Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Սերժ Սարգսյան.«Մենք պարտավոր ենք մեր գնահատականը տալ այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին»

Հունվար 21, 2010թ. 12:36

KAR_5466-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներին, ում ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը  ճանաչել են որպես լավագույններ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցանակակիրներին` գոհունակություն հայտնելով, որ պետական պարգեւների հանձնումն արդեն ավանդական բնույթ է կրում: «Ինձ համար սա շատ հաճելի պարտականություն է` մեկ անգամ եւս մեր պետության եւ ժողովրդի անունից երախտիքի ու գնահատանքի խոսքեր ասել այն մարդկանց, ովքեր զարգացնում են մեր մշակույթը, ովքեր, գոնե ժամանակակիցներիս կարծիքով, կարողացել են կերտել մնայուն ստեղծագործություններ:

Անշուշտ, ամենից կարեւոր դատավորը ժամանակն է, բայց մենք` ժամանակակիցներս պարտավոր ենք մեր գնահատականը տալ այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին: Եթե մենք դա չանենք, նշանակում է` մենք անհաղորդ ենք, ի վիճակի չենք նկատելու լավը: Ես վստահ եմ, որ վերջին տարիներին պետական մրցանակների արժանացած ստեղծագործությունների մեծ մասը, իրոք, բռնելու է ժամանակի քննությունը: Ես դրանում կասկած չունեմ: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հանձնախմբերի նախագահներին եւ անդամներին, որովհետեւ շատ հստակ պատկերացնում եմ, թե դուք ինչպիսի դժվարությունների առջեւ եք կանգնում: Փոքր պետություններում, մեր ավանդույթներն ունեցող եւ մեր ժողովրդի բնավորության գծերն ունեցող պետությունում շատ դժվար է ընտրություն կատարել, եւ ես շատ ուրախ եմ, որ ցուցաբերվում է սկզբունքային մոտեցում: Այս առումով, իհարկե, ոչ միայն ընդունելի, այլեւ խրախուսելի է, որ հանձնախմբի անդամները, նախագահներն առաջարկություններ ունեն կապված հրամանագրի հետ: Մենք հաճույքով կընդունենք այդ առաջարկությունները»,-ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ժամանակն է, որպեսզի ընդլայնվի նաեւ պետական մրցանակների ընդգրկումը եւ սահմանվեն երկու նոր մրցանակներ` ճշգրիտ եւ բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում:

Երկրի ղեկավարը հայտնել է, որ նաեւ որոշում է կայացվել մեծացնել մրցանակային ֆոնդը` կրկնապատկելով մրցանակակիրներին տրվող դրամական խրախուսանքի չափը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր հարված հասցրեց Հայաստանին, եւ դրա հետ կապված դժվարությունները դեռեւս ամբողջովին հաղթահարված չեն, սակայն, այդ ամենով հանդերձ,  պետությունը պետք է անգամ նման դժվարին պահին չմոռանա գրականության, մշակույթի, գիտնականի դերակատարության կարեւորությունը եւ դա ցույց տա ոչ միայն խոսքով, այլեւ գործով:

Հանրապետության Նախագահը արվեստագետներին մաղթել է ստեղծագործական ամուր եւ նպատակաուղղված կորով, լավ տրամադրություն, ստեղծագործական երջանիկ պահեր:

Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել երկրի ղեկավարին` մշակույթի բնագավառին պետական մակարդակով ցուցաբերվող շարունակական աջակցության համար եւ նշել, որ նման վերաբերմունքը լավագույն քաջալերանքն է արվեստագետներին ստեղծագործական նոր բարձունքների հասնելու համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն