Ի՞նչն է Բեն Լադենին կապում Ադրբեջանի և Վրաստանի հետ
Բեն Լադենը ռադիոակտիվ նյութեր է ստանում Վրաստանից, իսկ «Ալ-Քաիդայի» բազաներից մեկը գտնվում է Ադրբեջանո՞ւմ
Ադրբեջանը նշվում է այն երկրների շարքում, որտեղ ըստ իտալական L`Unitа թերթի վարկածի տեղաբաշխված է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության բազաներից մեկը: Հոդված հրապարակելով այս ահաբեկչական կազմակերպության գործունեության ծավալների մասին, թերթն ընդգծում է, որ «Ալ-Քաիդան» փոփոխվում է՝ տարածվելով աշխարհով մեկ: Տպավորիչ է այն երկրների ցանկը, որտեղ գտնվում են նրա բազաները. Սուդան, Նիգերիա, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Իրաք, Եմեն, Սոմալի, Եթովպիա, Աֆղանստան, Պակիստան, Ինդոնեզիա, Բոսնիա, Խորվաթիա, Ալբանիա, Ալժիր, Թունիս, Մարոկո, Լիբիա, Ֆիլիպիններ, Ռուսաստան, Տաջիկստան, Ադրբեջան, Քենիա, Տանզանիա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա և Նիդեռլանդներ: Բացի այդ, «Ալ-Քաիդան» կարող է հույսը դնել նաև իր հետևորդների վրա ԱՄՆ-ում՝ Նյու Յորք, Բոստոն, Տեխաս, Ֆլորիդա, Վիրջինիա, Կալիֆորնիա և Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոն ու Մանչեստր:
«Ալ-Քաիդայի» ցանցի տնտեսական և ֆինանսական հարաբերությունները ևս խոսուն են: Դրանցում ընդգրկված են մուսուլմանների խմբեր Քուվեյթից, Կատարից և Դուբայից: Դրամական հոսքերը գալիս են 400 ֆինանսիստներից, որոնց երկու երրորդն արաբներ են, իսկ մնացածը՝ պակիստանցիներ և այլ ասիացիներ՝ աշխարհի հարյուրավոր ընկերություններով: Տարեկան շուրջ 300-400 միլիարդ դոլար է շրջանառվում ՚Ալ-Քաիդայիՙ ցանցով:
Տեղեկատվական պատերազմը «Ալ-Քաիդա» ցանցի հիմնարար ասպեկտներից է: Ծրագրավորողների խումբն աջակցում է ավելի քան 18 լեզուներով վեբկայքերի՝ սկսած ալբաներենից մինչև շվեդերեն: «Ալ-Քաիդան» բոլոր աշխարհամասերում դաստիարակության և օպերատիվ նախապատրաստության սեփական դպրոցներ ունի: Պնդում են, որ Բեն Լադենը ռադիոակտիվ նյութեր է ստանում Վրաստանից: Վրաստանի աշխարհագրական դիրքը (Ռուսաստանի, Փոքր Ասիայի և Թուրքիայի միջև), ինչպես նաև մաքսային ծառայությունները նրան վերածել են հարմար շուկայի աշխարհի ահաբեկիչների համար:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












