Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Թուրքերն ամեն ինչի դիմում են արձանագրությունների քննարկումից խուսափելու համար

Հունվար 21, 2010թ. 12:28

billiardsՎերջին օրերի թուրքական քաղաքական ջղաձգումները մեկ անգամ ևս փաստում են, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին ճիշտ էր և Հայաստանի շահերից բխող:

Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումները թե հայ-թուրքական սահմանի բացման և թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում առայժմ կարելի է բաժանել երկու փուլի` մինչև ՀՀ ՍԴ որոշումը և դրանից հետո: Ընդ որում, այդ երկու փուլերը իրարից բավականին տարբերվում են իրենց բնույթով և քաղաքական բովանդակությամբ: Նպատակի մասին վաղուց գիտենք:

Մինչև ՀՀ ՍԴ որոշումը Թուրքիայի դիվանագիտական հայտարարությունների առանցքը սպասողականությունն էր և ժամանակ առ ժամանակ միջազգային համաձայնագրերի տառին ու ոգուն իր հավատարմությունը հայտնելը: Սպասողականությունը` հատկապես հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում, իսկ երկրորդը նախատեսված էր եվրոպական քիմքի համար:

Սպասողականության մասին:

Մի պահ պատկերացնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ արձանագրությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Ակամայից լսվում է թուրքական ոռնոցը եվրոպական բոլոր ատյաններում, թե Հայաստանը խախտում է բոլոր համաձայնագրերը, դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, չի կատարում իր պարտավորությունները և այլն: Թուրքերը վստահ էին, որ հենց նման որոշում է կայացվելու, բայց սխալվեցին իրենց քաղաքական հաշվարկների մեջ: Եվ ՍԴ որոշումը սառը ջուր լցրեց Թուրքիայի գլխին:

Բայց հիմա քայլը Թուրքիայինն է, որը նա ոչ մի կերպ չի ուզում կատարել և դիմում է տարբեր խորամանկությունների, որոնցից մանավանդ վերջին օրերին հաճախ հիմարության հոտ է գալիս:

Սրանով էլ նշանավորվում է երկրորդ փուլը: Օրինակ` Թուրքիայի` անմիջապես հետարձանագրային հայտարարություններում, երբ խոսվում էր սահմանները բացելու մասին, չկար օդային սահման և ցամաքային սահման տարանջատում: Հավանաբար, խաղաքարտը պահել էին այսօրվա համար: Հիմա արդեն Էրդողանը հայտարարում է, թե ցամաքային սահման բացելը բոլորովին այլ հարց է, և դա կապում է ԼՂ ազատագրված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման հետ: Այս ֆոնի վրա շատ հետաքրքիր է իմանալ Էրդողանի կարծիքը ջրային սահմանի բացման մասին, և թե ինչ զիջումների պետք է գնանք, ասենք, Արաքսը նավակով անցնելու համար:

Մոսկվայում նրան հասկացրին, որ այդ հարցերը նույն փաթեթում քննարկել չի կարելի /նույն տեսակետն է պաշտպանում նաև Վաշինգտոնը/, Էրդողանը Մոսկվայում կարծես սա հասկացավ, բայց հենց վերադարձավ Անկարա, աքլորը մեջն արթնացավ, ու կարծես ոչինչ  չէր հասկացել: Սա, իհարկե, հասկանալի էր և նախատեսված ներքին սպառման համար: Նաև խաղից դուրս հայտնված Ադրբեջանի, որը հիմա լարված հետևում է Երևան-Անկարա-Մոսկվա եռանկյունում տեղի ունեցող իրադարձություններին: Բայս այսօր արդեն այդ հայտարարությունները միջազգային ասպարեզում արժեք չունեն: Ինչ-որ առումով Թուրքիան հայտնվել է, շախմատային տերմինով ասած, ցուգցվանգի մեջ: Եվ ուրիշ բան չեն գտնում, քան ՀՀ ՍԴ որոշման մեջ «նախապայմաններ» հայտնագործելը: Այդ չեղած նախապայմանների մասին նախ հայտարարեց վարչապետ Էրդողանը, հետո էլ, հավանաբար նրա հանձնարարությամբ, ԱԳ նախարար Դավիթօղլուն: Տարօրինակն այստեղ այն է, որ Թուրքիան փորձում է քիթը խոթել Հայաստանի ներքին գործերի մեջ, այսինքն, ամեն ինչի դիմում են արձանագրությունների քննարկումից խուսափելու համար: Բայց նահանջելու տեղ էլ չկա, և սպասելիք` նույնպես:

Երեկ էլ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է հայտարարել, որ մինչև ԼՂ հակամարտությունը չկարգավորվի, հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն քննարկվի: Սա նշանակում է, որ Թուրքիայի ղեկավարներն այսօր միջազգային հանրությանը ուրիշ ասելիք չունեն, քան արդեն բազմիցս ասված ու նույնքան մերժված նույն միտքը թութակի պես կրկնելը:

Եվ ամենևին պատահական չեն վերջին շրջանում Ադրբեջանում հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարությունները, որոնց մասին խոսում են նույնիսկ ադրբեջանցի քաղաքագետներն ու վերլուծաբանները: Այն է` վերջնարդյունքում խաբվածի վիճակում հայտնված Ադրբեջանը ի վիճակի է կտրուկ և անկանխատեսելի քայլերի, որոնք կխառնեն բոլոր կողմերի խաղաքարտերը` վտանգելով խաղաղությունը ամբողջ տարածաշրջանում:

Թերևս:

Ավիկ Մարության

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն