր  գործողությունները` իրականությունը բացահայտելու և հանցագործներին պատժելու ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում:  ՀՀ գլխավոր դատախազությունը սումգայիթյան արխիվներն է ներկայացնում, ԼՂՀ դատախազությունը՝ Մարաղայի դեպքերի հետ կապված փաստեր է հավաքում, մի քանի գիրք է հրապարակվելու, ֆիլմեր են նկարահանվում… այսինքն աշխատանքներն այդ ուղղությամբ ավելի դինամիկ են դարձել։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն