Ապրիլի 24-ը հայ-թուրքական ճակատում վճռորոշ կլինի
ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՍԴ հայտնի որոշմանը, փաստեց, որ դատարանը իր բարձրագույն իրավական գնահատականն է տվել մի փաստաթղթի, որը վերաբերում է երկու հարցի` երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը: Տարածված այն կարծիքը, թե դրանցում առկա են նախապայմաններ, թվացյալ են, ցանկությունների ոլորտից:
«Եթե այդ արձանագրությունները նպաստավոր լինեին Թուրքիայի համար, նրանք առանց վարանելու դրանք կվավերացնեին: Նրանց կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը մի նպատակ ունի` բերել մի այնպիսի իրավիճակի, որ Հայաստանի համար ստեղծեն նախապայմաններ: Այդպիսի բան լինել չի կարող: Սա ոչ միայն հայկական կողմի, այլ նաև միջազգային հանրության դիրքորոշումն է»,- համոզված է Գ. Մինասյանը:
Չնայած պատգամավորը լավատեսորեն է տրամադրված, սակայն կասկածում է, որ թուրքական կողմը կվավերացնի փստաթղթերը. «Մենք ամեն անգամ լսում ենք Էրդողանի, Դավութօղլու կողմից նախապայմանների լեզվով խոսելու մասին. դա ենթադրել է տալիս, որ նրանք չեն վավերացնի արձանագրությունները»:
Լրագրողի այն հարցին, թե հայ-թուրքական ճակատում գործողությունների ավարտը շատերը կանխորոշում են ապրիլի 24-ը, Աժ-ում էլ այդ սահամանագիծն է դրված, Գ. Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ, այո, այդ սահմանը կա ոչ միայն ԱԺ-ում, մեր հանրության մեջ, այլև կա միջազգային պետությունների քաղաքականության հիմքում: Միջազգային հանրությունը ևս ունի տեսլական, որ այս բանակցությունները պետք է ողջամիտ սահմաններում հասնեն իրենց ավարտին, հակառակ պարագայում Ռուսաստանի և Եվրամիության նպատակները ի դերև կելնեն»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Գ. Մինասյանը վստահեցնում է. «Ղարաբաղի անկախությունը և անվտանգությունը սակարկման առարկա չեն կարող լինել: Արդյունավետ կարգավորումը հնարավոր է, եթե բանակցությունների մեջ մտնեն Բաքուն և Ստեփանակերտը:
Լեռնային Ղարաբաղի ներգրավումը այդ բանակցություններում էական նշանակություն կարող է ունենալ:
Այն առողջարար նշանակություն կունենա ադրբեջանական հասարակության համար: Որովհետև ադրբեջանական հասարակությանը տարիների ընթացքում իր իշխանությունները մոլորության մեջ են գցել»:
«
Շաբաթվա վերջին նախատեսվող հանդիպմանը չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կարձանագրվեն: Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները դեռ երկար կշարունակվեն»,- համոզված է Գ. Մինասյանը:
ArmAr.am












