Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանը բացել է փակագծերը

Հունվար 15, 2010թ. 13:25

erdoxanԹուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթը հրապարակել Էրդալ Շափաքի անցկացրած հարցազրույցը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հարցերը վերաբերել են վերջինիս մոսկովյան այցին: Ի թիվս այլ ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող հարցերի` Էրդողանին ուղղվել է նաև այսպիսի հարց.

Ռուսաստանի վարչապետ Պուտինը չի ողջունել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ շաղկապումը: Կողմնակից է այդ երկու խնդիրների առանձին-առանձին լուծմանը: Արդյո°ք դա Թուրքայի և Ռուսաստանի` այդ հարցում ունեցած տարաձայնության արդյունք չէ:

Թուրքական կառավարության ղեկավարն արձագանքել է ահա այսպիսի պատասխանով:

– Որքան էլ փորձենք այդ հարցերն առանձին-առանձին լուծել, մեկ է, վարագույրի հետևում դրանց կապը կա: Հայ-թուրքական սահմանադուռը փակվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած խնդրի պատճառով: Օրինաբար ծագած խնդիրն օրինաբար էլ պետք է լուծվի … Թող վերջ դրվի Ղարաբաղի զավթմանը … Հայաստան-Թուրքիա հարաբերություններն էլ շատ հանգիստ կկարգավորվեն: Իսկ Հայաստանի բարի կամքը նախ թող դրսևորվի գրավյալ շրջաններից դուրս գալով: 7 շրջաններից դուրս գալուց հետո միայն դրական զարգացումներ կլինեն: Մեզ համար պարզ է` ինչ քայլ պետք է կատարվի: Մեր առջև սահմաններ կան: Մենք արդեն որոշակի ռիսկի գնացել ենք: Ավիաբեռնափոխադրումները, Երևան-Ստամբուլ չվերթները մենք ենք սկսել: Օդային սահմանը բացել ենք, բայց ցամաքային սահման բացելն այլ է: Թուրքիայում այժմ մեծ թվով թուրքական քաղաքացիություն չունեցող հայեր են ապրում: Նախաձեռնողը պետք է Ռուսաստանը լինի: Մեդվեդևի և Պուտինի հետ բացեիբաց խոսել եմ: Մինսկի եռանախագահության ներսում Հայաստանի վրա թիվ մեկ ազդեցությունը Ռուսաստանն ունի, այնուհետև` Միացյալ Նահանգները, ապա` Ֆրանսիան: Եթե Ռուսաստանը համագործակցի, ապա արդյունքն ավելի արագ կլինի: Իսկ եթե Ռուսաստանը թուլություն դրսևորի այդ հարցում, արդյունքի հասնելը շատ դժվար կլինի:

Ակնհայտ է, որ Էրդողանի այդ խոսքերն հնչել են ի պատասխան Պուտինի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացները ենթակա չեն շաղկապվելու: Ադրբեջանական լսարանի քիմքին ուղղված հերթական այս ճառասությունը բնավ ականջահաճո չի լինի Կրեմլի և կամ Վաշինգտոնի համար, քանի որ վերջիններս գոնե կողմնակից են հիշյալ գործընթացների տարանջատմանը: Անկարան, հավանաբար, շուտով կստանա իր բաժին «ապտակը» Կրեմլից և կամ` Արևմուտքից, քանի որ նման հաստատակամ պնդումները հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարին են սպառնում: Իսկ այդ փաստաթղթերի «կնքամայրն», ինչպես գիտենք, Վաշինգտոնն է` ի դեմս Հիլարի Քլինթոնի, իսկ կնքահայրն էլ` Ռուսաստանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն