Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

«Արցախի բանակն ի վիճակի է ոչ միայն կասեցնել Ադրբերջանի ցանկացած ոտնձգություն, այլև…»

Հունվար 15, 2010թ. 16:41

David-BabayanՄեր զրուցակիցն է  արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը

-Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանն այսօր նորից հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այսինքն՝ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումն, անմիջականորեն կապվում է Ղարաբաղյան խնդրի հետ, քանի որ հայ-թուրքական սահմանը փակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած խնդրի պատճառով։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Էրդողանի այս հայտարարությունը։

– Այս բոլորը ակնհայտ դրսևորումն է Թուրքիայի կողմից  բավականին համառորեն տարվող այն քաղաքականության, որով ամեն ինչ արվում է, որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և հայ-թուրքական հարաբերությունների սկսված գործընթացը շաղկապվեն մեկը մյուսի հետ և դիտարկվեն որպես մեկ ընդհանուր գործընթաց, ինչը, հատկապես իրավական առումով, չի համապատասխանում իրականությանը։ Սակայն, եթե Թուրքիան նման քաղաքականություն է վարում, դա նշանակում, որ  Ադրբեջանին դիտարկում է որպես իր պետություն, իսկ ադրբեջանցիներին որպես թուրք  ժողովրդի  բաղկացուցիչ  մաս։ Իսկ սա արդեն՝ պանթյուրքիզմի գաղափարախոսության արտացոլումն ու մարմնավորումն է: Պարզ է, որ Թուրքիան կշարունակի նման  քաղաքականություն իրականացնել, բայց դա ամենևին չի նշանակում, որ հնարավոր չէ դրան մեկ այլ  քաղաքականություն հակադրել: Իսկ այդ քաղաքականությունն այն է, որ այս երկու գործընթացները պետք է  հստակապես տարանջել։ Ի դեպ, վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, Ռուսաստանն արտահայտեց իր հստակ դիրքորոշումը. վարչապետ Վլադիմիր Պուտինը  Էրդողանին պարզ տեքստով ասաց, որ Ռուսաստանը նույնպես հակված չէ դիտարկել այդ գործընթացը որպես մեկ ընդհանուր խնդիր։

-Կարծիքներ կան, որ Ռուսաստանին՝ մի շարք նկատառումներից ելնելով, ձեռնտու չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, ուստի դրան խանգարելու համար Ռուսաստանը կբորբոքի իրավիճակը Ղարաբաղում, որը հնարավոր է, որ կհանգեցնի նաև պատերազմի։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:

– Չի կարելի ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը ձեռնտու չէ Ռուսաստանին։ Կարծում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները ձեռնտու է բոլորին։ Իսկ Ռուսաստանին ձեռնտու չէ պանթյուրքիզմի տարածումը. սա վտանգ է ինչպես Ռուսաստանի,  Իրանի, Չինաստանի, այնպես նաև Վրաստանի համար։ Հետևաբար, եթե այդ հարաբերություններն Անկարայի կողմից դիտարկվում են որպես պանթյուրքիզմի խնդրի մի բաղկացուցիչ մաս, բնական է, որ այդ գործընթացը բավականի լուրջ վտանգներ է ներկայացնում նշածս երկրների համար։

-Էրդողանը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում  Հայաստանի կողմից որպես բարի կամքի դրսևորում իրենք դիտարկում են միայն ազատագրված 7 շրջաններից զորքերի դուրս բերումը…

-Թուրքիան մեկընդմիշտ պետք է գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար չի կարող ընդունելի լինել հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որը կնշանակի վերադարձ 1988թվականին։ Դա անընդունելի է, դա կբերի Հայոց պետականության կործանմանը։ Ինչպես 2009թ.նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝ անհնարին է վերադառնալ 1988թ. և՜ կարգավիճակի, և՜ տարածքների առումով։

-Վերջին շրջանում շատ է շրջանառվում պատերազմի հավանականության հանգամանքը։ Ձեր կարծիքով առաջիկայում հնարավո՞ր է, որ պատերազմական իրավիճակ ստեղծվի կամ պատերազմ վերսկսվի։

Պատերազմի հավանականությունը երբեք չի կարելի իսպառ բացառել։ Բայց այս պահի դրությամբ դրա հավանականությունը օբյեկտիվորեն շատ քիչ է, սուբյեկտիվորեն՝  բացառված չէ, որ մի անձի կամ վերնախավի` իրականության ոչ ճիշտ պատկերացումը կարող է հանգեցնել դրան։ Օբյեկտիվ որևէ նախադրյալ չկա, որովհետև նախ ՝ տարածաշրջանում պահպանված է ռազմաքաղաքական հստակ հաշվեկշիռ։ Արցախի բանակն ի վիճակի է ոչ միայն կասեցնել ցանկացած ոտնձգություն Ադրբերջանի կողմից, այլ նաև տեղափոխել ռազմական գործողությունները թշնամու տարածքի խորքերը՝ պարտադրելով նրան խաղաղություն։ Սա միանշանակ է:

Բացի այդ, Ադրբեջանը, որպես պետություն, ներսից փխրուն է։ Այդ երկիրը, որ բաղկացած է այնտեղ ապրող մի շարք ազգային փոքրամասնություններից, որոնք փայփայում են այն հույսը, որ մի օր թոթափեն ադրբեջանական բռնապետական համակարգը։ Եվ եթե պատերազմ վերսկսվի, չի բացառվում,  որ ոտքի ելնեն նաև ադրբեջանաբնակ ազգային փոքրամասնություններն ու պահանջեն իրենց ոտնահարված իրավունքների հարգում։ Իսկ սա կհանգեցնի Ադրբեջանի, որպես պետականություն, փլուզման։

Եվ վերջապես, եթե նույնիս պատերազմ լինի, այն չի լինի Արցախի և Ադրբեջանի միջև։ Այն ընդգրկելու է նաև մի շարք այլ խաղացողների, իսկ նման ընդգրկուն պատերազմն իր բնույթով կլինի անկանխատեսելի։ Հենց այդ անկանխատեսելիությունն է այն կարևորագույն գործոններից մեկը, որը զսպում է ագրեսորին՝ սկսել նոր պատերազմ։

-Մի շարք խաղացողներ ասելով՝  ո՞ւմ նկատի ունեք։

-Բոլորն էլ շահագրգռված են, որ պատերազմ չլինի։ Բոլորն էլ, հնարավոր է, որ արձագանքեն։ Որովհետև, եթե պատերազմ լինի, չի բացառվում նաև Թուրքիայի միջամտությունը դրան։ Իսկ եթե Թուրքիան միջամտի, ապա կմիջամտեն նաև Ռուսաստանը, Իրանը, Արևմուտքը… Դա կարող է վերաճել մի հսկայական հակամարտության։ Այդ իսկ պատճառով՝ արտաքին խաղացողները շահագրգռված չեն, որպեսզի այդպիսի գործընթաց լինի։

-Փաստորեն, այս խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձը համաշխարհային նոր պատերազմի սկի՞զբ կարող է դառնալ ։

-Հնարավոր է, դրա համար՝ հաշվի առնելով մարդկութայն դառը փորձը, չեմ կարծում, որ որևէ մեկը այդպիսի գործընթացներում շահագրգռված կլինի։ Բացի դրանից՝ հսկայական ռեսուրսները  են նպատակաուղղվել  տարածաշրջան՝ էներգակիրներ և այլ, այդ ամենը կարող է մեկ պահի ընթացքում անհետանալ,  ինչը, բնականաբար, ձեռնտու չէ ոչ մեկին։

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն