Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Հակոբ Չաքրյան.«Թուրքիան նպատակ ունի Հայաստանի վրա բարդել գործընթացի ձախողումը»

Հունվար 21, 2010թ. 20:00

H.Chaqryan1ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկնաբանելով այսօր տարածված այն լուրը, թե հայ-թուրքական  արձանագրությունները քննարկվում են Թուրքիայի  նախարարների խորհրդի նիստում` նկատեց. «Նախ հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սակայն դրանք դեռ հանձնաժողովում չեն քննարկվել: Այսօր շրջանառվող լուրը վերաբերում է նրան, որ նախարարների խորհրդը ոչ թե  արձանագրություններն է քննարկում, այլ դրանց հետ կապված` ՀՀ Սահմանադրական դատարանի վերապահումները»:

Ինչպես նկատում է թուրքագետը, ակնհայտ է, որ Թուրքիան ուզում է հետքայլ կատարել, և այդ նպատակով փորձում է օգտագործել Հայաստանի Սահմանադրական դատարանի  որոշումը: Թուրքական կողմը, միաժամանակ, նպատակ ունի Հայաստանի վրա բարդել  հարաբերությունների կարգավորման գործընթացից իր հրաժարման ողջ պատասխանատվությունը:

«Այդ արձանագրությունները ստորագրվել են միջազգային ուժերի ճնշման տակ, և Թուրքիան ոչ թե դիմակայել է այդ ճնշումներին, այլ ընտրել է մեկ այլ մարտավարություն` ցանկացած առիթ օգտագործել կարգավորման գործընթացը ձախողելու համար. Հայաստանին դարձնել ձախողման  պատասխանատու կողմ, իսկ ինքը` այս ամենից մաքուր դուրս գա: Սա է  ողջ իրողությունը»,- նկատում է Հակոբ Չաքրյանը:

Սակայն, այստեղ լուրջ գործոն է նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը և հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան ունի հստակ ակնկալիքներ` հնարավորինս շատ զիջումներ պարտադրել Հայաստանին: Սակայն, Հակոբ Չաքրյանի համոզմամբ, Թուրքիայի ակնկալիքները չեն արդարացել. «Քանի որ և’ Բարակ Օբաման, և’ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Թուրքիայի վարչապետ  Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հստակ ընդգծեցին, որ ոչ մի կապ չկա ու չի կարող լինել  Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների  կարգավորման գարծընթացների միջև»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն