Թուրքերի 10,9 տոկոսը Հայաստանը համարում են թշնամի պետություն
Անկարայի համալսարանի «Եվրոպական հասարակությունների ուսումնասիրման կենտրոնը» (ATAUM) անցկացրել է սոցհարցում: Ընդորում, հարցման են ենթարկվել բացառապես բարձրագույն կրթություն ունեցողները: Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի տեղեկացմամբ` այն հարցին, թե ո՞ր պետությանը կարելի է համարել Թուրքիայի թշնամի, ըստ տոկոսային հարաբերության, հնչել են այսպիսի պատասխաններ. ԱՄՆ` 37.5 տոկոս, Հայաստանի Հանրապետություն` 10.9 տոկոս, Իսրայել` 10.6 տոկոս, Հունաստան` 6.1 տոկոս, Ֆրանսիա` 5.1 տոկոս: Ի դեպ` հարցվածներ 44.7 տոկոսը եղել են ուսանողներ: Իսկ որպես բարեկամ երկրներ նշվել են Ադրբեջանը` 30 տոկոս, և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը` 15.7 տոկոս:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած արտաքին քաղաքականությունը դատապարտել և անհաջող է համարել հարցվածների 38.8 տոկոսը:
Հնչել է նաև` «Ինչպիսի՞ երկիր է Թուրքիան» հարցադրումը: 28.9 տոկոսը պատասխանել է, որ Թուրքիան եվրոպական երկիր է, 22.6 տոկոդը` թուրքական հանրապետություններից հերթականն է, 15.5 տոկոսը` իսլամական երկիր է, 11.4 տոկոսը` մերձավորարևելյան երկիր է, 8,7 տոկոսը` միջերկրածովյան պետություն է, իսկ 8.6 տոկոսի կարծիքով էլ Թուրքիան ասիական երկիր է: Հարցվածների 53,3 տոկոսը ողջունել և խրախուսել է Թուրքիայի եվրաանդամակցությունը:
Հարցվածները արտաքին քաղաքականության օրակարգում ցանկություն են հայտնել տեսնել հետյալ հարցերի լուծումը. ԵՄ-ի հետ հարաբերությունները` 28 տոկոս, ահաբեկչության դեմ պայքարի հարցը` 27.7 տոկոս, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը`15.8 տոկոս, ԱՄՆի հետ հարաբերությունները` 9.9 տոկոս, իսլամական երկրների հետ հարաբերություները` 7 տոկոս:
Այն հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերցաման ինչպիսի՞ սցենարի եք կողմ, հնչել են այսպիսի պատասխաններ.
1.վավերացնել, երբ հայերը դուրս գան «գրավյալ» տարածքներից` 35 տոկոս,
2. վավերացնել, երբ հրաժարվեն Ցեղասպանության պայքարից` 28.6:
3. միայն 6,1 տոկոսն է կողմ արտահայտվել այդ փաստաթղթերի վավերացմանն առանց նախապայմանների:
4. 27.5 տոկոսն, ընդհանրապես, դեմ է դրանց վավերացմանը:
ArmAr.am












