Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Թուրքիայում բացահայտվել է զինվորական հեղաշրջման նոր գաղտնի ծրագիր

Հունվար 22, 2010թ. 13:34

315621258795665Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվել է նոր սկանդալային տեղեկություն: «Taraf» թերթը բարձրաձայնել է Թուրքիայում զինվորական հեղաշրջում իրականացնելու նոր ծրագրի մասին:

Աղբյուրի համաձայն` 2002 թվականին, երբ իշխանության է եկել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, անմիջապես հետո որոշ գեներալներ զինվորական հեղաշրջման ծրագիր են պատրաստել, որը կոչվել է 1971 թվականին հեղաշրջման հայտնի օպերացիայի անունով` «Բալյոզ»: Ծրագրի նպատակը «ԱԶԿ»-ին իշխանությունից հեռացնելն էր:

Ծրագրի համաձայն` երկրում նախ պետք է ստեղծվեր քաոսային իրավիճակ, ռմբահարվեին ինքնաթիռներ, պայթեցվեին մզկիթներ: Այնուհետև օգտվելով անկայուն իրավիճակից, իրականացվեր իշխանափոխություն: Օպերացիայի ընթացքում պետք է օգտագործվեին նաև պայթուցիկներով բեռնված մեքենաներ:

«Թարաֆ» թերթի թղթակից Մեհմեթ Բարանսուն իշխանափոխության ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկությունը 4 խտասակավառակների (CD) տեսքով հանձնել է Ստամբուլի գլխավոր դատախազությանը: Սկսվել է հետաքննություն:

Նշենք, որ սա պետական հեղաշրջում իրականացնելու գաղտնի գործողությունների հերթական ծրագիրն է: Ավելի վաղ բացահայտվել և ավելի քան երկու տարի շարունակվում է «Էրգենեքոնի» գործով դատավարությունը, որը ևս նույնաբովանդակ է:

Հիշեցնենք, որ վերջին 40 տարիների ընթացքում Թուրքիայում զինվորականներն իրականացրել են 4 ռազմական հեղաշրջում. 1960թ.,1971թ., 1980թ., և 1997թ., երբ թուրքական բանակի գլխավոր շտաբը ստիպեց հրաժարական տալ այն ժամանակվա վարչապետին, իսլամիստների առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանին:

Ըստ ամենայնի` Թուրքիայում ներկայումս հասունանում է զինվորական հեղաշրջումը: Քանի որ զինվորականները սահմանադրորեն իրավասու են միջամտել պետական գործերին, երբ խոսքը գնում է քեմալական պետության հիմքերի սասանման մասին: Այդ մասին ամրագրված է Թուրքիայի սահմանադրության 111 և 118 հոդվածներով:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն