Հովիկ Աբրահամյանն ընդունեց Պիտեր Սեմնեբիին
Հունվարի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կանոնակարգելու գործընթացն էր: Հայաստանի խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ Թուրքիան հավատարիմ կմնա 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների տառին և ոգուն: Այդ համատեքստում պարոն Աբրահամյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին պատմեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ իր հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերի 23-ին Մոսկվայում Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Պարոն Սեմնեբիի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացը, որն ընթանում է համաձայն սահմանված կարգի և առանց անհարկի ձգձգումների: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ թուրքական կողմը պետք է հետամուտ լինի արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված քայլերից: Նա նշեց, որ հակառակ պարագայում հայկական կողմը պատրաստ է ձեռնարկել համապատասխան համարժեք քայլեր:
ArmAr.am












