Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան

Միայնակ Ադրբեջան, խառնիխուռն Վրաստան, անհանգիստ Թուրքիա

Հունվար 19, 2010թ. 16:27

sur00029Սովորաբար, ոչ միշտ է լինում, որ այս կամ այն խնդրի շուրջ գերտերությունները   միակարծիք ու նույնական դիրքորոշում են արտահայտում: Սակայն այդ առումով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը  բացառիկների շարքում է: Նույնիսկ փորձագետներն են զարմանքով արձանագրում այդ քաղաքական համերաշխությունը:

Իհարկե, ցանկացած խնդրում  գերտերություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով: Հետևապես, եթե հայ-թուրքական հարաբերությունների կագավորման խնդրում նրանք նույն դիրքորոշումն են որդեգրել, կնշանակի այս հարցում  նրանց շահերը լիովին համընկնում են:

Այսպես, ի՞նչ շահեր է հետապնդում Ռուսաստանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացից: Նկատենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար  շրջանառում է այն միտքը, թե  Ռուսաստանի շահերից ամենևին չի բխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Որպես ասվածի հիմնավորում` նշվում է, թե հարևան երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ` Ռուսաստանը` ի դեմս Հայաստանի, վերջնականապես կկորցնի իր հարավկովկասյան դաշնակցին. Հայաստանը, ճեղքելով շրջափակումը, հնարավորություն կստանա Թուրքիայով դուրս գալ դեպի Եվրոպա` այլևս կաշկանդված չլինելով ռուսական գործոնով:  Նկատենք, որ նման  շեշտադրում պարունակող «վերլուծություններ» շրջանառում է ոչ միայն ադրբեջանական,  այլև վրացական քարոզչամեքենան: Եվ դա հասկանալի է:

Վրացական  կողմը հստակ գիտակցում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի՝ որպես տարանցիկ հանգույցի, կարգավիճակի վրա: Վրաստանի իշխանական վերնախավում անհանգիստ են, որ հայկական կողմը, հաշվի առնելով թուրքական ավելի ցածր տարանցիկ սակագները,  կհրաժարվի վրացականից, և Թուրքիայի` սևծովյան Տրապիզոն կամ միջերկրածովյան Մերսին նավահանգիստներն ավելի գրավիչ կդառնան հայ ներկրողների և արտահանողների համար:

Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, 2009 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով, Հայաստանի բեռնափոխադրումները կազմել են Վրաստանի ընդհանուր տարանցիկ փոխադրումների 13 տոկոսը: Այնպես որ լիովին հասկանալի է վրացական կողմի անհանագստությունը: Ահա թե ինչու վրաց վերլուծաբանները, շունչները պահած հետևելով զարգացումներին, շարունակում են հույս տալ վրաց գործարարներին, թե հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները դեռևս մշուշոտ են, ու պետք չէ անհանգստանալ` Վրաստանի ձեռներեցները դեռ կպահպանեն իրենց եկամուտները: Սա այն դեպքն է, երբ ցանկալին ներկայացվում է որպես իրողություն:

Նկատենք, որ տնտեսական գործոնին զուգահեռ, առկա է նաև քաղաքական գործոնը: Վրաստանը, որ երկու տասնամյակ շարունակ Թուրքիայի  կողմից շրջափակված Հայաստանի համար  ծառայել է որպես միակ տարանցիկ ուղի, ակնհայտորեն  օգտվել է իր այդ արտոնյալ վիճակից, մասնավորապես,  քաղաքական հարցերում ( հիմնականում` ջավախքյան խնդրում): Մեր երկիրը վրացական կողմի դրսևորած ագրեսիվ հակահայկականությանը գրեթե ոչ մի համարժեք քայլով չի պատասխանել, փոխարենը, իրականացնելով զուսպ, հաճախ նույնիսկ չափից ավելի զիջողական քաղաքականություն: Եվ ահա այսօր Վրաստանի իշխանությունները սթափ գիտակցում են, որ  շրջափակման վերացումը Հայաստանի «ձեռքերը կազատի» Սահակաշվիլու վարչախմբի ադրբեջանամետ սադրանքներից:

Դառնանք Ռուսաստանին. փաստ է, որ հյուսիսի մեր ռազմավարական գործընկերը  նկատելիորեն շահագրգռված է հայ-թուրքական  հարաբերություններով, հետևապես, գործընթացի ակտիվ մասնակիցն է:  Ռուսաստանի շահագրգռվածությունը նույնքան հասկանալի է. այս երկրի իշխանական վերնախավում անհամբերությամբ ու գոհունակությամբ սպասում են այն օրվան, երբ   Վրաստանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արդյունքում կկորցնի  տարածաշրջանում իր տարանցիկ երկրի դերն ու ստիպված կլինի  ոտքերը սեփական վերմակի չափով մեկնել:

Իսկ  մինչ այդ ռուս քաղաքագետները նաև զգուշացնում են, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման արդյունքում կարող են նոր մարտահրավերներ նետվել  հայ- ռուսական հարաբերություններին: Ռուսական կողմում առկա է այն մտավախությունը, թե հայ-թուրքական հարաբերությունները հանկարծ կարող են այնքան «բարիդրացիանալ», Հայաստանի իշխանություններն էլ այնքա~ն սիրալիր աչքով նայել ցեղասպան թուրքին, որ որոշեն դեմքով  շրջվել դեպի Թուրքիա` այլևս չզգալով ռուսական զորքերի ու ռազմաբազաների անհրաժեշտությունը սեփական երկրում:

Հասկանալի է Ռուսաստանի` վրացական դառը փորձով պայմանավորված անհանգստությունը. և պարզից էլ պարզ է, որ Մոսկվան ամեն ինչ  կանի որպեսզի Հայաստանում հանկարծ նման սցենար «չբեմադրվի»:  Թերևս այս անհանգստությունն է պատճառը, որ Ռուսաստանը, ռազմավարական գործընկերոջ իրավունքով, վերջին մի քանի օրերի ակտիվ այցելությունների ու հայանպաստ հայտարարությունների արդյունքում փորձեց  Հայաստանից   բարեկամական վերջին հավաստիացումներն ստանալ: Ռուս վերլուծաբանների հնչող գնահատականներից կարելի է ենթադրել, որ հավաստիացումներն այլևս տրված են. դիտարկումներում առկա է այն մտայնությունը, թե  Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գոնե առաջիկա 50 տարիների ընթացքում այնքան չեն ջերմանա, որ Հայաստանը ռուսներին ցույց տա իր երկրի «դուռը»:    Ոմանք նույնիսկ, առավել զգացական դաշտում դիտարկելով հնարավոր զարգացուները, նկատում են, թե ռուսական  բազաները վաղուց արդեն վերածվել են հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշի ու կազմում են երկու երկրների համագործակցության կարևորագույն մասնիկը:

Ի դեպ, մեջբերման կարգով ասենք, որ նման վերլուծություններն ուղղված են Արևմուտքի լսելիքին, որ վերջինս հանկարծ չտարվի ինքնախաբեությամբ ու վրացական սցենարով չփորձի Ռուսաստանից պոկել Հայաստանը:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացից շոկի մեջ հայտնված միակ երկիրն, անշուշտ, Ադրբեջանն է: Սակայն պաշտոնական Բաքուն քայլ առ քայլ համոզվում է նրանում, որ իր ձգտումը` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն ամեն կերպ շաղկապել հայ-թուրքական հարաբերություններին, հօդս է ցնդում: Հարավային Կովկասում պատերազմ սկսելու մասին Ալիևի խելացնոր, ռազմատենչ հայտարարությունները որևէ ազդեցություն չունեցան ո’չ Հայաստանի, ո’չ մեծ տերությունների և ո’չ էլ` առավել ևս հաղթանակած Արցախի վրա:  Հակառակը, Իլհամի մոլագարության հասնող ռազմատենչությունը վերջնականապես հեղինակազրկել է նրան Արևմուտքի աչքում: Ադրբեջանի նախագահն ընկալվում է որպես անհավասարակշիռ քաղաքական գործիչ:

Փաստն այն է, որ  անգամ  նավթային գործոնը Ադրբեջանին չի օգնում քաղաքական միավորներ շահել այս փուլում: Եվ ուրեմն, տարածաշրջանային ներկայիս զարգացումներում Ադրբեջանն իրականում հայտնվել է խաղից դուրս վիճակում: Ինչը հիանալի գիտակցում են  ադրբեջանական իշխանությունները: Ադրբեջան կոչվող երկրի գոյության մասին երբեմն  հիշեցնում է Թուրքիան, որը ալիևյան վարչախմբին  տված խոստման համաձայն` ժամանակ առ ժամանակ  աշնան կկվի պես սկսում է կանչել, թե հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվի, քանի դեռ ադրբեջանամետ լուծում չի տրվել ղարաբաղյան հիմնախնդրին:

Եթե սկզբում Թուրքիայի նման հայտարարությունները լրջորեն անհանգստացնում էին  այս գործընթացի «կնքահայր» պետություններին, ապա այսօր դրանք ընդունվում են նկատելի անտարբերությամբ:

Եվ վերջապես. Այս պահին մեզ հարմար գլխավոր խնդիրն այն է, թե հայ-թուրքական գործընթացն ինչ ազդեցություն կունենա ղարաբաղյան հիմնախնդրի  բանակցային գործընթացի վրա: Մի բան ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հնարավոր համագործակցությունը կթուլացնի Բաքվի դիրքերն ու դրանով իսկ կչեզոքացնի  Հայաստանի դեմ ղարաբաղյան հարցում ինչ-ինչ լծակների կիրառումը:

Հ.Գ. Նկատենք, որ ղարաբաղյան հիմնախնդրին ռազմական լուծում տալու հարցում ևս  Ադրբեջանը  միայնակ է: Անգամ իր հովանավոր Թուրքիան, որի մեծագույն բաղձանքն է  «համաշխարհային խոշորագույն տարանցիկ պետություն» դառնալն ու  Մերձավոր Արևելքում «մուսուլմանների հովանավոր-տերության դերի ստանձնումը», ամենևին պատրաստ չէ կիսել իր ռազմատենչ «փոքր եղբոր» մոլագար ցանկությունները:

Արմինե Սիմոնյան

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն