Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Անհնարին է հակամարտությունը կարգավորել, քանի դեռ չկա Արցախ-Ադրբեջան անմիջական երկխոսություն

Հունվար 18, 2010թ. 13:37

Armenia_karabakhՄեր զրուցակիցն է ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

-Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեի այցը Ղարաբաղ։

-Մյուս համանախագահներից անջատ, առանձին կարգավիճակով ու ձևաչափով սա Բրադկեի առաջին այցն էր Ղարաբաղ, իսկ ընդհանուր առմամբ՝ երկրորդը։

ԱՄՆ ներկայացուցչի այցն Արցախ, հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ՝ երկկողմ հարաբերությունների դրսևորման մի ձև էր, որն անչափ կարևոր է։ Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել և հստակորեն նշվել է, որ Բաքվի կողմից արվող  ռազմատենչ, ոչ կառուցողական քաղաքականությունը իսպասռ պետք է բացառվի։

Փաստորեն, ԱՄՆ-ն համաձայնվել է Արցախի այն փաստարկներին, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը պետք է բացառվի, որ Վաշինգտոնը բացահայտորեն դեմ է դրան, քանի որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի մասին։ Երկուստեք նշվել է, որ հայ-թուրքական հարաբերությունները և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարբեր գործընթացներ են, և չպետք մեկը մյուսի հետ կապել։ Սա հատկապես կարևոր է վերջերս Թուրքիայի կողմից ձեռնարկված այն քայլերի համատեքստում, երբ վերջինս ակտիվորեն փորձում է այդ երկու խնդիրները փոխկապակցել։ Նույնիսկ Ռուսաստան կատարած այցի ընթացքում է Էրդողանը նման գաղափարներ հայտնել, սակայն այդ մոտեցումը չի ընդունվել նաև Ռուսաստանի կողմից ։

-Իսկ խոսք չի՞ եղել այն մասին, որ Ղարաբաղը որպես բանակցային կողմ հանդես գա։

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն այդ հարցը բարձրացրել է և ասել է, որ անհնարին է հակամարտությունը կարգավորել, քանի դեռ չկա Արցախ-Ադրբեջան անմիջական երկխոսություն։ Կարծում եմ, որ նման մոտեցումը համարժեք ձևով ընդունվում է միջազգային հանրության կողմից և համանախագահները միշտ էլ նման կարծիքը կիսում, և իրենք էլ են հայտարարում, որ առանց նման երկխոսության Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում անհնարին է հասնել որևէ բեկման։

-Շրջանառվում այն տեսակետը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը հնարավոր է նաև Ռուսաստանի մասնակցությունը, այսինքն՝ հնարավոր է, որ տեղի ունենա եռակողմ հանդիպում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման զարգացումները։ Եթե նկատի առնվի այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ ներկայացուցիչն էլ այցելեց Ղարաբաղ, հնարավո՞ր է, որ տեղի ունենա բանակցային գործընթացքի ձևաչափի փոփոխություն, այսինքն, բանակցությունները ընթանան Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան կամ Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ միջև։

-Չեմ բացառում, որ հանդիպումը տեղի ունենա ոչ թե երկու, այլ երեք պետությունների միջև։ Բայց դա ձևաչափի փոփոխություն չէ, ուղղակի այդ պետություններից յուրաքանչյուրը Մինսկի խմբի շրջանակներում և առանձին տանում է իր քաղաքականությունը։ Սա որևէ ձևով չպետք է մեզ անհանգստացնի։ Ընդհակառակը, սա մեծ հնարավորություններ է ստեղծում՝ հավասարակշռությունը պահպանելու համար։

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն