Հետաքրքրությունների ու շահերի բախում Ղարաբաղի շուրջ
Շարունակում ենք ներկայացնել ռուս վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովի մեկնաբանությունները Ղարաբաղի խնդրի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կճանաչե՞ն ԼՂՀ անկախությունը
Երբ Մայնդոֆում 2008թ նոյեմբերի 2-ին ստորագրվեց հայտնի հռչակագիրը, և երբ պայմանավորվեցին, որ անհրաժեշտ է Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանն առաջինը խախտեց համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ադրբեջանցիներին Նոր տարվա առթիվ շնորհավորելով՝ Իհլամ Ալիևն իրեն թույլ տվեց հայտարարել, որ Ղարաբաղի խնդիրը պատրաստ է լուծել ուժային մեթոդներով, որ Ղարաբաղը կվերադարձվի պատերազմի ճանապարհով։ Այս հայտարարությունը Մայնդոֆի համաձայնագիրը կասկածի տակ դրեց։ Այսինքն՝ Ալիևը դրանով փաստորեն ընդգծեց, որ ինքը խաղաղ բանակցությունների չի գնա։
ԱՄՆ-ին ձեռնտու չէ Ադրբեջանի նման դիրքորոշումը, ուստի Ադրբեջանին զգուշացրին և հասկացրին իրենց դժգոհությունը։ Ավելին, ԱՄՆ-ն նախազգուշացրեց, որ եթե Ադրբեջանը փորձի հարձակվել Ղարաբաղի վրա, ապա ԱՄՆ-ն առաջինը Ղարաբաղը որպես անկախ պետություն կճանաչի։ Սա մի քիչ զսպեց Ադրբեջանին։ Ռուսաստանի խնդիրը ևս այն է, որ Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծվի։ Բացի այդ, Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը որպես ինքնուրույն, անկախ պետություն տեսնել։
Ինչո՞ւ է շտապում ԱՄՆ-ն
Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ռուսաստանի կողմից իրատեսական է։ Սակայն թե ինչպե՞ս դա տեղի կունենա, առայժմ չեմ կարող ասել։ Կարող եմ ասել միայն, որ հիմա ԱՄՆ-ն նույնպես հակված է ԼՂՀ ճանաչմանը. միանշանակ է, որ նրանք ուզում են, որ Ղարաբաղն ինքնուրույն պետություն լինի. Իհարկե, այդտեղ ունենալով իրենց նպատակներն ու շահերը։ Թե ի՞նչը կլինի դրա գինը, չգիտեմ, բայց ԱՄՆ-ն կփորձի այնպես անել, որ Ռուսաստանը նպաստի դրան։ Ուղղակի չեմ կարող ասել, թե արդյո՞ք Ռուսաստանը կգնա նրան, որ Ղարաբաղին ու Հայաստանին համոզի վերադարձնել ազատագրված տարածքները։ Դա կնշանակի դավաճանել Ղարաբաղի ժողովրդին, ինչին, իմ կարծիքով, Ռուսաստանը դժվար թե գնա։
Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը կարող է շատ արագ կատարվել, քանի որ ԱՄՆ-ն շատ է շտապում։ Ինչո՞ւ։ Որովհետև ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակվելու համար որոշակի ժամանակ է նախանշել` 2012-13թթ։ Նպատակն այն է, որ Ղարաբաղի ազատագրված տարածքներից հնարավորություն ունենան Իրանի վրա հարձակվել նաև ցամաքից։
Խնդիրը չափից ավելի բարդ է. մի կողմից, բոլորը շտապում են, մյուս կողմից, Ղարաբաղի խնդիրը հենց այնպես լուծվել չի կարող։
Թուրքիան Ադրբեջանն իր հսկողության տակ է պահում, որովհետև…
Ի սկզբանե Թուրքիան չէր ասում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է կապվել Ղարաբաղի խնդրի հետ։ Սակայն հանկարծ Թուրքիայի դիրքորոշման մեջ կարծես ամեն ինչ փոխվեց, և Թուրքիան սկսեց հայ-թուրքական սահմանի բացումը կապել Ղարաբաղի խնդրի լուծման հետ։ Կարծում եմ, դիվանագիտական այդ խաղը դեռ կշանունակվի. պատճառն այն է, որ մի կողմից, Թուրքիան ուզում է օգնել Ադրբեջանին, մյուս կողմից, ուզում է մեծացնել իր առանց այն էլ մեծ ազդեցությունն Ադրբեջանում։ Թուրքիայի ցանկությունն այն է, որ Ադրբեջանը «պոկի» Իրանից։ Իրանցիներն ու ադրբեջանցիները, ինչպես գիտեք, շիաներ են, թուրքերը՝ սյունիներ։
Մեկ տարի առաջ Իրանում սովորող ադրբեջանցի ուսանողները հետ կանչվեցին Ադրբեջան, հետո ուղարկվեցին Թուրքիայում սովորելու։ Իմ կարծիքով, Թուրքիան մտածված կերպով սյունիացնում է Ադրբեջանը։ Թուրքիան չի էլ թաքցնում, որ այդ նպատակին հասնելու համար մեծ փողեր է ներդնում։ Սակայն… ադրբեջանա-թուրքական հարաբերություններում բավականին շատ են «ստորշրջյա հոսանքներն» ու խութերը։ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի մոռացել այն, որ Հեյդար Ալիևի ջանքերով ստեղծվեց «Քրդական աշխատավորական» կուսակցությունը։ Թուրքիան չի ուզում դրա կրկնությունն ունենալ, դրա համար ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանն իր հսկողության տակ միշտ լինի։
Ռուսաստանը Թուրքիայի հետ իր հարցերը կլուծի ոչ Հայաստանի հաշվին
Հայաստանում հիմա այնպիսի տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանը դավաճանում է Հայաստանին, որ Թուրքիայի հետ բանակցություններ է վարում, որ… Ռուսաստանը Հայաստանը չի փոխի Թուրքիայի հետ լավ հարաբերությունների հետ։ Ռուսաստանը Թուրքիայի հետ իր հարցերը կլուծի ոչ Հայաստանի հաշվին։ Ռուսաստանին բավարարում են Թուրքիայի հետ ունեցած հետաքրքրությունները. Ռուսաստանը Թուրքիայի հետ իր խնդիրներն է լուծում, որոնք ոչ մի դեպքում Հայաստանի հետ չեն կարող կապակցվել։
Ճշմարտության ճանապարհն առայժմ փակ է
Սումգայիթում ու Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների միջև երկու տարվա ընդմիջում չի եղել. Սումգայիթը սկսվել է 1988թ. և մինջև Բաքվի ջարդերն ընկած երկու տարիների ընթացքում՝ մինչև 1990թ., Ադրբեջանում անընդմեջ տեղի են ունեցել հայերի սպանություններ։ Այդ ընթացքում ադրբեջանցիներն ամեն կերպ հայերին նվաստացրել են, նրանցից խլել են տներն ու բնակարանները… Խնդիրն այն է, որ մամուլում այդ ամենը չի արծարծվել, այն քողարկվել է։ Բայց փաստ է, որ այդ ամենն անընդմեջ տեղի է ունեցել, դա այն դասն էր, որ յուրացնում էին ադրբեջանում գոյություն ունեցող բանդիտական խմբավորումները, որոնք այդ կերպ պրակտիկա, ստաժավորում էին անցնում, որպեսզի այդ ամենը ակտիվորեն օգտագործեն։ Եվ դա կատարվում էր Միխայիլ Գորբաչովի համաձայնությամբ ու թողտվությամբ։ ԿԳԲ-ն նրան այդ ամենի մասին, անշուշտ, տեղեկացրել է, սակայն խնդիրն այն է, որ արխիվները փակ են, և մենք չենք կարող դրանք ուսումնասիրել ու ապացույցներ ներկայացնել։ Բայց մի բան հաստատ է.Գորբաչովն այդ ամենի մասին տեղեկատվություն ստացել է, բայց նրան ձեռնտու էր այդ խառնաշփոթը։
Կատարվածը ճիշտ ներկայացնելու համար շատ լուրջ ուսումնասիրություն պետք է կատարվի։ Դա պետք է անի Հայաստանը ու պետք է շատ լուրջ վերաբերվի այդ խնդրին։ Պետք է ոչ թե առանձին, մաս-մաս ուսումնասիրություններ կատարվեն, այլ օր օրի, ժամ ժամի, րոպե րոպեի հետևից պետք է վերականգնել իրադարձությունների ընթացքը։ Մենք պետք է իմանանք, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանի, Հայստանի և ԼՂՀ ինքնավար մարզի տարածքում։ Ադրբեջանն այսօր ինչ-որ պահանջներ է առաջ քաշում, ինչ-որ մեղադրանքներ ներկայացնում, իսկ դրանց պատասխանելու, հակադարձելու ոչինչ չկա։ Բայց պետք է պատասխանել և պետք է պատասխանել փաստարկներով։ Շատ կարևոր է, որ ճշմարտությունը բոլորն իմանան ։
ArmAr.am












