Գլխավոր » Լրահոս

Բաց նամակ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին

Հունվար 22, 2010թ. 13:00

1275240487Ինչպես հիշում եք, անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր պետական այրերը, առանց ժողովրդի ձայնը լսելու, զինանշանից դեն նետեցին Հայոց լեռնաշխարհի արքա Արարատ լեռան պատկերը։ Կարծում եմ, որ այդ քաոսային օրերին, իհարկե, ձեր աջակցությամբ, թույլ տվեցինք դիվանագիտական կոպիտ վրիպում, եթե ոչ հայրենապղծություն, այն պարզ պատճառով, որ ինքներս, առանց արտաքին ճնշման, հրաժարվեցինք Արարատ լեռան պատկերից։ Դուրս է գալիս, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը զինանշանի ընդունման հարցում ավելի հեռատես ու մտահոգված էր Արեւմտյան Հայաստանի հարցով, քան մենք, որ անկախություն ձեռք բերեցինք, կենաց ասեցինք, ուրախացանք եւ Մասիսը… ուրացանք։ Ավելին, նույնիսկ այդ խայտառակ սխալից հետո, առանց խղճի խայթի, Մայր օրենքում նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը, ցավոք, տեսողական խաբկանք է, ոչ թե իրականություն։ Ստացվում է, որ մենք ինքներս մեզ ենք խաբում, թուրքերին էլ ուրախացնում։ Համոզված եմ, որ ոչ ոք, ինչպես նաեւ Սահմանադրության հեղինակները գործող զինանշանում չեն կարող տեսնել Մասիսի արքայական պատկերը։ Եկեք ուղղակի տարբերենք դառը ճշմարտությունը այն քաղցր ստից, որի մասին նշված է Սահմանադրությունում։ Անշուշտ, ներկայիս զինանշանը եւս գալիս է մեր պատմության խորքերից, գրավիչ է, գեղեցիկ, սակայն տեսողական առումով այն ոչ մի հայրենասիրական զգացմունք չի արթնացնում, ազգային ոգեշնչող տրամաբանություն չի ստեղծում, բովանդակությամբ էլ, ցավոք, ոչինչ չի հիշեցնում հայրենահալած հայ ժողովրդի ճակատագրական անցյալի մասին։ Այսօր Թուրքիան մի կողմից ձգտում է դիվանագիտական կապեր ստեղծել Հայաստանի հետ, որպեսզի Եվրամիության անդամ դառնա, մյուս կողմից չարամտորեն խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Սակայն որքան էլ նրանք խոչընդոտեն, միեւնույն է, արդյունքի չեն հասնի, քանի որ նրանք քաջ տեղյակ են Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարության մասին, երբ վերջինիս դատապարտում էին որպես մարդասպանի, սակայն դատարանի դահլիճից ազատ արձակվեց որպես մեղադրող։ Նրանք, անկասկած, լավ էլ հիշում են, որ ֆաշիստական Գերմանիայի տապալումից հետո սովետական զորքերը մտնելու էին Թուրքիա, որպեսզի ազատագրեին զավթված հայկական մարզերը, անգամ նշանակված էին այդ տարածքների ապագա ղեկավարները, իսկ թուրքերը խուճապահար հետ էին քաշվել, լքել էին այդ տարածքները եւ պատրաստ էին առանց դիմադրության վերադարձնել գերված տարածքները։ Նրանք լավ գիտեն, որ Ծիծեռնակաբերդի` Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը օտարները ընդունում են նաեւ որպես օսմանյան կայսրության պատմության ամոթանքի հուշարձան։ Այսօր նույնիսկ թուրք հասարակության ներկայացուցիչներն են դատապարտում իրենց հայրենակիցներին Ցեղասպանության փաստը ժխտելու համար։ Վերջապես, Թուրքիան լավ էլ գիտակցում է, որ ագրեսիվ ժողովուրդ չի լինում, լինում է ագրեսիվ քաղաքականություն, որին, ցավոք, մենք զոհ գնացինք, այն էլ Օսմանյան կայսրության բարբարոս քաղաքականության պատճառով, ոչ թե թուրք ժողովրդի կամքով։ Այնպես որ, եկեք դիվանագիտական կապեր հաստատենք, հարեւանություն անենք, սակայն մեր սերունդների հայրենասիրական զգացմունքները չկոտրենք, որպեսզի նրանք ոչ թե տարին մեկ, այլ մշտապես հիշեն այն անմեղ զոհերին, որոնք իրենց հայրենիքի զավթման պատճառով նահատակվեցին եւ գերեզման էլ չունեցան հայրենի հողում։ Հարգելի պատգամավորներ, ազգանպաստ մեծ գործ կլիներ ձեր կողմից նաեւ, եթե Երեւանում տեղադրվեր 20-րդ դարի համաշխարհային գրական ասպարեզում ճանաչված դեմքերից մեկի` գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելի արձանը։ Մի մարդու, որն իր պատմավավերագրական «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպով առաջինը արձագանքեց Օսմանյան կայսրության բարբարոսությանը եւ գրեթե մեկ միլիոն տպաքանակով աշխարհի 36 լեզուներով Հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը ներկայացրեց համայն մարդկությանը։ Նույնիսկ Վիեննայում մեծ տպաքանակով վեպը լույս տեսավ որպես գրպանի գիրք, իսկ չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը նույն թեմայով ստեղծեց սիմֆոնիա եւ օպերա։ Եթե այսօր մեծ հումանիստը հրաշքով կենդանանար, անշուշտ, մի նոր վեպ եւս կծնվեր այս անգամ արդեն սումգայիթյան բարբարոսության մասին, ինչի շնորհքը, ցավոք, մենք չունեցանք։ Մենք պարտավոր ենք ոչ թե մերկ խոսքերով հարգել գրողին, այլ գործնականորեն գնահատել նրա մարդկային բարձր արժանիքները, եթե իրոք մեզ բարեկիրթ ազգ ենք համարում։ Քաղաքականության մեջ ոչինչ այնպես բարձր չի գնահատվում եւ պարզությյամբ աչքի ընկնում, ինչպես մարդասիրությունը։ Եկեք ուղղակի գնահատենք ոչ միայն մեր մեծերին, այլեւ օտարների։ Վերֆելը` որպես հայ ժողովրդի մեծ բարեկամ, արժանի է այդ հարգանքին եւ ճիշտ կլիներ, եթե ձեր աջակցությամբ սեպտեմբերի 10-ին նրա ծննդյան 120-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքում տեղադրված լիներ նրա արձանը ապացուցելով ողջ աշխարհին, որ մենք հայերս ոչինչ չենք ուրանում, գիտենք ե՛ւ գնահատել, ե՛ւ հատուցել։

Հարգանքով՝ էֆրիկ Ավետիսյան իրավաբան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն