Թեմուր Յակոբաշվիլին հաստատում է իր անհարգալից վերաբերմունքը Հայաստանի հանդեպ
Պաշտոնական Թբիլիսին «բոլորովին չի մտածում» հայերենը որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլին` արտասահմանում հավատարմագրված վրաց դիվանագետների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք բոլորովին չենք մտածում հայերենը Ջավախքում որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին»,- Յակոբաշվիլու խոսքերն է մեջբերում Грузия Online-ը: Սա Վրաստանի փոխվարչապետի երկրորդ արձագանքն է ՀՀ Նախագահի այն մտքին, թե Սամցխե-Ջավախքում հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալը կնպաստի հայ-վրացական հարաբերությունների բարելավմանը: Նախորդ անգամ փոխվարչապետ Յակոբաշվիլին իր պաշտոնին ոչ վայել խոսք էր հնչեցրել, թե` «Հայաստանը թող զբաղվի հայոց լեզուն Հայաստանում զարգացնելով… Մենք շատ ուրախ ենք, որ հայերենը Հայաստանի միակ պետական լեզուն է»: Նկատենք, որ Վրաստանի փոխվարչապետի նման «կրակոտ» խոսքերն ամենևին չեն համապատասխանում վերջերս Հայաստանում Վրաստանի ԱԳ նախարարի հնչեցրած հայտարարությունների ոգուն: Հիշեցնենք, որ Երևանում Գրիգոլ Վաշաձեն ասել է, թե Վրաստանը պատրաստ է քննարկել հայոց լեզվի կարգավիճակի հարցը: Մնում է ենթադրել, որ Վրաստանի վերին ատյաններում տարբեր հարցերի շուրջ չկա հստակ դիրքորոշում, և յուրաքանչյուր նախարար ազատ է այս կամ այն հարցի վերաբերյալ հանդես գալ սեփական նախընտրելի մոտեցմամբ: Նման ոճն, անշուշտ, տարօրինակ է, մանավանդ, երբ խնդիրն առնչվում է արտաքին քաղաքականությանը: Մնում է, որ Հայաստանի իշխանությունները պեղեն-գտնեն այն վրացի ղեկավարներին` որոնց սեփական դիրքորոշումը կհամընկնի հայկական կողմի մոտեցումներին: Գուցե և այդ կերպ հնարավո՞ր լինի լուծում տալ հայ-վրացական հարաբերություններում տարիներ ի վեր առկա անլուծելի համարվող խնդիրներին:
аrmar.am
Թեգեր` Գրիգոլ Վաշաձե, Թբիլիսի, Թեմուր Յակոբաշվիլի, Յակոբաշվիլի












