Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Հայաստանում վերականգնում են, Վրաստանում ու Ադրբեջանում` ավերում

Հունվար 20, 2010թ. 18:26

P1000999_smallՀայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ հայկական Գյումրի քաղաքում կվերականգնվի ռուսական բանակի 156 սպաների հուշակոթողը, ովքեր զոհվել են 1855 և 1877-1878 թթ. ռուսթուրքական պատերազմների ժամանակ»: Այս մասին РИА REGNUM Новости-ի գործակալությանը հայտնել են հայ-ռուսական «Պատվի հարց» բարեգործական կազմակերպությունից, որն անմիջականորեն մասնակցում է վերականգնման աշխատանքներին: Ասենք, որ  խոսքը Գյումրու «Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանոցի մասին է:

Գերեզմանոցն ստեղծվել է 1855 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Ն.Մուրավյովի հրամանով: Այստեղ են հանգչում ռուս սպաների, այդ թվում գեներալ Կովալևսկու, իշխան Գագարինի, Գրաբեի, Չելոկաևի աճյունները:

Խորհրդային տարիներին (1956-1975թթ.) քաղաքային իշխանության թողտվությամբ գերեզմանոցը քանդվեց, տապանաքարերը՝ ջարդվեցին, իսկ գերեզմանոցի վրա կառուցվեց մանկական բժշկական կենտրոն: 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած վեց ընտանիքներ տեղավորվեցին կենտրոնի շենքում, իսկ գերեզմանոցի տարածքը վերածվեց կենցաղային մնացորդների աղբանոցի:

Հիշեցնենք, որ Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Ռուսաստանն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին, 1855 և 1877-1878 թթ. ռուսթուրքական պատերազմների ժամանակ ռուսական բանակի զոհված սպաների հուշակոթողի (Գյումրի) վերականգնման աշխատանքներին աջակցելու համար»: «Մենք պայմանավորվեցինք, որ հուշակոթողի բացումը կդառնա Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնակատարությունների նշանակալից իրադարձություններից մեկը»:

Միևնույն ժամանակ,  РИА “Новости” գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Մոսկվան անհանգստացած է Տաշքենդում Խորհրդային զինվորի հուշարձանի ապամոնտաժման առիթով: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գ. Կարասինը՝ Ռուսաստանում Ուզբեկստանի դեսպանի ուշադրությունը հրավիրել է հուշարձանի ապամոնտաժման առիթով ռուս հասարակության շրջանում անհանգստության և բացասական վերաբերմունքի վրա:

«Մերոնք» երիտասարդական շարժումն արշավ է սկսել՝ ի պաշտպանություն Տաշքենդում խորհրդային զինվորի հուշարձանի: Շարժման մասնակիցները կոչ են  արել Ուզբեկստանի իշխանություններին՝ ետ կանգնել պատմությունը «վերաշարադրելու» ճանապարհով այն կեղծելու փորձերից:

Նախկին ԽՍՀՄ տարածքում շարունակվում է «պատերազմը» Մեծ Հայրենականի հուշարձանների դեմ. վերջերս Վրաստանի Քութայիս քաղաքում, նաև Ադրբեջանում պայթեցվեցին խորհրդային զինվորի հուշահամալիրները:

Ռուզաննա Ավագյան


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն