Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան

Անկարան շարունակում է կապել անկապը. ինչո՞ւ

Հունվար 19, 2010թ. 12:32

gul_erdogan«Զրո խնդիր հարևանների հետ» Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն իրականում արտաքին քաղաքական պնդաճակատություն է: Համենայնդեպս, այդ են վկայում հայ-թուրքական կարգավորման գործընթացում Անկարայի գործելաոճն ու խոսելաոճը:

Պաշտոնական Երևանը, Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելը մեկ մարդու պես միաբերան բարձրաձայնում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ու Հայաստան-Թուրքիա մերձեցումը միանգամայն անջատ գործընթացներ են, հետևաբար, առանձին լուծումներ են ենթադրում: Բայց Անկարան շարունակել և շարունակում է կապել անկապը:

Տարբեր տրամաչափի թուրք պետական գործիչներ, որտեղ ու ինչպես պատահի, խոսում են Ղարաբաղյան հարցի և հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փոխկապակցված լինելու մասին: Զայրանալուց առաջ զարմանում ես. լավ, մի°թե ճկուն ու ճոճկան դիվանագիտությամբ հայտնի Անկարայում չեն գիտակցում, որ անդրատլանտյան ճամբարին հակադրվելը նույնն է, թե սեփական երակները կտրտել: Հազիվ թե: Եվ ուրեմն, հարցերի շարք` թուրքիայի այդօրինակ տարածաշջանային քաղաքականության` «երբ»-ը, «ինչպես»-ը և «ինչու»-ն:

.Ե°րբ

Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչողներից մեկը Թուրքիան էր: 1993 թվականին թուրքերը, սակայն, փակեցին Հայաստանի հետ ընդհանուր սահմանը, այլ կերպ ասած` պատերազմական գործողություն կիրառեցին նորանկախ Հայաստանի նկատամամբ` նրան ենթարկելով ցամաքային շրջափակման: Թշնամի հարևանի իր այդ կեցվածքը Անկարան պատճառաբանեց հայկական զինուժի կողմից Քարվաճառի գրավմամբ, իսկ իրականում` ազատագրմամբ: Իբրև թե Հայաստանն օկուպացնում է պուճուր եղբայր Ադրբեջանի տարածքները:

Այդ օրվանից ի վեր Թուրքիայում փոխվել են իշխանական ճամբարները, բայց ճամարտակությունները նույնն են մնացել: Անցածներն ու ներկաները խոսում են Ադրբեջանի` իբր տարածքային ամբողջականության խախտման մասին, մեղադրում կորուսյալ հայրենիքի մի մասն ազատագրած հայկական կողմին: Եվ հիմա 17 տարի անց Անկարան չի դադարում ղարաբաղյան հիմնախնդրում խոսել բացառապես ազերիների օգտին:

Այդ կողմնապահ գործելաոճով դեռ մի բան էլ հավակնում է տարածաշրջանում հաշտարարի ու խաղարարի դերակատարություն ստանձնել, միջնորդ լինել պետությունների հակամարտություններում: Այս իմաստով տեղին է մեջբերել թուրք հեղինակավոր վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդին, ով նկատել էր տալիս, որ Թուրքիան չի կարող ամեն տեղ միջնորդ լինել, և Դավութօղլուն անհարկի գերբեռնում է իրեն ու իր աշխատակազմին:

«Հրճվանքով ամեն մի խնդրի ձեռք մեկնող, բայց ոչինչ ավարտին հասցնել չկարողացող երկրի կարգավիճակում կարող ենք հայտնվել»:

  • Ինչպե°ս

Աբդուլլահ Գյուլի վարչակազմը հնարավորինս օգտագործում է իր լծակները ղարաբաղյան խնդիրն ու արձանագրությունների վավերացումը շաղկապված կերպով միջազգային հանրությանը մատուցելու համար: Մասնավորապես, Թուրքիան իր դիվանագիտական ռեսուրսները նկատելիորեն կենտրոնացնում է իրականում իրար հետ ոչ մի կապ չունեցող հայ-թուրքական ու ղարաբաղյան հարցերը շաղկապելու համար: Էրդողանի խոսքով, վարագույրի հետևում կապ կա: Դե իհարկե, այլ հարց է, որ պանթուրքական ծավալապաշտությամբ տառապող սելջուկ-օսմանների ժառանգները դավադրաբար որոճում են Հայաստանն օղակի մեջ առնելու, ապա դանդաղ խեղդամահ անելու ծրագրեր: Այդ առումով, իսկապես, կապ կա:

