ԵՄ ներկայացուցիչ. «Խոսքի ազատությունը Թուրքիայում չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին»
Եվրախորհրդարանի գլխավոր խորհրդի քննարկումների օրակարգում Թուրքիայի ժողովրդավարացման հարցն է:
«Խոսքի ազատությունը Թուրքիայում չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին»,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով պատասխանատու Եվրահանձնաժողովի անդամ Օլլի Ռեհնը:
Թուրքական «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ` Եվրախորհրդարանում բարձրաձայնվել է Թուրքիայում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա, որոնք նպատակաուղղված կլինեն մարդու հիմնարար ազատությունների ապահովմանն այդ երկրում: Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում դեռևս քրեորեն հետապնդվում են իրենց մասնագիտական ու աշխատանքային պարտքը կատարող լրագրողները` Ռեհնը նշել է. «Այն ժամանակահատվածը, որը նախատեսված էր այդ թերություններն օրենսդրական բարեփոխումների ճանապարհով վերացնելու համար, արդեն եկել ու անցնում է: Բաց և ժողովրդավարական ամեն մի հասարակության համար կարևոր նշանակություն ունի խոսքի ազատությունը: Խիստ կարևոր է, որ ավելի հաճախ քննարկվեն այնպիսի զգայուն հարցեր, ինչպիսիք են Հայկական հարցը, քրդական հարցը, Կիպրոսի խնդիրը»:
Եվրախորհրդարանը Թուրքիայի ժողովրդավարացման առանցքային հարց է համարել ներկայումս ընթացող «Էրգենեքոնի» գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ Էրգենեքոն է կոչվում ծայրահեղ ազգայնական, ահաբեկչական այն կազմակերպությունը, որին անդամակցող և այժմ ձերբակալված բազմաթիվ զինվորականներ, պաշտոնաթող գեներալներ ու քաղաքական-հասարակական գործիչներ մեղադրվում են Թուրքիայում զինվորական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
ԵՄ պաշտոնյան դատապարտել է նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակումը` ընդգծելով, որ Թուրքիան արագորեն պետք է քաղաքական կուսակցությունների վերաբերյալ իր գործող օրենքները համապատասխանեցնի Եվրախորհրդի առաջարկներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական ակտերին:
ArmAr.am












