Գլխավոր » Լրահոս

Նախարար Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպանին

Հունվար 19, 2010թ. 18:37

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Մելանի Մոլթմանին, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/ պատասխանատու քարտուղար Մանյա Հոսներին և Ալեքսանդրա Գերստներին:
Նախարարը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, նշեց, որ գործընթացներն իրականացվում են համակարգի բոլոր  աստիճաններում` նախադպրոցականից մինչև հետբուհական:  2010 թվականի բարեփոխումների կիզակետում բարձրագույն մասնագիտական կրթության համակարգն է, և այս գործընթացում Գերմանիայի առաջավոր փորձն օգտակար է: Անդրադառնալով ծառայության գործունեությանը` նախարարը նշեց. «Գնահատելի են DAAD-ի մոտեցումները, որ անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից, նախորդ տարի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող կրթաթոշակների թիվն աճել է: Կարևոր են այն բոլոր ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս հայ երիտասարդներին կրթությունը շարունակել Գերմանիայում և վերադառնալ Հայաստան: Այժմ մշակվում են մոտեցումներ` պետական կառավարման համակարգում կամ մասնավոր համապատասխան սեկտորում նրանց ներգրավմանն աջակցելու ուղղությամբ»,- նշեց նախարարը:
Կովկասում  և Կենտրոնական Ասիայում  DAAD-ի պատասխանատու քարտուղար Մանյա Հոսները, ներկայացնելով իրենց ծրագրերը, նշեց, որ Հայաստանում իրականացվում են անհատական և խմբային կրթական ծրագրեր: Վերջինիս շրջանակում կազմակերպվում են խմբային կարճ դասընթացներ և ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ Գերմանիայում: Նա նշեց, որ անցյալ տարի ծրագրի աջակցությունից օգտվել է ՀՀ 200 քաղաքացի: Տիկին Հոսները նշեց, որ այս տարվա ծրագրերի շրջանակում ավելի շատ դիմումներ են ստացել և, եթե որակավորման քննությունների արդյունքում հաղթողների թիվը մեծ լինի, հնարավոր է, որ Հայաստանին հատկացվող տեղերն ավելացվեն: «Մեր շահերից է նաև բխում, որ DAAD-ի և կրթական այլ կազմակերպությունների կողմից Գերմանիայում կրթություն ստացած երիտասարդներն իրենց գիտելիքներով նպաստեն իրենց երկրների  և հասարակության զարգացմանը»,- նշեց Մանյա Հոսները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության բուհերի միջև համագործակցության ընդլայնման, Գերմանիայում հայագիտական կենտրոնների պահպանման, հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների կրթության հնարավորությունների ապահովման հետ կապված հարցեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն