Ծառերն օգնության կարիք ունեն
Ջերմուկ առողջարանային գողտրիկ քաղաքն օրեցօր զարգանում, նոր շուք է ստանում: Սակայն քաղաքին շուք հաղորդող եղևնիներն ու սոճիները տապալվում են` չդիմանալով ձյան ծանրությանը:
«Այս տարին աննախադեպ է: Ձյան անսպասելի առատ տեղումների հետևանքով օրեցօր մեծաթիվ ծառեր են կոտրվում կամ տապալվում»,-պատմում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության Վայոց Ձոր մարզի մասնաճյուղի ավագ անտառապետ Սամվել Այվազյանը: Թե Ջերմուկի քաղաքապետարանից, թե մարզային կենտրոնից հավաստիացրին, որ պետական որևէ միջոցառում չի կազմակերպվում կործանվող ծառերը փրկելու համար: Հին քաղաքաբնակները հիշում են, թե ինչպես էին ժամանակին նույնիսկ դպրոցականներին հավաքում, ծառերը թափահարելով ազատում ձյան ծանրությունից: Ջերմուկի Քաղաքային այգին հիմնադրող Կիրիլ Դրապելոն անձամբ էր մասնակցում այս աշխատանքներին, երբեմն նաև դառնացած լաց լինում, երբ որևէ ծառ էր կոտրվում:
Այսօր տեղական իշխանությունները նույնպես անհանգստացած են: Ջերմուկի հիմնական գրավչությունն ու կենարար օդն ապահովում են նաև ծովի մակերևույթից 2080մ բարձրության վրա աճող փարթամ ծառերը:
Վայոց Ձորի մարզում 7656 հա անտառածածկ տարածքից 2336-ը գտնվում է Ջերմուկին հարող տարածքում, իսկ քաղաքային այգին կազմում է 500հա:
«մեր ունեցած միջոցներով ու հնարավորության սահմաններում փորձում ենք պահպանել եղածը, սակայն սա լուրջ պետական հոգածության խնդիր է և մենք չենք կարող թույլ տալ, որ տարիների մեր այս հրաշք ձեռքբերումը ավերվի բնական աղետներից, ապօրինի հատումներից և որ ամենակարևորն է` անտարբերությունից»,- ասում է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
Քաղաքային զբոսայգում դեռ 1950-ականներից տնկված ծառերը մեկ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան ծանրությունից կոտրվում կամ տապալվում են: Մնացածներին առավոտյան փրկում են հնարավորինս հասանելի վայրերում` թափահարելով:
Ընդհանուր առմամբ, բնական այս աղետը կապված է նաև կլիմայական փոփոխությունների հետ: Ջերմուկում միշտ էլ առատ է եղել ձյունը, բայց և` ցուրտ: Այս տարվա տեղումներին ավելացել է բարձ ջերմաստիճանը: Իսկ թաց ձյան ծանրությանը հատկապես սոճիները չեն դիմանում, քանի-որ թույլ են կենտրոնական հատվածում:
Նախորդ տարի Վայոց Ձորում տապալված ծառերի թիվը 50 է եղել, 5-10 խորանարդ էլ կազմել են կոտրվածները: Մինչդեռ այսօր` Ջերմուկում ճանապարհի եզրով անցնելիս անգամ, կարելի է տասնյակ անշնչացած եղևնիներ ու սոճիներ տեսնել, որոնք տասնյակ տարիներ զարդարել են շրջակայքը, եղել քաղաքի պատմության լուռ տարեգիրները …
Արփինե Ավետիսյան