Ակտիվիստներն այդ հարցում Դավութօղլուն ու Էրդողանն են, որոնք, խոսքները մեկ արած, աշխարհի ամենատարբեր ամբիոններից շարունակում են Ադրբեջանին ներկայացնել զոհի կերպարով ու արձանագրությունների վավերացման համար նախապայման դնել ղարաբաղյան հարցը: Ամենավերջին ու թարմ օրինակը Պուտինի «շառաչուն ապտակին» հաջորդած զարգացումներն էին: Ինչպես տեղյակ ենք, Մոսկվա մեկնած Թուրքիայի վարչապետին Ռուսաստանի կառավարության ղեկավարը հիշյալ խնդրի առնչությամբ հստակ ու վճռական դիրքորոշում հայտնեց, այն է` այդ երկու խնդիրները ճիշտ չէ մեկ փաթեթի մեջ ներառելը:

Ծպտուն անգամ չհանած, պապանձված Էրդողանը դարձյալ «առյուծ կտրեց» Թուրքիա վերադառնալուն պես, երբ թուրք լրագրողների հարցին ի պատասխան նորից Ղարաբաղն ու արձանագրությունները կապեց իրար: Ավելին, մեկ օր անց թուրքական մեջլիսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը հայտարարեց, որ արձանագրությունների վավերացման հարցը չի բերի խորհրդարանի օրակարգ.

«Իմ նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է, հիմնախնդրի լուծման համար ստույգ քայլեր կատարելը: Եթե դա չլինի, ապա, իմ համոզմամբ, արձանագրություններն օրակարգ բերելը շատ օգտակար չի կարող լինել: Դրա համար էլ նախընտրում եմ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների օրակարգային դարձնելն առայժմ սպասեցնել»: Այս պահվածքը կարելի է բնութագրել ընդամենը երկու վանկով` ցինիզմ:

  • Ինչո°ւ

Թուրքերն իրենց դիվանագիտության մեջ ունեն երկու հիմնական չգրված օրենք, որոնք դարձել են հաստատագրված ավանդույթներ: Թուրքերը մշտապես ջանացել են, ժամանակային տարածության մեջ մանևրելով, իրենց անցյալի սխալները սրբագրել և իրենց բաժին անելիքը որպես լավություն ներկայացնել կամ վաճառել: Նմանաբար և հիմա: 1993-ին միջազգային իրավունքի խախտմամբ հայ-թուրքական սահմանը փակած ու հիմա էլ դրա բացումը ղարաբաղյան հիմնախնդրով պայմանավորող Անկարան ջանում է արանքում մի բան հաջողացնել:

Անկարայում լավ գիտեն, որ արձանագրությունների վավերացումը չի լինելու նախապայմաններով, առավել ևս Ղարաբաղի գործոնով, քանի որ գերտերությունները կողմ չեն դրան: Անկարայի դրսևորած այս ցինիզմն ինքնանպատակ չէ: Հիմա միտումնավոր այսպես պնդերեսաբար խոսում է արձանագրությունների ու ղարաբաղյան հարցի մասին, որ հետո, երբ վավերացնի արձանագրությունները, նման վարքագիծն աշխարհին հրամցնի որպես չտեսնված ու չլսված կառուցողական մոտեցում, իբրև լավություն Հայաստանին ու շահագրգիռ կողմերին` այդ կերպ ձեռք բերելով նաև տարածաշրջանում հուսալի խաղաղարարի համբավ:

Այնպես որ ղարաբաղի համար կոկորդ պատռող թուրք քաղաքական ու պետական գործիչների նպատակը, թերևս, ոչ այնքան Բաքվին բավարարելն է, որքան իր վարկանիշը հեռահար հարվածով բարձրացնելը:

Մխիթար Նազարյան


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն