Ինչ-որ հոգևոր կլինիկաների թելադրանքով` ապազգային քարոզչություն է ծավալվում
ԽՍՀՄ ամենազարհուրելի կառույցը կագեբեն էր: Իր ամրակուռ համակարգով այն զբաղվում էր ոչ միայն պետանվտանգության հարցերով,այլև իր հզորության մի մեծ մասը հատկացնում էր ժողովրդի ըմբոստությունը ոչնչացնելու, բոլորին հլու կամակատար դարձնելու «վեհ» գործին: Ոչ մեկի համար գաղտնիք չէր ,որ բացի հաստիքային, «երևացող» աշխատակիցներից, կագեբեում հավաքագրված էին հազարավոր գործակալներ, որոնք վխտում էին մեր շուրջը և հոտոտում օդը, ապա գնում իրենց տերերին զեկուցում ,թե ով ինչ ասաց, որ խոշոր եղջերավորի մասին ով ինչ անեկդոտ պատմեց, հայկական կրթության անհրաժեշտության մասին ով ինչ խոսեց:
Եթե ընդունենք , որ այդպիսիք ինչ-որ չափով օգնում էին քրեական հանցագործությունների բացահայտմանը, ապա բոլորիս մեջ զզվանք էր հարուցում նմանների առկայությունը գաղափարախոսական մատնությունների ոլորտում: Որովհոտև դեռ թարմ էին այդ սորտի մատնությունների զարհուրելի հետևանքները գրեթե բոլորիս ընտանիքներում: Մատնություններ, մատնություններ ընկերների , բարեկամների, մատնություններ նախանձից, չկայացածի ատելությունից, սեփական մաղձից:
Հիմա էլ դեռ մնացել են դրանցից, ում հանցագործությունների պատճառով ընտանիքներ որբացան, կենսագրություններ չքացան: Ոչ հեռավոր անցյալում` մեր անկախ պետականության հաստատմանը զուգընթաց` մամուլում, հասարակական հավաքներում պահանջներ եղան այդ մատնիչների ցուցակները հրապարակելու , քանի որ դրանք ծառայել էին մեր ազգային մտքի ոչնչացմանը: Իշխանությունները, ներհասարակական նոր լարվածություն չստեղծելու մտահոգությամբ, իրավացիորեն այդ քայլին չդիմեցին:
Դա ճիշտ էր, քանի որ աղբի տեսանելի դառնալուց հետո աղբահանության պահանջը կդառնար տիրապետող: Համակերպվեցինք դրա հետ ու բնական համարեցինք այն, որ դրանք, վերջապես, ծվարեն Հայրենիքից շպրտված մի փոսում: Դա, իհարկե, վերջում:
Հիմա, կարծես, այդ աղտեղությունից հեռու ենք, և, թվում է, այդ գործակալների զգալի մասը մնացել է անտեր, բախտի քմահաճույքին հանձնված: Բայց պետական քաղաքականության փոփոխությամբ այդպիսիք հո չվերացա՞ն: Հավանաբար, դրանց ծառայությունից նախկին որակով չեն օգտվում, բայց դա նշանակու՞մ է արդյոք , որ վերաորակավորվելով, գործակալների մի բանակ չի զբաղվում քայքայիչ, պառակտողական աշխատանքով այս կամ այն և մանավանդ հոգևոր ոլորտում:
Աշխատանք, որը եթե ուղղակիորեն կամ տեսանելի կերպով չի վնասում պետության անվտանգությանը, ապա անմիջականորեն հարվածում, ջախջախելի է դարձնում ներքաղաքական ոլորտը:
«Համամարդկային» անվան տակ արևմտյան չափանիշների /օտարի շահերից բխող չափանիշների/ մեզ պարտադրելուն զուգընթաց` հայ իրականության մեջ` հատկապես մամուլում, կազմակերպվող կլոր-քառակուսի-անձև սեղանների ժամանակ ավելի ու ավելի ցինիկ դրսևորումներ են ստանում մեր ազգային արժեքների հանդեպ արհամարհանքը, այդ արժեքներից հեռանալու կոչերը: Արդեն Ավարայրը դառնում է վիճարկելի, Վարդան Մամիկոնյան խորհրդանիշը դառնում է վիճարկելի, և դեմքին մի կերպ խոհուն արտահայտություն տված «մտածողի» բաճկոնի գրպանից խորամանկորեն աչքով է անում ներդրված բացիլը:
Այսինքն, այլևս անթաքույց ձևով, ինչ-որ հոգևոր կլինիկաների թելադրանքով` ապազգային քարոզչություն է ծավալվում: Մեզ ներկայացվում է պատմական անիմաստ բեռ քարշ տվող հիվանդի մեղադրանք, ընդ որում այնպիսի հիվանդի, որը մերժում է առաջարկվող բուժումը: Իսկ առաջարկվող բուժումը հոգևոր կործանումն է:
Զարհուրելին այն է, որ այս գործին լծվել են այստեղածին ինչ-որ քարոզիչներ, գրիչը սկզբում բերանը, հետո նոր թղթին դնող բախտագուշակներ, որ հայ են միայն փաստաթղթերով:
Իրականում այդպիսիք, կանգնած լինեն թե պառկած, միևնույնն է, չոքած են: Ում առաջ` կարևոր չէ: Եվ դեռ ճամարտակում են, թե պարզամտություն է վերոհիշյալ հոգևոր աղետների պատճառը մեր ներսում չփնտրելը: Տեսեք ուր են հասել: Այսինքն, պետք չէ այդ ամենը դրսի հետ կապել, պետք չէ նման քարոզիչներին համարել հայակործան օտարի կամակատարներ և պետք չէ այդ ամենը համարել մի շա~տ ուրիշ ծրագրի հետևողական իրականացում:
Պետք է, քանզի այդ գործին լծված օտարը այս հողի վրա ուրիշ անելիք չունի մեզ պատմական հիշողությունից զրկելուց, տնտեսապես ստրկացնելուց, աշխարհի ամենաէժան աշխատուժի վերածված խառնամբոխ դարձնելուց, ՄԱԿ-ի կոպեկ /կարդա` լումա/ չարժեցող որոշումներով առաջնորդվող հիմարների մի բազմության վերածելուց բացի:
Մարդիկ անթաքույց դա են անում գերժամանակակից բոլոր մեթոդներով, հոգևոր ստրկացման բոլոր մեխանիզմներով: Անընդհատ հարվածում են բոլոր ուղղություններով` մեր բարոյականությանը, պատմական հիշողությանը, կրթությանը, տնտեսությանը, ներհասարակական հարաբերություններին, մշակույթին: Ազգային արժևորման առումով, հիմա շատ բան է երերում, որովհետև սեպի պես խրում են վերագնահատման ցեցը: Ովքե՞ր են ներսում` մեզանում, օժանդակում այս գործին, վերաորակավորված գործակալնե՞րը, թե՞ ինքնակոչ ազգատյացները, բայց ժամանակ առ ժամանակ մթնոլորտում ինչ-որ գարշահոտություն է տիրում:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ












