Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Երեք տարի առաջ թուրք ազգայնամոլները սպանեցին Հրանտ Դինքին

Հունվար 18, 2010թ. 11:27

hrant_dinkԵրեք տարի առաջ՝ հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առջև թուրք ազգայնամոլները սպանեցին Հրանտ Դինքին: Նրա մահվան պատճառները շատ խորն էին … Խաղաղություն ենք մաղթում նրա հոգուն:

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի ընթերցողներին թարգմանաբար ներկայացնում ենք թուրքական Todayszaman կայքում` Օրհան Քեմալ Չենգիզի հրապարակած պատմությունը Հրանտ Դինքի մասին:

«Ծուխը», որն սպանեց Հրանտ Դինքին

«Դուք միգուցե չեք դիտել «Կորուսյալները», սակայն համոզված եմ, որ ծանոթ եք այդ հանրահայտ հեռուստասերիալին: «Կորուսյալները» մի պատմություն է ինքնաթիռի վթարից ողջ մնացածների և այն կղզու մասին, որտեղ նրանք հայտնվել էին:

Կղզին սովորական չէ, այլ՝ կենդանի օրգանիզմ: Կղզու մասին հիշատակելու շատ արժանի բաներ կան, սակայն ոչ մեր պատմության համար, այստեղ ամենակարևորը ՚ծուխնՙ է: Կղզում սև ծուխ գոյություն ունի, որն անվանում են «հրեշ». այն խլում է կղզու այն բնակիչների կյանքը, որոնք «կղզո» համար այլևս ցանկալի չեն: «Ծուխը» մարդ չէ, այն կղզու հոգու խավար կողմն է:

Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին: Դինքը սպանվեց այն «ծխից», որն այս երկիրը պարուրել էր 1915 թվականին: «Ծուխը» այս երկրի խավար կողմն է, որը հսկում էր այն բոլոր քայլերը, որոնք հանգեցրին Դինքի սպանությանը: Դինքն այս խավարը շատ լավ գիտեր, նա գիտեր, որ «ծուխը» հետևում է իրեն: Նա կարողանում էր այդ տեսնել:

Ամեն ինչ սկսվեց նրա դեմ կազմակերպված արշավից: Մի անգամ նա հոդված գրեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր դստեր՝ Սաբիհա Գյոքչենի մասին: Գյոքչենը Թուրքիայի առաջին կին օդաչու-փորձարկողն էր: Իր հոդվածում Դինքը գրեց, որ Գյոքչենն իրականում հայ որբուկ էր, ով կենդանի էր մնացել 1915 թվականի ջարդերից հետո: Դինքի կողմից Թուրքիայի պատմության մասին այս բացահայտումը զայրացրեց «ծխին», և նա որոշեց սեղմել Դինքին ոչնչացնելու կոճակը:

Երկարատև արշավը, որը հանգեցրեց Դինքի սպանությանը, սկսվեց «Hurriyet» թերթի առաջին էջերից: Գյոքչենի մասին Դինքի մեկնաբանությունները որպես վերնագիր հանկարծ հայտնվեցին «Hurriyet» թերթում, որն ամեն օր հրապարակվում էր նույն նշանաբանով՝ «Թուրքիան՝ թուրքերինն է»: «Hurriyet» թերթի հրապարակումներից հետո, Դինքի մեկնաբանությունների վերաբերյալ Գլխավոր շտաբը հանդես եկավ շատ խիստ հայտարարությամբ:

Այս բոլոր հրապարակումներից հետո, ծայրահեղ ազգայնական խմբերը սկսեցին բողոքի ցույցեր կազմակերպել «Ակոս» թերթի խմբագրության առջև, վանկարկելով լոզունգներ և կրելով պաստառներ, որոնց վրա գրված էին՝ «Սիրիր կամ հեռացիր», «Քո ձեռքը կջարդվի» և «Մի գիշեր մենք կգանք առանց նախազգուշացման» խոսքերը: Այդ ընթացքում սպառնալիքները Դինքի դեմ հորդում էին նաև հեռախոսով ու էլեկտրոնային փոստով:

Կարծես թե այս ամենը քիչ էր, դեռ Դինքի դեմ քրեական գործ էլ հարուցեցին, իբր իր հոդվածում «թրքությանը» վիրավորելու հիմնավորմամբ: Այս դատական գործը Դինքի դեմ հարձակումների նոր ալիք առաջացրեց: Դատական գործընթացի վերջում Դինքը դատապարտվեց:

«Ծուխը» շրջապատեց Դինքին բոլոր անկյուններից … Տրապիզոնի Փելիթլի թաղամասում բոլորը գիտեին, որ Դինքի դեմ սպանություն է նախապատրաստվում: Այժմ էլ մենք իմացանք, որ ժանդարմերիան, ոստիկանությունը, բոլորը գիտեին Դինքի դեմ ակտիվորեն նախապատրաստվող սպանության մասին: Նրանք ուղղակի փակեցին իրենց աչքերը, շատ լավ իմանալով, որ Դինքի սպանությունը «ծխի» ցանկությունն էր:

Վերջին քայլը «ծուխը» կատարեց 2007 թվականի հունվարի 17-ին: Դինքը սպանվեց իր թերթի՝ «Ակոսի» խմբագրատան առջև:

Դինքը սպանվեց «ծխի» կողմից, որը այս երկրի գլխին թափվել էր 1915 թվականին: Թուրքիան աչքերը փակելով Թալիաթ փաշայի և նրա ընկերների մեղսագործությունների հանդեպ, ստեղծեց այս «ծուխը»՝ հրեշին, որը պատրաստվում էր հազարավոր մարդկանց կյանքեր խլել Թուրքիայի հանրապետական շրջանում:

«Ծուխը» Թուրքիայի խավար կողմն է, որը կազմված է տարբեր բաղադրիչներից. երկրում կան բանդաներ, մամուլը, որը քողարկում է բանդաների մեղքերը, և դատական ատյանները, որոնք չեն ցանկանում տեսնել պետության հանցագործությունները, ժխտումը և այլն:

«Ծուխն» այս երկրի խավար կողմն է: Լուսավոր կողմը տարավ դեպի փողոցներ՝ Դինքի հուղարկավորության ժամանակ, վանկարկելով  «Մենք բոլորս հայ ենք»: Լուսավոր կողմն այսօր պայքարում է Էրգենեկոնի դեմ: Այն դուրս կգա փողոց՝ Դինքի սպանության երրորդ տարելիցի օրը: Լուսավոր կողմն ու «ծուխը» այս երկրի երկու կողմերն են: Եվ լուսավոր կողմը սգում է Հրանտ Դինքի մահը:

Թանկագին Դինք, ննջիր խաղաղությամբ: Մենք սիրում ենք քեզ և երբեք չենք մոռանա»:

Թարգմ. Ռուզաննա Ավագյանի

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն