«Ալիևը Ղարաբաղից հրաժարվելու եզրին է»
Երեկ «Росбалт» ռուսական գործակալության կայքում տեղադրված հոդվածում, Իվան Պրեոբրաժենսկին, խոսելով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի մասին, հետևյալ կարծիքն է հայտնում. «Այդ հանդիպման ընթացքում հնարավոր է վերջապես վճռվի Ղարաբաղի ճակատագիրը»:
Վերջինիս կարծիքով, փորձագետների մեծ մասն արդեն կասկածում է, որ Թուրքիան լրջորեն պատրաստվում է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կապել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Պատահական չէր, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այդ երկու հարցերն իրար շաղկապելու անհնարինության մասին ասաց Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո:
Այդ հայտարարությունը փորձագետներին հնարավորություն տվեց միանշանակ եզրահանգումներ անել, որ գործընթացը չի զարգանում Ադրբեջանի օգտին: Այսպես, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցերն իրար չշաղկապելու Պուտինի հայտնի հայտարարությանը, ասել է, որ դա վկայում է Ադրբեջանի պարտության մասին. «Ուշադրություն դարձրեք, որ սույն հարցում Ռուսաստանը, Արևմուտքը և ԱՄՆ–ը հանդես են գալիս միասնական դիրքերից, իսկ Թուրքիան հաստատում է դրանց փոխադարձ կապը: Թուրքիան այժմ կանգնած է ծանր ընտրության առաջ. կամ շարունակել պաշտպանել Ադրբեջանի շահերը՝ ենթարկվելով Արևմուտքի հզոր ճնշումներին, կամ պաշտպանել սեփական շահերը՝ բացելով Հայաստանի հետ իր սահմանը»,- եզրակացնում է Ալիզադեն:
Իվան Պրեոբրաժենսկին նկատում է, որ հայ և ադրբեջանցի քաղաքագետներն ուշադրություն դարձրին նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հայտարարության վրա, որը նա արեց Լոնդոնում գտնվելու ժամանակ՝ մինչ Էրդողանի ղեկավարած պատվիրակությանը Մոսկվայում միանալը. «Թուրքիայի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու համար»,- ասել էր Դավութօղլուն:
Արդյունքում, վերլուծաբաններն ավելի ու ավելի են հակվում այն մտքին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը մնացել է «հպարտ միայնության մեջ»:
Այսպիսով. «Հաշվի առնելով ուժերի առկա դասավորությունը, Ադրբեջանն ամբողջը չկորցնելու համար ակնհայտորեն պետք է գնա զիջումների … Նա դեռ հույսեր է կապում Անկարայի հետ: Սակայն, եթե Թուրքիան մոտ օրերս Ադրբեջանին ցույց տա, որ այդ հույսերն անհիմն են, ապա Ալիևն այլևս գնալու տեղ չի ունենա: Իսկ եթե նա շարունակի ձգձգել որոշման ընդունումը, ապա մեկ–երկու տարի հետո ընդհանրապես ոչինչ չի ստանա, իսկ միջազգային հանրությունը նրան ագրեսոր կճանաչի: Ըստ երևույթին, ոչ պաշտոնական ուղիներով Մոսկվան ու Անկարան այս մասին բացատրում են Ադրբեջանի ղեկավարին»,- եզրակացնում է հոդվածագիրը:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












