Սև հունվար՝ ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների «ցեղասպանության» օր
Ադրբեջանական կեղծարարության մասշտաբներն ու նպատակները հասկանալու համար` հարկ է նաև ծանոթանալ նրանց իրականացրած միջոցառումներին ու ծրագրերին:
Բաքվի հայկական ջարդերը սկսվեցին 1990թ.-ի հունվարի 13-ին: Նախքան այդ երբեմն որոշ տեղեր հայերի ահաբեկություններ, սպանություններ տեղի էին ունենում, սակայն 13-ից սկսած դա ընդունեց զանգվածային բնույթ:
Ինչպես Սումգայիթում, այնպես էլ` Բաքվում, զորքերը մտցվում են հունվարի 19-ին, այն ժամանակ, երբ արդեն հայկական ջարդերն ավարտված էին: Թվում է` զորքեր կարող էին և չմտցվել, եթե Ադրբեջանում վտանգի տակ չլիներ խորհրդային իշխանությունը:
Մոսկվան, հայկական ջարդերն օգտագործելով որպես պատրվակ, զորքեր մտցրեց Բաքու` ջախջախելու խորհրդային իշխանության տապալմանը ձգտող Ժողճակատին: Խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք են հասան հունվարի 19-ին` ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ: Գործողությունը համակարգում էր պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը:
Սպանվում են հարյուրին մոտ ցուցարարներ և գրոհայիններ, որոնց մի մասը մասնակցել էր Բաքվի հայկական ջարդերին (ադրբեջանական տվյալներն էլ չեն համընկնում մեկ-մեկու և տատանվում են 137-ից 177 մարդու): Բախումների ընթացքում սպանվում են խորհրդային բանակի, տարբեր տվյալներով մոտ 20-ից 35 զինվոր: Հետաքրքրական է, որ զինվորներից շատերը զոհվել էին հրազենի գնդակներից, ինչը նշանակում է, որ զինվորների ու «խաղաղ բնակչության» միջև տեղի են ունեցել իրական մարտեր: Հունվարի 20-22-ի դեպքերի հետևանքով Բաքվում սպանվածները թաղվեցին նահատակների` Շեհիդների ծառուղում: Հետագայում այստեղ թաղվեցին նաև ղարաբաղյան պատերազմի զոհերը և հունվարի 20-ը դարձավ արդեն անկախ Ադրբեջանի սգո օր և ամեն տարի այդ առիթով անց են կացվում տարբեր միջոցառումներ:
Հատկապես այս տարի, իրադարձությունների 20-ամյակի կապակցությամբ միջոցառումների ցանկը մեծ էր ու ընդգրկուն: Հունվարի 20-ից դեռ 10 ար առաջ ամեն օր ելույթներով ու «խաղաղ ադրբեջանցիների ցեղասպանության» դատապարտումով հանդես էին գալիս Ադրբեջանի քաղաքական, մշակութային, պաշտոնական շրջանակների ներկայացուցիչներ: Բացի ելույթներից իրականացվեցին նաև գիտաժողովներ, քննարկումներ, գրքերի և ֆիլմերի շնորհանդեսներ և այլ հիշատակման ծրագրեր:
Հատկանաշական է, որ երբեք չի նշվում սովետական զորքերը Բաքու մտցնելու պատճառը, որը տեղի էր ունեցել ՄԱԿ–ի պահանջով, որպեսզի պաշտպանվի հայ բնակչությունը արդեն մոտ մեկ շաբաթ ընթացող կոտորածից:
Արդրբեջանական կեղծարարության մաշտաբներն ու նպատակները հասկանալու համար ստորև կթվարկենք «հունվարյան Բաքվի ադրբեջանցիների ցեղասպանության» հիշատակման միջոցառումներիի և ծրագրերի որոշ մասը:
Այսպես. 2010 թվականի հունվարի 13-ին Ադրբեջանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 20 հազար օրինակով հրատարակեց դրոշմանիշ՝ նվիրված հունվարի 20-ի զոհերի 20 ամյակին[1]:
Բաքվի «Հունվարի 20» մետրոյի կայարանի մոտ հունվարի 14-ին բացվեց «Շահիդներ» հուշարձանային համալիրը[2]: Համալիրն ունի 8 մետր բարձրություն և զբաղեցնում է 1400 խորհանարդ մետր տարածք: Համալիրի վրա ոսկե տառերով գրվել են հունվարի 20-ի ադրբեջանցի զոհերի և վիրավորների ազգանունները, ինչպես նաև Հեյդար Ալիևի խոսքն այդ իրադարձությունների կապակցությամբ: Հունվարի 20-ի զոհերին նվիրված հուշարձաններ բացվեցին և եղածները վերանորոգվեցին նաև Ադրբեջանի այլ քաղաքներում:
Հունվարի 15-ին ԱՀ-ան (Ադրբեջանի Հանրապետություն) նախագահի գրադարանը պատրաստել էր էլեկտրոնային ռեսուրս՝ նվիրված հունվարի 20-ի իրադարձություններին[3]: Էլեկտրոնայում ռեսուրսում հավաքված են փաստեր (ըստ ադրբեջանցիների) ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հունվարի 19-ին տեղի ունեցավ ուսանողական ակցիա «Ես 20 տարեկան եմ» անվանումով, որին մասնակցում էին տարբեր բուհերի 20 ամյա ուսանողներ: Ակցիայի շրջանակում ուսանողները տարածեցին նկարներ և բուկլետներ, ինչպես նաև տեղի ունեցավ գիտաժողով[4]: Նույն օրը ԱՀ ֆիլարմոնիկ համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հունվարի 20-ի զոհերի հիշատակին[5]:
Հունվարի 19-ին Բաքվում տեղի ունեցավ գիտաժողով, որին մասնակցում էին փոխվարչապետը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի տեղակալն ու այլ պաշտոնական անձիք: Գիտաժողովի ընթացքում փոխվարչապետը հայտարեց, որ Գորբաչովն է այդ դեպքերի մեղավորը և նրան պետք է դատի տալ[6]: Ըստ նրա՝ Գորբաչովն է գշտեցրել հայերին ու ադրբեջանցիներին և վերջում էլ զորք է մտցրել ադրբեջանցիներին կոտորելու համար: ԱՀ Մեջլիսին, Գորբաչովին և իրադարձությունների այլ մեղավորների դեմ մարդու իրավունքների միջազգային դատարան հայց տալու պահանջով հանդես եկավ նաև Կովկասի մահմեդականների ղեկավարությունը[7]:
Զոհերի հիշատակման երեկույթներ տեղի ունեցան նաև Վրաստանի ադրբեջանաբնակ Մոռնեուլ[8] և ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքներում[9]:
Վերը մենք նշեցինք հունվարի 20-ի ադրբեջանական մեկնաբանությամբ իրադարձություններին նվիրված միջոցոռումների մի մասը միայն, սակայն այդքանով էլ պարզ է դառնում ադրբեջանական պետության կողմից պատմության կեղծարարության մակարդակը, որը մի ողջ հասարակություն դաստիարակում է կեղծ իրականության ու հակահայկական գաղափարախոսություններով և մենք լինելով աշխարհագրորեն հարևան պետություն՝ երբևէ առնչվելու ենք այդ հակահայկականության և այլ կեղծարարությունների հետ:
Վահրամ Միրաքյան
[1] В Азербайджане выпущена марка, посвященная трагедии 20 Января, ANS PRESS
[2] У станции метро «20 Января» создан мемориальный комплекс «Шехиды», АзерТАдж
[3] Библиотека Президента Азербайджана подготовила электронный ресурс, посвященный трагедии 20 Января, АПА
[4] В Азербайджанской филармонии пройдет мероприятие, посвященное трагедии 20 Января, Day.Az
[5] 19 января в Азербайджанской государственной филармонии пройдёт мероприятие, посвящённое трагедии 20 Января. Day.Az
[6] Заместитель премьер-министра Азербайджана: «Горбачев сегодня жив, но даже в случае его смерти он должен быть судим посмертно», /ru.apa.az/
[7] Управление мусульман Кавказа приняло обращение в Милли Меджлис в связи с трагедией 20 Января, Trend News
[8] В грузинском городе Марнеули пройдут мероприятия, посвященные памяти жертв 20 Января, Trend News
[9] В Хьюстоне отмечена годовщина трагедии 20 Января, Trend News












