Ադրբեջանական քարոզչությունը հայոց բանակի դեմ
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ
հոգեբանական գիտ. թեկնածու
Վերջին տարիների ադրբեջանական քարոզչության մեջ հստակորեն նկատվում է հայաստանյան հանրույթի մոտ ՀՀ Զինված ՈՒժերը, բարձրաստիճան հայ զինվորականներին վարկաբեկելու ռազմավարությունը: Ադրբեջանական քարոզչության նպատակը պարզ է` անջրպետ առաջացնել հայաստանյան հանրության և հայոց բանակի միջև, հակաբանակային տրամադրություններ տարածել մեզանում` այդ կերպ բարդություններ ստեղծելով զորակոչի կազմակերպման գործում:
Հայաստանահայության մեջ Հայոց բանակի հանդեպ անվստահություն սերմանելու նպատակով ադրբեջանական քարոզչությունը օգտագործում է մեր բանակում տեղ գտած ամենաչնչին միջադեպն անգամ: Ընդ որում, որպես հայաստանյան հանրության վրա ազդելու առավել մատչելի միջոց, լայնորեն օգտագործվում է համացանցը:
Ադրբեջանական քարոզչությունը աշխատում է, այսպես կոչված, «ՙռեզոնանսի էֆեկտով»: Այսպես` ադրբեջանական կայքերից մեկում տեղադրվում է հայոց բանակը վարկաբեկող մի որևէ ապատեղեկատվություն, որից հետո այն արդեն սկսում է շրջանառվել ինքնաբերաբար` հիմնականում միջանձնային հաղորդակցության միջոցով` ստանալով ասեկոսեների տեսք: Ապատեղեկատվության տարածմանը նպաստում է նաև այն, որ վերջինս տեղադրվում է մի շարք այլ կայքերում` սկզբնաղբյուրին կատարված «հղումի» տեսքով:
Նման կարգի քարոզչական նյութերի բովանդակությանը վարկաբեկող բնույթ հաղորդելու համար ադրբեջանցիները, որպես կանոն, ծայրահեղորեն չափազանցված են ներկայացնում հայոց բանակի առօրյային առնչվող իրականության առանձին դրվագներ: Ընդ որում, հարկավոր է հաշվի առնել, որ ասեկոսեների տեսքով բերնեբերան տարածվելով` այդ ապատեղեկատվությունն էլ ավելի է աղճատվում:
Հայոց բանակը վարկաբեկելու ադրբեջանական այս հոգեբանական դիվերսիան առաջին հերթին ուղղված է ժամկետային զինծառայողների ծնողներին, զորակոչային տարիքի երիտասարդությանը և վերջիններիս ծնողներին: Հակառակորդի հաշվարկը կառուցված է այն իրողության վրա, որ բնակչության այս հատվածին հետաքրքրում է բանակի մասին ամեն ինչ:
Միանգամայն բնական է, որ յուրաքանչյուր ծնող, ով իր զավակին բանակ է ճանապարհում, անհանգստանում է նրա համար: Այդ անհանգստությունը լիովին փարատելը շատ դժվար է, քանզի «աչքից հեռու» լինելը մշտապես ակտիվ է պահում սեփական զավակի ապահովության հետ կապված տագնապը: Ասվածը հատկապես ակնհայտ է զորակոչին հաջորդող առաջին ամիսներին: Միանգամայն օբյեկտիվորեն բնակչության այս հատվածը բանակի մասին ցանկացած բացասական տեղեկություն շատ ցավոտ է ընդունում:
Ադրբեջանական քարոզչությունը կոչված է սրել ահա այս, միանգամայն բնական ծնողական անհանգստությունը: Մասնավորապես, նման դեպքերում ադրբեջանական քարոզչության խարդավանքներին անծանոթ մարդը հակված է լինում հավատալ այդ նյութերին` առանց խորանալու վերջինիս ապատեղեկատվություն լինել-չլինելու, նրա` բարոյալքիչ ազդեցության համար նախատեսված լինելու մեջ: Հետևաբար, վերը նշված հակաբանակային բովանդակությամբ սադրիչ ապատեղեկատվությունը այս մարդիկ հակված են լինում ընկալել գրեթե անքննադատաբար: Որպես հետևանք, նրանց մեջ էլ ավելի է սրվում իրենց զավակի ճակատագրի հանդեպ տագնապը:
Բերենք մեկ հատկանշական օրինակ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն 2009թ. մարտի 4-ին հայտարարում է, թե Հայկական բանակում, ոչ ավել, ոչ պակաս «բացակայում է բժշկական ծառայությունը» (xronika.az, 04.03.2009): Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ապրումներ կունենա յուրաքանչյուր զինվորի մայր, երբ բերնեբերան տարածվող ասեկոսեներից իմանա այս «տեղեկության» մասին:
Ի դեպ, որպեսզի ակամա չնպաստենք այս անհեթեթության տարածմանը, ընթերցողին հիշեցնենք մեր բանակում բուժծառայության կազմակերպման միայն վերջին ձեռքբերման մասին. սույն թվականի սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտում շահագործման հանձնվեց գերժամանակակից սարքավորումներով կահավորված նոր զինվորական հոսպիտալ:
Երբեմն, ամենայն հավանականությամբ մեր բանակը վարկաբեկող բովանդակությամբ տեղեկությունների բացակայության պատճառով, ադրբեջանական քարոզչամեքենան սահմանափակվում է հայ զինվորականության հասցեին վիրավորական արտահայտություններով, ինչն անխոս հուսահատ չարության դրսևորում է և ոչ ավելին:
Հայոց բանակը վարկաբեկելու ադրբեջանական քարոզչության ռազմավարությունը անշուշտ ունի նաև ներքին ուղղվածություն: Բանն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է կանխել Ադրբեջանում հնարավոր հարձակողական պատերազմի ողջ արհավիրքների մասին իրատեսական պատկերի ձևավորումը: Չէ՞ որ այդ արհավիրքները պատկերացնելու պարագայում հաղթական հարձակողական պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող: Կարծում եմ, մեր բանակի մասին ապատեղեկատվության տարածումը պետք է դիտարկել նաև այս համատեքստում: Մասնավորապես, վերջինս կոչված է սեփական հանրությանը հավանական պատերազմում հաղթելու հավանականության մեծ լինելու տպավորություն, հետևաբար նաև ինքնավստահություն ներշնչել:
Բնավ չցանկանալով աչք փակել ադրբեջանական քարոզչության այս ռազմավարության վտանգավոր լինելու վրա` նշենք, որ նրա արդյունավետությունը կասկածելի է, և ահա թե ինչու:
Առաջին. այն իրողությունը, որ Հայոց բանակի մասին բացասական նյութը հրապարակել է ադրբեջանական կայքը` արդեն իսկ շատերի մեջ առաջացնում է թերահավատություն:
Երկրորդը. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայաստանյան հանրության հետ աշխատում է բաց և թափանցիկ: Մասնավորապես, բանակում կատարվող անցուդարձը լուսաբանվում է լայնորեն, ինչի արդյունքում հանրությունը կայուն պարբերականությամբ տեղեկացվում է բանակային առօրյայի մասին: Այս համատեսքստում չեն շրջանցվում նաև մեր բանակում դեռևս առկա խնդիրները: Հետևաբար, բանակի մասին հայաստանյան հանրությունը հավաստի տեղեկություններ է ստանում հենց բանակից, ընդ որում, բավականին մեծ օպերատիվությամբ:
Այդուհանեդերձ, անհրաժեշտ եմ համարում կրկին շեշտել, որ հարկավոր է ամենայն լրջությամբ վերաբերվել ադրբջանական քարոզչամեքենայի յուրաքանչյուր հնարքի` վերջինիս օպերատիվ հակազդելով: Հարկավոր է կանխել հայաստանյան հանրույթի շրջանում Հայոց բանակի մասին ադրբեջանական «աղբյուրներից» ստացվող տեղեկությունների հիման վրա պատկերացումների ձևավորմանը: Կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է լիարժեք տեղեկացված լինի ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից կիրառվող հնարքներին, ինչն էլ վերջիններիս ազդեցությունը չեզոքացնելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը պետք է դիտարկել:
Մասնավորապես, հոգեբանական-տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների համապատասխան վերլուծական հոդվածների անհրաժեշտություն կա: Հայաստանյան հանրույթի շրջանում հարկավոր է կայուն հետևողականությամբ թերահավատություն ձևավորել ադրբեջանական կայքերում Հայաստանին և Հայոց բանակին վերաբերող նյութերի հանդեպ: Հետևաբար հարկավոր է համոզիչ փաստարկներով ապացուցել, որ այդ հրապարակումները ունեն ի սկզբանե կանխակալ բնույթ, որ դրանցում ներկայացված «տեղեկությունները» սուտ են կամ լավագույն դեպքում` խիստ չափազանցված:












