Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

Թուրքիա. Երազից դեպի երազախաբություն

Հունվար 21, 2010թ. 11:55

2«Հայաստանը խախտեց խաղի կանոնները», «Կարգավորման գործընթացը բարդացավ», «Հայաստանի հետ կարգավորման գործընթացում` լուրջ խոչընդոտ», «Սառը ցնցուղի ազդեցություն», «Հայաստանի կողմից «ցեղասպանության» հարված արձանագրություններին». Այս ու նմանատիպ արտահայություններով թուրքական մամուլում բնութագրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ:

Մեր երկրի գերագույն դատական ատյանը, ըստ էության, նախանշեց ու արգելափակեց բոլոր այն ծուղակներն ու խոռոչները, որտեղ դարանակալել էին Թուրքիայի արտաքին քաղաքական ակնկալիքները: Ահա թե ինչու ՍԴ-ի կայացրած որոշման 8 էջանոց հիմնավորման փաստաթղթի հրապարակումից հետո Անկարան իսկույն ջղաձգության սուր նոպաներ դրսևորեց:

Հունվարի 18-ին Թուրքիայի ժամանակով 23:59-ին այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը տարածեց մի հաղորդագրություն, որը խստորեն դատապարտում էր ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշումը` պատճառաբանելով, թե այն բովանդակում է արձանագրությունների տառին ու ոգուն հակասող դրույթներ: Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած գերատեսչությունը տագնապած բարձրաձայնեց, թե իբր հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում, որոնք բացարձակապես անընդունելի են Անկարայի համար: Պաշտոնական այդ հաղորդագրությունում նույնիսկ հստակեցված չէր, թե այդ որ հատվածում է Երևանը շեղվել արձանագրությունների բովանդակությունից: Թուրքիայի արտգործնախարարության հիստերիկ գրոհին Սաուդյան Արաբիայից միացավ վարչապետ Էրդողանը, ով կատարվածը բնութագրեց իբրև օպերացիա արձանագրությունների տեքստերի վրա: Եվ սա ասում է մի մարդ, ով սեփական բերանը փակել չկարողանալու և ադրբեջանական չեղած տարածքների օկուպացիայից խոսելու պատճառով բազմիցս վնասել է հայ-թուրքական կարգավորման գործընթացը:

Դավութօղլուի և Էրդողանի գրավոր ու բանավոր մերկապարանոց հայտարարություններին հաջորդեցին  թուրք փորձագետների ու ընդդիմադիր գործիչների հնչեցրած դիտարկումները, որոնք պարզորոշ ցուցանեցին, թե որ հարցերում են Անկարայի ակնկալիքները փակուղի մտել: Եվ այսպես` թուրքերի բարձրացրած աղմուկը հետևանք է ստորև ներկայացվող երեք հիմնական պատճառների:

1. Հայաստանը մտադիր չէ վերաճանաչել 1921 թվականին կնքված Կարսի պայմանագիրը, քանի որ դատարանի որոշման տեքստում նշված է «փաստացի սահման» ձևակերպումը: Բացի այդ. հղում է արվելով ՀՀ Սահմանդրության 6-րդ հոդվածին` որոշման մեջ նշվում է, որ միջազգային պայմանագրերը կարող են գործողության ուժ ստանալ միայն այդ հոդվածին չհակասելու դեպքում: Իսկ սահմանադրական հոդվածում ամրագրված է, որ միջազգային պայմանագրերը անհրաժեշտաբար պետք է անցնեն Հայաստանի Հանրապետության վավերացման ընթացակարգի մեխանիզմով: Սա թուրքերը ընկալում ու մեկնաբանում են հետևյալ կերպ. Հայկական կողմը հարցականի տակ է առնում ոչ միայն Կարսի, այլ նաև Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերը:

1921թ. Ստորագրված Կարսի պայմանագրում չկա այնպիսի մի հոդված, որը պահանջի որոշ ժամանակ անց վերահաստատել այն: Հետևաբար, կողմերից մեկի`Անկարայի պահանջն այդ պայմանագիրը վերահաստատելու մասին` իմաստազուրկ է: Հիշեցնենք, որ պայմանագիրը ստորագրած կողմերը 1922 թվականին հավաքվեցին Թբիլիսիում և որոշում ընդունեցին պայամանագրի դրույթների կիրառման մասին, համաձայն որոնց, կողմերը պարտավորվեցին բացել դեսպանություններ և հյուպատոսություններ: Մինչև 1924թ. Երևանում գործում էր Թուրքիայի դեսպանատունը, իսկ Գյումրիում` հյուպատոսարանը: Կարսում էլ Հայաստանն ուներ իր հյուպատոսությունը: Սակայն 1924թ. Թուրքիան դադարեցրեց հարաբերությունները: Նշանակում է Կարսի պայմանագրի հիմնական դրույթներից մեկը Թուրքիան է խախտել: Պայմանագրի մեկ այլ դրույթով էլ նախատեսվում էր, որ Թուրքիան չպետք է փակի երկաթգիծը, մինչդեռ այսօր այդ ամենը չկիրառողը հենց Թուրքիան է:

2. Սահմանադրական դատարանի կայացրած որոշման տեքստում հղում է արվում ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածին, որտեղ խոսվում է կորուսյալ հայրենիքի` Արևմտահայաստանի, Հայոց ցեղասպանության մասին: Սա թուրքերի ճշմարիտ ընկալմամբ նշանակում է, որ հայկական կողմը չի պատրաստվում բանավեճի առարկա դարձնել Ցեղասպանության հարցը, առավել ևս դա մտցնել ձևավորվելիք միջպետական հանձնաժողովի պատմական ենթահանձնաժողովի քննարկումների օրակարգում: Մինչդեռ թուրք փորձագետների խոսքով` դա առանցքային նշանակություն ուներ Անկարայի համար:

Ցեղասպանություն և հայրենազրկում, արյան դատ ու խլված իրավունք… հայկական պետությունը երբեք դիվանագիտական առուծախի առարկա չի կարող դարձնել ազգային մեծ վիշտը: Թուրքերը սա պարտավոր էին գիտակցել: Մանավանդ որ հայկական կողմն այդ մասին բացահայտ ու ընկալելի ձևով բազմիցս ասել է, այդ թվում և նախագահի մակարդակով: Ամենայն հավանականությամբ, թուրքերը կերակրվում էին այն հույսով, որ Հայաստանի նախագահի կամ այլ պետական գործիչների հայտարարությունները նորմատիվ ակտեր չեն, ու Ցեղասպանության թեման լավ էլ կքննարկվի մասնագետների կողմից: Բայց ոչ: Հայաստանի Սահմանադրական դատարանը հստակ գծեց միջպետական դիվանագիտության այն կարմիր գիծը, որից այս կողմ սողոսկելու իրավական ու բարոյական ոչ մի իրավունք Թուրքիան չունի:

3. Հայաստանի ՍԴ-ն իր որոշման մեջ արձանագրել է, որ հայ-թուրքական արձանագրությունները բացառապես վերաբերում են Հայաստանին ու Թուրքիային և այլ բան չեն նշանակում բացի երկկողմ միջպետական հարաբերությունների կարգավորմանը միտված փաստաթուղթ լինելուց: Սա թուրքերի համար նշանակում էր, որ Հայաստանը նորմատիվ ակտով վճռական վերջակետ է դնում Անկարայի կողմից շարունակ  հնչեցվող այն նախապայմանին, թե հայ-թուրքական կարգավորումը հնարավոր է միայն ղարաբաղյան հիմնախնդրի առաջընթացով:

Եվրաատլանտյան ճամբարը, Կրեմլը և պաշտոնական Երևանն այդ երկու կարգավորման գործընթացների տարանջատ լինելու մասին ասել են արձանագրությունների ստորագրումից դեռ շատ առաջ: Նույնքան վաղուց էլ Թուրքիան է փորձում առաջ քաշել  դրանք միմյանցով պայմանավորելու հարցը: Բայց, փաստորեն, ապարդյուն:

Այժմ Թուրքիայի ընդդիմադիր ուժերը կառավարությունից պահանջում են հետ կանչել արձանագրությունները խորհրդարանից: «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը բնութագրել է իբրև ամոթալի պարտություն թուրքական դիվանագիտության համար:

Անկարայի համալսարանի «Եվրոպական հասարակությունների ուսումնասիրման կենտրոնի (ATAUM) անցկացրած վերջին սոցհարցումներից պարզվել է, որ թուրքերի 35 տոկոսը կողմ է արձանագրությունների վավերացմանը ազատագրված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման պայմանով, 28 տոկոսը` Ցեղասպանության պայքարից հրաժարվելու դիմաց, իսկ 27 տոկոսն էլ առհասրակ դեմ այդ փաստաթղթերի ստորագրմանը: Իսկ այն հարցին, թե որ պետությունն է Թուրքիայի համար թշնամի երկիր, Հայաստանը 10.9 տոկոսով նշվել է երկրորդ տեղում` հաջորդելով Միացյալ Նահանգներին և նախորդելով Իսրայելին: Ընդ որում հարցվածների գրեթե 45 տոկոսը եղել են ուսանողներ… ահա թուրք երիտասրադության վերաբերմունքը հայերի ու հայոց պետականության նկատամամբ: Այսքանից հետո մնում է կարծել, որ մեր հանդեպ թշնամաբար տրամադրված պետության հետ եթե նույնիսկ արձանագրությունների գործընթացը տապալվի, ապա հոգ չէ: Դա այն դեպքը կլինի, երբ կարելի է վստահաբար ասել. «Բացասական արդյուքն էլ է արդյունք»: Իսկ առայժմ կարելի է համոզված լինել, որ մեր վերքերի վրա առևտուր անելու պանթուրքական երազն ավարտվում է երազախաբությամբ:

Մխիթար ՆԱԶԱՐՅԱՆ

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն