Էստոնիայի նախագահ. «Վրաստանի տարածքային ամբողջականությունը առայժմ չի կարող վերականգնվել»
Վրաստանի տարածքային ամբողջականությունը մոտակա տարիներին չի կարող վերականգնվել, ուստի, Վրաստանը պետք է «ռազմավարական համբերություն և երկրի հաջող կառուցման հետևողականություն դրսևորի»,- հունվարի 20-ին հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս աշխատանքային այցով գտնվում էր Տալլինում:
«Ուժերի ծախսումն այնպիսի հիմնախնդիրների լուծման վրա, որոնք մոտ ապագայում հնարավոր չէ լուծել, անարդյունավետ կլինի»,- նախագահ Իլվեսի խոսքերն են հաղորդում նրա մամուլի ծառայությունից: «Շատ երկրներ, այդ թվում Վրաստանի դաշնակիցները, գիտեն, որ անարդարությունը կարող է որոշ ժամանակ գերիշխել, սակայն պատմությունն իր հնարավորությունների պատուհաններն ունի, որոնք մեկ անգամ բացվում են, իսկ հետո՝ փակվում, ուստի, մենք պետք է պատրաստ լինենք ու սպասենք դրանց բացմանը՝ այդ պահը որսալու անհրաժեշտ իմաստություն ցուցաբերելով»,- ասել է Էստոնիայի նախագահը: Նա կրկին հաստատել է Էստոնիայի և Եվրամիության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հայտարարելով, որ իրենք երբեք չեն ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:
Ռուզաննա Ավագյան
ArmAr.am












