Գլխավոր » Հարցազրույցներ, Քաղաքականություն

Պիտեր Քաուի. «Ցեղասպանության հարցը պետք է իր արդար լուծումը գտնի»

Սեպտեմբեր 9, 2009թ. 14:58

Բացառիկ հարցազրույց Լոս-Անջելեսի UCLA համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, շոտլանդացի պրոֆեսոր Պիտեր Քաուի հետ

–         Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական մերձեցումը կարող է երկրորդ պլան մղել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունման հարցը

–         Անշուշտ, ցանկալի է բարիդրացիական հարաբերությունների ստեղծումը հարևան երկրների միջև, մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը կնպաստի տնտեսության զարգացմանը, ինչու չէ նաև ուսումնական ու մշակութային համատեղ ծրագրերի իրականացմանը: Այն բարդ դիվանագիտական գործընթաց է, որի վերջակետը դեռևս դրված չէ, ուստի կառավարությունը պետք է բավական սթափ և զգույշ քաղաքականություն վարի, և հարաբերությունների մերձեցումը երբեք չպետք է նշանակի, որ Ցեղասպանության հարցը դառնում է լուսանցքային հարց և մղվում է հետին պլան, քանի որ Ցեղասպանության հարցը պետք է իր արդար լուծումը գտնի:

–         Գիտնականների մի խումբ տեսակետ էին հայտնել, թե իբր հայերն այս տարածաշրջանում վերաբնակեցվել են` կասկածի ենթարկելով հայերի` տեղաբնակներ լինել-չլինելու հարցը

–         Այն գիտնականները, որոնք տարածել են այդ տեսակետը, պետք է ավելի լրջորեն ուսումնասիրեն  փաստերը: Հայ, հույն, լատին և այլ ազգի պատմիչներ պատմական բազում փաստեր են ներկայացրել  հայերի բնակության մասին, և հայտնի է, որ ներկայիս Թուրքիայի  արևելյան հատվածը Մեծ Հայքի և Փոքր Հայքի տարածքներ են եղել: Սակայն երբ խոսքը վերաբերում է լեզվական արմատներին, ապա հայտնի է, որ հայերենի և ընդհանուր նախահնդեվրոպական  լեզվի  միջև օրգանական կապ կա, ուստի գիտնականները փորձում են պատասխանել այն հարցերին, թե ովքե՞ր են եղել հնդեվրոպացիները, որտե՞ղ են ապրել, և  ներկայիս ո՞ր ազգերն են սերվել նրանցից: Հույները, ալբանացիները, պարսիկները, հնդիկները, հայերը և այլն սերվել են մեկ ակունքից և լեզվական առումով պետք է ուսումնասիվեն այդ ակունքները: Հաջորդ շատ կարևոր հարցը հնագիտական ուսումնասիրությունն է: Ինչ վերաբերում է հայերին, կարելի է ասել, որ Հայաստանը մի ամբողջ թանգարան է, և տարբեր վայրերի պեղումներից տարբեր պատմական  շերտեր են բացվում: Օրինակ, անցյալ տարի սեպտեմբեր ամսին UCLA-ի և Հայաստանի հնագիտության ու ազգագրության ինստիտուտի համատեղ ջանքերով Նորավանքի տարածքում պեղումների ընթացքում հայտնաբերվեց մի  քարանձավ, որում կային  5-րդ հազարամյակին պատկանող հայկական մշակութային արժեքներ, ուստի դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի հնագետներն ու լեզվաբանները կկարողանան ավելի հստակ ներկայացնել փաստերը:

–         Արդյո՞ք հայերի տեղաբնակներ լինել-չլինելու հարցը քննարկման առարկա դարձնելը ադրբեջանա-թուրքական հերթական  պատվեր չէ

–         Ես փաստեր չունեմ, որ դա կարող է թուրքական պատվեր լինել, բայց գիտությանը վաղուց հայտնի է, որ թուրքերը այս տարածաշրջանում հաստատվել են, ընդամենը,  մեր թվարկության 11-րդ դարում: Բայց եթե անգամ Թուրքիայի կողմից  ծավալվի նման հակահայկական  շարժում, որի նպատակը Ղարաբաղյան խնդրի կամ Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա  ազդեցություն ունենալն է, ապա կասկածից վեր է, որ այն  լուրջ ազդեցություն չի ունենա, քանի որ միջազգային ատյաններում Ղարաբաղյան հարցը դիտարկվում է որպես քաղաքական, այլ ոչ թե էթնիկ հարց: Ուստի , այսօրինակ փաստերը,  նույնիսկ եթե ադրբեջանական  կամ թուրքական դիվանագետները փորձեն օգտագործել, ոչնչի չեն հասնի: Ցեղասպանության հարցի շուրջ ընթացող գործընթացներում ևս թուրքերի կողմից այդ հարցը շահարկելը անլուրջ է, և գիտնականների շրջանում կարող է ծիծաղ առաջացնել, քանի որ այն ոչ մի կապ չունի  մեր թվարկությունից առաջ 5-րդ հազարամյակի հետ,  իսկ այն, որ Թուրքիայի նորագույն ժամանակաշրջանում հայերի Ցեղասպանութուն իսկապես տեղի է ունեցել, վկայում են  շատ փաստեր, որոնք ապացուցում են, որ  ցեղասպանությունը` որպես պատմական փաստ, իրողություն է:

–         Միտում չե՞ք տեսնում, որ սրանով փորձ է արվում թուրք կամ այլազգի երիտասարդ սերնդին պատմական փաստերից շեղել և  այլափոխված տեսակետներ շրջանառել:

–         Գիտության նպատակն առաջին հերթին ճշմարտություն  փնտրելն է և որևէ կեղծիք անհանդուրժելի է, քանի որ ցանկացած տեսակետ պետք է  շրջանառվի,  ի հայտ բերվեն հիմքերն ու ապացուցվեն, հակառակ դեպքում այն անընդունելի է: Իսկ միտումնավոր կատարված քայլերը, որոնք նպատակ ունեն խեղաթյուրելու փաստերը, անպայման պետք է հրապարակավ հերքվեն:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`