Թուրքիան որոշել է իր ոչ իրավաչափ վարքագիծը վերագրել Հայաստանին
Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում և հակասում է հայ-թուրքական արձանագրությունների ոգուն, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասաց.
«Շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև, մի կողմից, մեզ մեղադրանքներ են ներկայացվում, որ իբր ՀՀ ՍԴ որոշման մեջ կան արձանագրությունների տառին ու ոգուն հակասող նախապայմաններ կամ դրույթներ, բայց, մյուս կողմից, այդ պնդումը որևէ ձևով չի փաստարկվում. հայտարարությունում ՀՀ ՍԴ որոշումից չի մատնանշվում որևէ փաստ, որևէ դրույթ, որով կհիմնավորվեն այդ համր մեղադրանքները։
Քաղաքական առումով ինձ հասկանալի է այդ քայլի շարժառիթը, քանի որ Թուրքիան ինքն է մեղավոր արձանագրությունների վավերացման գործընթացի արհեստական ձգձգման մեջ և ինքն է որոշակի նախապայման առաջադրում այդ արձանագրությունները վավերացնելու համար. այն է՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը։
Ուստի, այս հայտարարությամբ թուրքական կողմն, ըստ ամենայնի, որոշել է իր ոչ իրավաչափ վարքագիծը վերագրել հայկական կողմին։
ArmAr.am












