Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

ՀՀ ԱԳ նախարար. «Թուրքական կողմը շարունակաբար և բացահայտորեն փորձում է նախապայմաններ առաջ քաշել»

Հունվար 20, 2010թ. 20:35

NalbandyanԻնչպես արդեն հայտնի է այսօր` հունվարի 20-ին Հայաստանի ԱԳ նախարարության   նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ:   ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը խնդրի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է, թե  Էդվարդ Նալբանդյանն իր տարակուսանքն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առիթով` Թուրքիայի ԱԳՆ կողմից հունվարի 18-ի հայտարարության կապակցությամբ:

Նախարարը նշել է, որ արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը չհակասելու մասին Սահմանադրական Դատարանի որոշման մեջ նախապայմաններ և հիմնարար նպատակի հետ հակասություն տեսնելը առնվազն զարմանք է հարուցում:

Նա մտահոգություն է հայտնել առ այն, որ Թուրքիայում 2009թ. հոկտեմբերից ի վեր վավերացման գործընթացում որևէ առաջընթաց չի նկատվում: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը շարունակաբար և բացահայտորեն փորձում է նախապայմաններ առաջ քաշել. դա ստեղծում է արհեստական պատրվակների փնտրտուքի տպավորություն եւ վտանգի տակ է դնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը:

Հայաստանի ԱԳ նախարարը, դրական գնահատելով այն փաստը, որ թուրքական կողմը հունվարի 18-ի ԱԳՆ հայտարարությամբ հրապարակավ վերահաստատել է նախապայմաններ առաջադրելու վնասակարությունը` իր թուրք գործընկերոջն առաջարկել է հավատարիմ մնալ արձանագրությունների տառին եւ ոգուն և արագ առաջ ընթանալ:

Է. Նալբանդյանը հավելել է, որ Հայաստանում վավերացման գործընթացը` ընթանում է սահմանված կարգով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ: Նա նաեւ վերահաստատել է, որ անհրաժեշտ է, համաձայն ստանձնած հանձնառությունների, հետամուտ լինել արձանագրությունների անհապաղ վավերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված մտացածին պատրվակներ առաջադրելու գործելաոճից։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն