Բաքվի ջարդերի առնչությամբ ՄԱԿ-ի ներկայացուցչությունն անպայման հանդես կգա համապատասխան արձագանքով
Այս մասին ArmAr.am-ին տեղեկացրեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից
20 տարի է անցել արդեն մղձավանջային այն օրերից, երբ ադրբեջանցի հորջորջվող թաթարական ցեղախմբերի հետնորդները՝ իրենց հատուկ ձեռագրով ու մեթոդներով, շարունակեցին հայերի խոշտանգումներն ու ջարդերը, այս անգամ արդեն՝ Բաքվում։ Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 20 տարի առաջ՝ շարունակությունն էր նախանցած դարավերջից սկիզբ առած թուրք-ազերիական կանխամտածված ու ծրագրավորված հանցագործությունների շղթայի, որի նպատակն էր պատմական հայրենիքի բնիկ ժողովրդի՝ հայերի բնաջնջումը։
1990թ. հունվարի13-19-ը, մեկ շաբաթ շարունակ, Բաքվի հայությունն անցավ դժոխքի միջով, և միայն հունվարի 20-ին՝ խորհրդային զորքերի միջամտության շնորհիվ վերջ դրվեց Բաքվի հայ բնակչության սպանդին։ Ի՞նչ իրադարձություններ էին տեղի ունեցել մինչ այդ և ի՞նչը նպաստեց ադրբեջանական խուժանի անպատժելիությանը Բաքվում։ Հիմնական «թեման», անշուշտ, Ղարաբաղի ժողովրդի Ադրբեջանական ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանին միավորվելու պահանջն էր, որը քաղաքակիրթ մեկ այլ պետության կողմից կընկալվեր, որպես միջազգային պայմանագրերի նորմերին ու պահանջներին համապատասխան մի փաստ, տվյալ երկրում ինքնավարության կարգավիճակ ունեցող մի ազգի ինքնորոշման իրավունք և կհարգվեր։ Սակայն, ի դժբախտություն մեզ` հանձին Ադրբեջանի, մենք գործ չունենք քաղաքակիրթ պետության հետ, ահա թե ինչու գործընթացները զարգացան քաղաքակրթությանը հետ ոչ մի առնչություն չունեցող հունով: Ու… արցախահայության Հայաստանին միավորվելու իրավական խնդրանքին ի պատասխան՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կոչվածը, նորից ձեռնամուխ եղավ Ղարաբաղի ու Ադրբեջանի տարածքները հայերից մաքրելու քաղաքականությանը։
1988թ. աշնանը` բազմաթիվ հայեր հեռացան Ադրբեջանից։ Հայաթափության ծրագիրը շարունակվեց սումգայիթյան ջարդերով, որը 20-րդ դարի 80-90-ական թվականներին Ադրբեջանում հայերի դեմ կազմակերպված նոր ցեղասպանության սկիզբն էր…
Հայտնի ճշմարտություն է` անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում. նույնը տեղի ունեցավ և այս պարագայում։ Սումգայիթյան ոճրագործության ծածկադմբոցից ոգևորված՝ 1989-90թթ. պարբերաբար շարունակվեցին հայերի ջարդերը Ադրբեջանի տարածքում, վերջինը 1990թ. հունվարի 13-ին սկսված Բաքվի իրադարձություններն էին։ Մինչ այդ Բաքվում 200 հազար հայեր էին բնակվում։ Հունվարյան դեպքերից հետո Բաքվում հայ չմնաց. մի մասը սպանվեց, մյուս մասն էլ ստիպված էր հեռանալ Բաքվից։ Փաստ է, որ մինչև ղարաբաղյան շարժումը Ադրբեջանում 400 հազար հայ ազգաբնակչություն կար։ Հիմա այնտեղ ոչ մի հայ չի ապրում…
Այն, որ Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին, ակնհայտ է, քանի որ մարդկանց սպանում էին միայն նրանց ազգային պատկանելիության հողի վրա, այսինքն՝տեղի էր ունենում էթնիկ զտում, ինչը` 1948թ. ՄԱԿ–ի կոնվենցիայի դրույթներով, որակվում է որպես ցեղասպանություն։ Ցավալին այն է, որ առ այսօր միջազգային և ոչ մի կառույց չի տվել կատարվածի անհրաժեշտ գնահատականը:
Միաժամանակ ակնհայտ է, որ այս գործում շահագրգիռ կողմը Հայաստանն է, և բնականաբար, մեր արտաքին գերատեսչության խնդիրն է լրջորեն հետամուտ լինել, որպեսզի Բաքվում 20-րդ դարասկզբին, և 20 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը միջազգայնորեն ճանաչվեն ու որակվեն որպես ցեղասպանություն:
Հայտնի է, որ հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր խնդրի առնչությամբ համապատասխան հայտարարություններ արդեն արել են։ ԼՂՀ քաղաքական ուժերը ևս դիմել են ՄԱԿ–ին, ԵԽ–ին, ԵԱՀԿ–ին, Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին՝ Բաքվի հայ բնակչության դեմ կազմակերպաված սպանդը Ցեղասպանություն որակելու համար։
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը նամակ է հղել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչեվային: Նամակում մասնավորապես ասված է. «Միջազգային հանրության կողմից Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկվի` իրավական, քաղաքական, ֆինանսական, բարոյական առումով: Եթե ժամանակին Սումգայիթի ոճրագործությանը տրվեր համարժեք գնահատական, ապա տեղի չէին ունենա Բաքվի ու ադրբեջանական այլ բնակավայրերի հայ բնակչության կոտորածները»: «Ինչո՞ւ մինչ օրս այս միջազգային հեղինակավոր կազմակերպությունը չի տվել իր համապատասխան գնահատականը` 1988-92 թթ.Ադրբեջանի կողմից հայության հանդեպ իրականացված ջարդերին, որոնք իրենց բնույթով լիովին համապատասխանում են 1948 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին»,- ասված է նամակում:
Այսօր ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակից ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին տեղեկացրեցին, որ թերևս փոքր-ինչ ուշացումով, բայց ՄԱԿ-ի ներկայացուցչությունն անպայման հանդես կգա համապատասխան արձագանքով:
ArmAr.am












