Կրթահամակարգը դաստիարակո՞ւմ է ապագա քաղաքացիների
Անհատի դաստիարակության, նախադպրոցական կրթության ասպարեզում պետությունը գլխավոր դերը վերապահում է ընտանիքին: Վերջինիս աջակցելու համար ստեղծվում են նախադպրոցական հաստատություններ, իսկ հետո երաշխավորում միջնակարգ կրթությունը: Սակայն փաստն այն է, որ անկախացումից հետո նախադպրոցական համակարգը հայտնվեց ճգնաժամում: Պակասեց դրանում եղած հաստատությունների թիվը, նվազեց երեխաների ընդգրկվածությունը:
Հենց այդ տարիներին, իրար հերթ չտալով, բացվեցին մասնավոր մանկապարտեզները: Այս վճարովի հաստատությունները, պարզ շուկայական հարաբերությունների սկզբունքով, աննախադեպ առաջարկներով սկսեցին հաճախորդ գրավել ու փող աշխատել: Վճարունակ ծնողների երեխաներին դրանցում սպասվում է, այսպես կոչված, «էլիտար կրթություն», դաստիարակություն, խնամք, սնունդ: Բայց արդյո՞ք դրանց ուսումնական ծրագրերը համապատասխանում են պետական չափորոշիչներին: Հարցն ուղղեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Հասմիկ Միտոյանին:
Նա տեղեկացրեց, որ 2009-2010թթ, տվյալներով, գործում է նախադպրոցական ոչ պետական լիցենզավորված 42 հաստատություն: Դրանց մի մասն ունի ընդհանուր կարգավիճակ, մյուսը ներառված է կրթահամալիրների կազմում: Լիցենզավորողը նախարարության լիցենզավորման վարչությունն է: Ըստ Հ. Միտոյանի, կրթական ծրագրերը շատ ճկուն են. Դրանք կարող են լինել կարճաժամկետ ուսուցման, համալիր, նաև առանձին ծրագրեր, որոնցով իրականացվում է զուտ կրթական մասը:
Համալիր ծրագրերը բոլոր ուղղություններով են իրագործվում: Կարող են լինել նաև առաձին կրթական ծառայություններ: Կարևորն այն է, որ բոլոր ծրագրերը հաստատվում են ԿԳՆ-ում, իսկ հենքը նախադպրոցական կրթության պետական չափորոշիչն է: Այլ բան է, որ դրանց աշխատակարգերն են տարբեր` ծնողների նախասիրություններով պայմանավորված:
-Իսկ գիտելիքի չափը ծնո՞ղն է որոշում.
-Նախադպրոցական հաստատությունում ակադեմիական ձևով չի մատուցվում գիտելիքը: Առաջատար միակ ձևը խաղ-ուսուցումն է: Եթե ծրագիրը նույնն է, ապա ծրագրային խնդիրները, պահանջները ևս նույնն են: Իրոք, մասնավորում մանկապարտեզում ծրագրային խտությունը, հնարավոր է, ավելի մեծ լինի, քան համայնքայինում: Սակայն վերջիններս մեծ փորձ ունեն, ավանդույթներ, դրանցում ավելի բարձրորակ, արհեստավարժ մասնագետներ կան,-ասաց Հ. Միտոյանը:
Հասկանալի է, որ պետական պաշտոնյաները խուսափում են շատ-շատերին հայտնի փաստերը նշելուց: Իսկ փաստն այն է, որ «էլիտար» մանկապարտեզներում ու քոլեջներում երեխաներին «լեզվակոխ» են անում` 4-5 տարեկանից միաժամանակ մի քանի լեզուներ պարտադրելով, այն դեպքում, երբ նա դեռ մայրենի լեզվին անգամ լավ չի տիրապետում: Մասնավորներում կիրառվում են նաև արտերկրի կասկածելի ծագման կազմակերպությունների մշակած ու վատ վերահսկվող ծրագրեր, որոնց մասին մամուլը շատ է գրել: Ընդհանրապես, ըստ իմ զրուցակիցներից շատերի, ՀՀ-ում կրթադաստիարակչական բնագավառը չափազանց շերտավորված է: Ոմանց կարծիքով, ազգային պետության կրթահամակարգը չի կարողանում դաստիարակել երկրին նվիրված ապագա քաղաքացիների, որի հետևանքը անսահման ձգվող «անցումային շրջանն է», հանրության խորացող շերտավորումն ու ազգային արժեքային համակարգերի օտարումը այդ նույն հանրության կյանքից:
Լիլիթ Պողոսյան












