Ցեղասպանությունը ոչ միայն տարածքի, հայ ազգի մեկ ու կես միլիոն մարդու, այլ նաև մեր մշակույթի մեծ մասի կորուստ է:
Գրականագետ Ազատ Եղիազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում հայ մտավորականների համար անհասկանալի շատ կետեր կան: «Հանրապետության նախագահը մտավորականության հետ հանդիպելու և նրանց հուզող հարցերը պարզաբանելու փորձ ունի: Ես կցանկանայի, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս նույն կերպ վարվեր»,-ասում է նա: Պարոն Եղիազարյանի կարծիքով անհեթեթություն է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու միտքը, քանի որ աշխարհի շատ պետությունների խորհրդարաններ վաղուց ընդունել են Հայոց Ցեղասպանությունը: Փոխարենը, նա ևս այն տեսակետն ունի, որ անհրաժեշտ է ստեղծել մի հանձնաժողով, որը կուսումնասիրի և կհստակեցնի թուրքերի կողմից հայ ազգին պատճառած այլ վնասների` տեղահանության, մշակութային արժեքների ոչնչացման, պատմամշակութային հուշարձանների հանդեպ ցուցաբերած բարբարոսության չափը: «19-րդ դարավերջին հայկական մշակույթը երկու գեղեցիկ ճյուղերից բաղկացած ծառ էր: Եղեռնի հետևանքով կտրվեց այդ ծառի ճյուղերից արևմտահայ մշակույթի ճյուղը` Պարոնյան, Դուրյան, Պեշիկթաշլյան, Չուխաջյան… հայ ազգը հսկայական մշակութային վնաս կրեց, և որի մասին ցավոք շատ չի խոսվում»,- ասում է գրականագետ Ազատ Եղիազարյանը:
Նրա կարծիքով պետք է շատ բարձր ամբիոններից հասկացնել թուրքերին, թե ինչ հսկայական վնաս են հասցրել մեզ և մեր ապագա սերունդներին: Նա ընդունում է, որ 21-րդ դարի պայմաններում անհնար է կողք-կողքի ապրել փակ սահմաններով, սակայն, ունի անհանգստություններ, որոնք, ըստ նրա, անտեսել չի կարելի: «Հարկավոր է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուց առաջ հաշվի առնել նաև Սփյուռքում առկա տեսակետները»,- ասում է նա, իսկ հայ թուրքական բարեկամության հուշարձան կառուցելու թուրքերի առաջարկը, որն օրերս արտահայտել էր այդ երկրի մշակույթի նախարարը, անիրատեսական է համարում: «Դեռ շատ վաղ է հայ-թուրքական բարեկամության մասին խոսելը, առավել ևս թուրքերի կողմից բարեկամության հուշարձան կառուցելու առաջարկությունն ընդունելը: Երբ թուրքերը կընդունեն Հայոց Ցեղասպանության փաստը, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել այդ մասին, և ես այն հայերից մեկը կլինեմ, որը կողջունեմ նրանց առաջարկը»,-ասում է նա:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ












