Սինան Օգան. «Նույնիսկ եթե Հայաստանի ՍԴ-ն այդպիսի որոշում չկայացներ, միևնույն է` Թուրքիան չէր վավերացնելու և չէր բացելու սահմանը»
Թուրքական «Թուրքսամ» միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի նախագահ Սինան Օգանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը, որը մի կողմից հաստատում է, որ հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են երկրի Սահմանադրությանը, իսկ մյուս կողմից, հիմնովին փոխում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, Անկարային հնարավորություն տվեց փաստաթղթերը չներկայացնել խորհրդարան՝ վավերացնելու համար»:
Նրա խոսքերով, Թուրքիան առաջ էլ չէր շտապում դրանք վավերացնել, քանի որ առաջընթաց չէր նկատում ղարաբաղյան հակամարտության գործընթացում, չնայած ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ ուժեղանում էր ճնշումն Անկարայի վրա: Սինանը հիշեցրեց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է երկու երկրների հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու համար Աբդուլա Գյուլի՝ Երևան կատարած այցից, որն էլ սկիզբ դրեց «ֆոտբոլային դիվանագիտությանը»:
«Հայաստանը գիտակցում է, որ սահմանի բացումը բխում է իր շահերից: Սակայն Սահմանադրական դատարանի որոշումը վկայում է, որ Հայաստանի կառավարությունն ու ինստիտուտները, այդ թվում` Սահմանադրական դատարանը, ի վիճակի չեն այդպիսի որոշումներ կայացնել»,- ասում է Սինանը և շարունակում. «Բոլորն են հիշում, թե ինչպես 1997 թվականին այսպիսի քայլ իրականացնելու համար պաշտոնանկ արվեց Լևոն Տեր–Պետրոսյանը»: Նման վտանգ, նրա կարծիքով սպառնում է նաև Սարգսյանի վարչակազմին:
Միևնույն ժամանակ, թուրք փորձագետը նշել է, որ նույնիսկ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանն այդպիսի որոշում չկայացներ, միևնույն է Թուրքիան չէր վավերացնելու և չէր բացելու սահմանը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում առաջընթաց չգրանցվեր: Ապա հստակ բացել է խաղաքարտերը. «Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշմամբ թեթևացրեց Թուրքիայի խնդիրը»,- ասել է փորձագետը:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












