Ընտրությունները Ուկրաինայում և ՎՈՒԱՄ-ի հնարավոր հեռանկարը
Մինչ Ուկրաինան պատրաստվում է նախագահական ընտրությունների երկրոդ փուլի անցկացմանը, քաղաքագետներն արդեն իսկ արձանագրում են, որ Վիկտոր Յանուկովիչի ընտրվելու դեպքում շատ հավանական է դառնում ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) փլուզումը, քանզի ռուսամետ Ուկրաինան ՎՈՒԱՄ-ում այլևս անելիք չի ունենա: Իսկ ՎՈՒԱՄ-ն առանց Ուկրաինայի նման հզոր տերության կկորցնի իր դերը։
Պետք է նկատել, որ Մոլդովան ևս բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է լքել այդ կազմակերպությունը, ուստի Ուկրաինայի հեռանալու դեպքում, հնարավոր է, Մոլդովան ևս իրականացնի իր այդ ցանկությունը:
Իրավիճակի նման զարգացման դեպքում կստացվի, որ Ադրբեջանին ու Վրաստանին վիճակված է միայնակ մնալ այդ կազմալուծված կառույցում:
Բնականաբար, այս հանգամանքը վրացիներին կստիպի ավելի զգուշավոր լինել, մասնավորապես, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող հակահայկական հայտարարություններում: Խնդիրն այն է, որ եթե մինչ օրս այս երկու երկրները` Ադրբեջանն ու Վրաստանը, իրենց հակահայկական կոչերն անում էին ՎՈՒԱՄ-ի անունից, ու փորձում թաքնվել Ուկրաինայի թիկունքում, դա այլև նրանց չի հաջողվի:
Ադրբեջանցիներն ու վրացիները, որոնց հատուկ է միշտ նժարի ծանր կողմը թեքվելու ու ինչ-որ մեկի թիկունքից հոխորտալու սովորույթը, այս անգամ ինչ-որ բան ասելուց առաջ ստիպված կլինեն նախ ծանրութեթև անել այն, հետո միայն ծպտալ:
Քաղաքագետները համոզված են, որ Յանուկովիչի ընտրվելու դեպքում անիմաստ կդառնա տարածաշրջանային այնպիսի խոշոր նախագծերի իրականացումը, ինչպիսիք են «Նաբուկոն» ու «Հարավային հոսքը»: Կարելի է ենթադրել, որ սա ևս կբխի Հայաստանի շահերից, քանի որ «Նաբուկոյի» և «Հարավային հոսքի» մեջ ներգրավված Ադրբեջանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցությունն, անշուշտ, կնվազի:
Ի դեպ, Յանուկովիչը հայերիս համար դիտարկվում է որպես «հեշտ կանխատեսելի գործընկեր», ինչը դժվար է ասել Տիմոշենկոյի մասին, որի վարչապետության տարիներին Հայաստանի ու Ուկրաինայի միջև տնտեսական հարբերություներն առանձնապես ջերմ չէին։
Գուցե այստեղ իր դերն ունի նաև այն, որ Յանուկովիչը լավ ծանոթ է Հայաստանին, քանի որ 1975-1976 թթ. ծառայել է Հաստանում՝ Լենինականի հարևանությամբ գտնվող սահմանապահ զորքերում։ Բացի այդ, նա ակտիվորեն մասնակցել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման կազմակերպչական աշխատանքներին։ Ի դեպ, Սպիտակում նրա անունով անվանակոչված հրապարակ կա:
Նկատենք, որ ջերմ հարաբերություններ կան նաև Վիկտոր Յանուկովիչի ու Սերժ Սարգսյանի միջև։ Բացի այդ, նրա ղեկավարած կուսակցությունն ակտիվորեն համագործակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու դրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այնպես որ սպասենք ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներին:
Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլից հետո ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Վ. Յանուկովիչ – 35%, Յուլ. Տիմոշենկո- 25%, ձայների մնացած 40%-ը բաժանվել է մյուս երեք թեկնածուների միջև։ ՈՒկրաինայի նախկին նախագահ Վ. Յուշչենկոյի օգտին ընդամենը 5,5 % ձայն է եղել։
ArmAr.am












